Մեկնաբանություն

01.02.2012 19:31


«Ընդմիշտ» Վովա

«Ընդմիշտ» Վովա

«Ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները լծվել են ոստիկանապետ Վովա Գասպարյանի «ամենակարող» իմիջը կերտելու գործին։ Ըստ նրանց՝ Վովան «կինոյի մեջի տղան է», ով, պարզվում է, ինչ որ տարածքներ է ազատագրում, տարածքներն այդ ԲՀԿ–ից խլում Սերժ Սարգսյանին է տալիս և այլն։ Նրա այդ քայլերի վրա «սուպերմենական» թեմաներով անեկդոտներ են տարածվում, որից հետո ինքը դեմ չի լինում այդ անեկդոտների ենթատեքստերի հետ։ Մի խոսքով՝ Վովան իրեն հատուկ բարդույթներից ելնելով ֆիքստուլանում է՝ ևս մեկ անգամ հաստատելով իր տեսակի շուրջ պտտվող ուրիշ թեմաներով անեկդոտների ճշմարտացիությունը։ Ինչևէ։

Նախագահականից կառավարվող թերթերից մեկում նշվել էր, թե իբր Վովա Գասպարյանը ոստիկանության «6»–ի պետ Գագիկ Ավետիսյանին ասել էր ոնց որ «կոկա–կոլան» լինես, որովհետև ընդմիշտ ես՝ ակնարկելով, թե երկար տարիներ այդ պաշտոնում ես։

Նկատենք, որ եթե խոսք է գնում ընդմիշտի մասին, ապա Վովան էլ, պատկերավոր ասած, պակաս «կոկա–կոլան» չէ։ Նա էլ «6»ի Գագիկի պես հաջողացրել է երկար ժամանակ մնալ պետական ապարատի վերին օղակներում։

Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք Վովան ահագին «պռախոդ» ստացավ ու դարձավ Ռազմական ոստիկանության ղեկավար։ 1999–ի հոկտեմբերի 27–ին, երբ սպանվեց Վազգենը, Վովան սկզբում իրեն ներկայացրեց որպես Վազգենի արյան տեր կանգնող, և սկսեց էմոցիոնալ շոուներ բեմադրել քաղաքական ու զինվորական տիրույթներում։ Մեկ–երկու օր անց, սակայն, նա արագ «սալտո» տվեց և մնաց պաշտոնին։ Ըստ տարածված լուրերի՝ նա «ինդուլգենցիա» էր խնդրել՝ «Հաչան շունը չի կծում» ինքնանվաստացնող ձևակերպումն օգտագործելով։

Հիմա, երբ Սերժ Սարգսյանն ուզում է երկրի տնտեսությունն իր ձեռքը հավաքել ու միահեծան իշխանություն ունենալ, Վովան դարձել է «մոլի» սերժական ու ԲՀԿ–ի դեմ է աշխատում՝ փաստացի «վա բանկ» գնալով։

Թե որտեղ կլինի և ինչպիսի ճակատագրի կարժանանա Վովա Գասպարյանն առաջիկա ԱԺ ընտրություններից հետո, կարելի է միայն ենթադրել, բայց դատելով տեղի ունեցող զարգացումներից՝ Վովայի ընդմիշտությանը վերջ կտրվի։ Ընդ որում՝ Վովան անհանդուրժելի և անընդունելի կդառնա քաղաքական պայքարի ցանկացած արդյունքի պարագայում։ Կվերարտադրվի Սերժը՝ Վովային օգտագործելու կարիք այլևս չի լինի և փեսայական լրատվամիջոցները կպախառակեն «աստվածավախ» Վովային մինչև վարդապետի խազը։ Չի վերարտադրվի Սերժը՝ նոր իշխանությունն առավելևս Վովայի կարիքը չի ունենա։ Այնպես որ գալիս է Վովայի ընդմիշտության «դարաշրջանի» ավարտը։ Շոուն այլևս չի շարունակվելու։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ. Վովայի ամենակարողության մասին միֆեր տարածելը նախագահականի համար ունի շատ գործնական նշանակություն։ Սերժի թիմը հասկանում է, որ ընտրական գործընթացի ժամանակ պետք է հիմնվի բացառապես ընտրակեղծիքների և հետընտրական ընդվզումները ճնշելու վրա։ Այդ ամենն ապահովելու համար էլ փչում են վովայական փուչիկը, որպեսզի նրա ձեռքերով համապատասխան խնդիրներ լուծեն, որից հետո Վովան արդեն դուրս կգրվի։ Այսինքն՝ Վովան հիմա դառնում է Սերժի միակ հենարանը։ Բայց նկատենք՝ Վովան է հենարան, այլ ոչ թե ոստիկանությունը, որի միջին ու ստորին օղակները ոչ պակաս են զզված վարչախմբից և, հետևաբար, հրամանները չեն կատարվելու։

Այս խորագրի վերջին նյութերը