Կարծիք

30.01.2012 19:03


Դեկանը, 6-րդ վարչությունն ու Բաղրամյան 26-ը

Դեկանը, 6-րդ վարչությունն ու Բաղրամյան 26-ը

«Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում կաշառակեր դեկան է ձերբակալվել»,–այս հաղորդագրությունն այնպիսի արձագանք ստացավ մամուլում (մեծ հավանականությամբ Բաղրամայան 26-ից թելադրված հրահանգով), որ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը դարի կոռուպցիոն գործարքն է բացահայտել, որով ջախջախիչ հարված հասցվեց Հայաստանում խոր արմատներ ունեցող կոռուպցիային և կաշառակերությանը: Հակակոռուպցիոն այս պրիմիտիվ ակցիան կամ թամաշան այդքան զավեշտալի չէր լինի, եթե քաղաքական երանգներ չունենար (ամենայն հավանականությամբ):

Կոռուպցիան և կաշառակերությունը միանշանակ դատապարտելի երևույթներ են և պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ: Սակայն արի ու տես, որ Սերժ Սարգսյանի թիմն այս հանգամանքն օգտագործում է ընտրովի սկզբունքով՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ կոռուպցիան մեր պետական համակարգի բաղկացուցիչ մասն է ու այնքան բաղկացուցիչ, որ սկսել է ձեռնտու լինել թե՛ քաղաքացիներին, թե՛, բնականաբար, չինովնիկներին բյուրոկրատական ավելորդ քաշքշուկներից խուսափելու և, այսպես ասած, գործերն արագացնելու իմաստով: Հազիվ թե այդ մասին տեղյակ չլինեն կոռուպցիայի դեմ իբր դաժան պայքար մղող մեր իշխանությունները: Ավելին՝ հասարակության շրջանում շատ լուրջ կասկածներ կան, որ կոռուպցիան խրախուսվում է ամենաբարձր իշխանավորների կողմից. միլիոնավոր դոլարների հասնող ստվերային շրջանառությունն ինչ–որ մեկը պետք է վերահսկի, չէ՞:

Հիմա անդրադառնանք Գյումրու մանկավարժական ինստիտուտի դեկանի գործին: Շատ տարօրինակ զուգադիպությամբ ձերբակալություն է իրականացվում այնպիսի բուհում, որի ղեկավարը ԲՀԿ կուսակցության անդամ է և  այդ կուսակցության պատասխանատուն թիվ 33 ընտրատարածքում: Կուզենայի հավատալ, որ սա միայն պատահականություն է, սակայն տրամաբանությունը և իշխանությունների գործելաոճն այլ բան են ասում:

Դեկանի ձերբակալության մանրամասները ցնցող են: Պարզվում է, որ դեկան ձերբակալելու համար մայրաքաղաքից գործին խառնվել է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը: Մեր ունեցած տեղեկություններով՝ Գյումրու ոստիկանությունը նույնիսկ տեղյակ չի եղել, որ ձերբակալություն է սպասվում, և ձերբակալված դեկանին միանգամից տեղափոխել են Երևան: Այդ ի՞նչ մասշտաբի կաշառակերների ցանց է բացահայտվել, որ գործին խառնվել են «6-ի» տղերքը:  Իսկ կաշառակեր դեկանից բողոքողն էլ Արմավիրի բնակիչ է. երևի գյումրեցիների շրջանում համապատասխան գործիք չեն գտել: Գործողության հեռահար նպատակները կարելի է կռահել: Եթե բուհերում կաշառակերներին վերացնելու այդպիսի բուռն ցանկություն կա, ապա մի քիչ ավելի ուշադիր լինելու դեպքում հավանաբար Գյումրու յուրաքանչյուր բուհում երևի թե կարողանաք օրական մի քանի դեկան ու դասախոս ձերբակալել: Իսկ եթե այդ տեմպերով շարունակեք, կարող եք ձերբակալել պրոֆեսորադասախոսական հատվածի մոտ 90 տոկոսին: Եթե բարձրագույն ուսումնական հաստատություններում կոռուպցիան և կաշառակերությունն այդքան արմատավորված են, ապա մեղավորը ոչ թե առանձին դեկաններն ու դասախոսներն են, այլ հովանավորվող կոռուպցիոն բուրգը: «Ձուկը գլխից է հոտած» ժողովրդական խոսքն այս պարագայում առավել քան տեղին է:

Այն, որ նախընտրական շրջանում Բաղրամյան 26-ից նախաձեռնել են պետական համակարգի այլասերման օպերացիա, այլևս կասկածից վեր է: Պետական համակարգի առանձին տարրեր իրենց օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու փոխարեն զբաղված են բարձրագույն իշխանության նեղ անձնական շահերի սպասարկմամբ, և այս համատեքստում ՀՀ ոստիկանությունը կարծես թե քաղաքական պատվերներ կատարելու առումով դրոշակակիր է: Որոշ պաշտոնյաներ հավանաբար մոռանում են, որ ընտրություններից հետո կյանքը շարունակվում է:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը