Կարծիք

28.01.2012 17:46


Ունենք ընդամենը երկու ճանապարհ

Ունենք ընդամենը երկու ճանապարհ

Հայաստանը բավական հետաքրքիր երկիր է` բավական ինքնատիպ դրսեւորումներով: Ինքնատիպ է նաեւ հայաստանյան քաղաքական դաշտը: Քաղաքական գործիչներ կան, որոնք երբ խոսում են եւ այս կամ այն հարցի շուրջ դատողություններ անում, ապա նրանց առանց այն էլ ոչ բարձր վարկանիշը կտրուկ անկում է ապրում: Քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ էլ կան, որոնց վարկանիշն աճում է, երբ խոսում են այլ քաղաքական գործիչներ, որոնց լսելուց հետո ժողովուրդը համակրանքով է լցվում այլ կուսակցությունների կամ քաղաքական գործիչների հանդեպ;

Հանրապետականների վարկանիշը բարձր չէր մի շարք հասկանալի պատճառներով: Միայն այն փաստը, որ ՀՀԿ–ից են Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը (չհաշված՝ ՀՀԿ շտաբի պետի անկուսակցական տեղակալին, իհարկե) արդեն բավական է, որ այդ կուսակցության վարկանիշը ցածր լինի: Իսկ հիմա, երբ այս կուսակցության առաջնորդները ստիպված են շատ խոսել, ՀՀԿ-ի վարկանիշը շեշտակի անկում է ապրում: Հայ ընտրողը լսում է այս կամ այն ՀՀԿ-ականի ելույթը եւ հասկանում, թե ինչու ենք այսքան վատ ապրում: Այնպես որ, ՀՀԿ-ի իմիջով զբաղվողները, եթե խելացի լինեն, ապա ամեն ինչ պետք է անեն, որ ՀՀԿ-ականները հրապարակային ելույթներ չունենան կամ հարցազրույցներ չտան:

ՀՀԿ-ում համառորեն ցանկանում են իրենց համոզել, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է։ Ավելին, վարչախմբի ներկայացուցիչներին թվում է, թե ժողովուրդն այնքան միամիտ է, որ գանգրահեր Էդոյին տեսնելով ՕԵԿ-ի շարքերում չի հասկանալու, որ այս կուսակցությունը ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն է, իսկ որ ավելի կարեւոր է, տրամաբանական եզրահանգում չի անելու, որ վարչախումբը երկիրը ցանկանում է ղեկավարել նախկին ձեւերով: Զավեշտն այն է, որ վարչախումբն այնքան է կտրված իրականությունից, որ կարծում է, թե Հայաստանում ապրում է մի ժողովուրդ, որը կքվեարկի վերոհիշյալ գանգրահեր Էդուարդի արդեն հանրապետական որդու օգտին, որն այնքան հեռու է գնացել, որ համաձայն մամուլի հրապարակումների, պատրաստվում է մեծամասնական ընտրատարածքներից մեկում պայքարել պատգամավորական մանդատի համար: Հիմա պատկերացնում եք չէ, թե Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ երկիրն ինչ իրավիճակում է հայտնվել, որ նման մարդկանց թվում է, թե կարող են ծաղրի ենթարկել մի ամբողջ ժողովրդի: Իսկապես անեկդոտ է` հայրը ՕԵԿ-ական է, իսկ որդին` ՀՀԿ-ական: Կարելի է պատկերացնել, թե նրանց տանն ինչ հետաքրքիր գաղափարական վեճեր են ընթանում երկրի զարգացման հարցերի շուրջ:

Եթե Հայաստանում առաջացած չլիներ այն արժանապատիվ խավը, որն այլեւս չի ցանկանում մասնակցել իր երկրի կործանմանը, եթե տեխնոլոգիաններն այսքան առաջընթաց ապրած չլինեին, եթե չլինեին խորհրդային տարիները չտեսած երիտասարդները, որոնք արդեն բավական ակտիվ են եւ ընտրելու իրավունք ունեն, ապա շատ հնարավոր էր, որ նույն մամուլի հրապարակումների համաձայն, հազար դոլար պարտքից հրաժարվող եւ անմեղ մարդկանց ոտքի վրա կրակող երիտասարդը եւ  ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող նրա հայրը պատգամավոր դառնային: Հիմա այլ իրավիճակ է, եւ նման բան այլեւս չի կարող լինել: Համաձայնեք, որ հայ ժողովուրդը արժանի չի լինի անկախ պետություն ունենալ, եթե նմանատիպ մարդկանց թույլ տա պատգամավոր դառնալ եւ ծիծաղել մի ամբողջ ժողովրդի վրա:

Մեր երկիրը բազմաթիվ չլուծված հարցեր ունի, մենք հայտնվել ենք բավական ծանր իրավիճակում, որից սակայն կարող ենք դուրս գալ եւ լուծել բոլոր խնդիրները: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է կարողանանք նորմալ խորհրդարան ձեւավորել: Եթե Ազգային Ժողովը իսկապես օրինաստեղծ մարմնի վերածվի, ապա հերթով բոլոր հարցերը կգտնեն իրենց լուծումը: Իսկ ովքեր չեն հասկանում եւ չեն ցանկանում ընդունել, որ մենք թեւակոխում ենք քաղաքական նոր դարաշրջան, ապա հայտնվելու են քաղաքական դաշտից դուրս: Եւ վերջին հաշվով մենք բոլորին բացատրում եւ փորձում ենք հասկացնել, որ աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, որից Հայաստանը չի կարող խուսափել եւ եթե այսքանից հետո դեռ կան մարդիկ, որոնք այնքան ագահ են, որ իրենց ցանկություններից կուրացել են եւ խլացել, ապա արդեն այստեղ մենք ոչինչ անել չենք կարող:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը