Լրահոս

09.05.2009 15:15


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:

Այս տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության եւ հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության վերքը դեռ չսպիացած՝ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով և իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում' ստանալով թիկունքում մնացածների անձնուրաց աջակցությունը:

Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի առումն ու Արցախի ազատագրումն էր: Այդ պատերազմը պարտադրվեց հայ ժողովրդին: Մենք ոտքի կանգնեցինք՝ հանուն մեր ազատության և ինքնորոշման, կանխեցինք արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը և ոչնչացումից փրկեցինք Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը: Այս պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց սերնդեսերունդ փոխանցվող հայկյան ազատատենչ ոգու, հպարտության եւ վճռականության հարատևության մասին:

Փառք ու պատիվ հայրենիքի ազատության, այսօրվա խաղաղության համար մարտնչած ու հաղթանակած հայ քաջորդիներին, անմահություն հայրենիքի համար կյանքը նվիրաբերած հայ նահատակներին:

Այս տոնի կապակցությամբ շնորհավորում եմ խաղաղ ապրելու իրավունք վաստակած հայ ժողովրդին: Մաղթում եմ նորանոր հաջողություններ, ստեղծագործական վերելքներ ու խիզախումներ, բարեկեցություն և երջանկություն:

Այս խորագրի վերջին նյութերը