Քաղաքական

26.01.2012 13:57


Մարտուն Գրիգորյանը վստահ է, որ հաղթելու է

Մարտուն Գրիգորյանը վստահ է, որ հաղթելու է

Գյումրիում արդեն իսկ կարելի է համարել, որ ոչ պաշտոնական նախընտրական քարոզչությունը սկսված է, և հատկապես մեծամասնական կարգով առաջադրվող պատգամավորի թեկնածուները ընդգծված ակտիվություն են ցուցաբերում: Սպասվում է, որ թեժ պայքար է ընթանալու թիվ 34-րդ ընտրատարածքում: Այստեղ սուր պայքար է սպասում ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի և անկուսակցական Արման Սահակյանի միջև, ով, ըստ որոշ տեղեկութունների, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերական շրջապատից է:

Չնայած որ պաշտոնական առաջադրումներ դեռ չեն եղել, սակայն Մարտուն Գրիգորյանը «7օր»–ին տեղեկացրել է, որ այս ընտրություններում անպայման առաջադրվելու է։

–Ես չեմ կարող ընտրություններին կողքից դիտողի կարգավիճակում լինել, ես հստակ կողմնորոշվածություն ունեմ։ Պարոն Ծառուկյանի հետ քննարկումների արդյունքում եմ ես այս ամեն ինչը ասում, որ միանշանակ առաջադրելու եմ իմ թեկնածությունը 34–րդ ընտրատարածքում, մեծամասնական կարգով: Պայքարելու եմ, և իմ կատարած աշխատանքներից ելնելով՝ կարող եմ վստահաբար ասել, որ հաղթելու եմ,-ասել է Մարտուն Գրիգորյանը:

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ խոչընդոտներ կարող են լինել իր համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավանաբար նույն ընտրատարածքում իր դեմ պայքարելու է անկուսակցական, «Շիրակ» ֆուտբոլային թիմի սեփականատեր Արման Սահակյանը, ով բավականաչափ ռեսուրսների է տիրապետում և սերտ կապեր ունի իշխանության վերնախավի հետ, Մարտուն Գրիգորյանն արձագանքել է.

–Ես ևս տեղեկացված եմ խոսակցությունների մակարդակով, կոնկրետ չեմ ճանաչում այդ մարդուն։ Բաձարձակ խնդիր չեմ տեսնում։ Ճիշտն ասած՝ երբեք չեմ մտածել, որ մեր դեմ ինչ որ մեկը երբեք չպետք է առաջադրվի, նմանատիպ հիվանդությամբ մենք չենք տառապում: Պատրաստ ենք մրցակցության, իսկ վերջնական որոշումը կայացնելու է ժողովուրդը:

Նա նաև անդրադարձել է համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին՝ նշելով, որ նույնիսկ տեղի խնդիրներից դուրս գալով՝ կարելի է ասել, որ ճիշտը համամասնական ընտրակարգն է։

–Ես տեղի խնդիրներից ելնելով եմ ասում, որ ավելի ճիշտ կլիներ, որ համամասնական ընտրակարգ լիներ, քանի որ այդ ընտրակարգի դեպքում մեծ հաշվով վերանում է անհատական թշնամանքը ժողովրդի մեջ: Հիմա ընտրությունները անցնում են, սակայն երկու հզոր թիմերի մեջ տարիներ շարունակ լարվածություն է պահպանվում, մեկը մյուսի հետ բազմաթիվ խնդիրներ են ունենում: Վերջին հաշվով, տեղերում այդ երկու թիմերն էլ տուժում են,-մեկնաբանել է Աժ պատգամավորը:

Դերնկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը