Մեկնաբանություն

25.01.2012 19:52


Պեպելնիցայապետ

Պեպելնիցայապետ

Արարատցի Կարեն Խաչատրյանը դարձավ ոստիկանապետ: Տվյալ դեպքում` պեպելնիցայապետ: Ոստիկանը և ոտիկանապետը բոլոր նորմալ երկրներում բարձր կարգավիճակ է. հասարակության մեջ հարգվող և վստահություն վայելող:

Եթե մարդը դառնում է ոստիկանապետ` «պեպելնիցայական օպերացիայի» արդյունքում, ապա այդ դեպքում հասարակությունը այլ վերաբերմունք է ցուցաբերում:

Կարեն Խաչատրյանը դուրս եկավ ԲՀԿ-ի կառույցից, հետը տարավ ուղիղ 3 հոգու` այդ թվում կնոջը, հետո սկսեց հայտարարել, թե 400 հոգու համոզել է դուրս  գալ ԲՀԿ-ից:  Այս դեպքում հարցը ոչ թե քաղաքական ենթատեքստ ունի, այլ պարզ մարդկային: Ենթադրենք, տվյալ  անձին խոստացել են ոստիկանպետ նշանակել: Պայման են դրել դուրս գալ ԲՀԿ-ից: Անձը համաձայնվել է: Մեծ հաշվով, այստեղ ոչ մի կատաստրոֆիկ բան չկա: Բայց երբ նա սկսում է գլուխ գովալ, որ հետս 400 հոգու տարել եմ ու էլի տանելու եմ, դա արդեն  «անընդունելի և անհանդուրժելի»  քայլ է:

Այստեղ ծագում է միակ հարցը` «Լավ, բա մայիսից և փետրվարից հետո ո՞նց ես Հայաստանում ապրելու»: Հասկանալի է, որ հարցը բացառապես բարոյական հարթության մեջ է:

Պարզ է, որ նա 400 հոգու երբեք ոչ մի տեղ չի կարող տանել: Դա նրա մտավոր և «տանիքային» հնարավորություններից բարձր է, բայց դրանից հարցը իր արդիականությունը և ճղճիմությունը չի կորցնում:

Մեր տեղեկություններով՝ Արարատում լուրջ դժգոհություններ են սկսվել նախկին ոստիկանի և ներկայիս «պեպելնիցայապետի» պահվածքի առիթով: Սա անհանգստացրել է նաև իշխանության մի թևին, որոնք դրական չեն գանահատել «օպերացիան»:

Սպասվում է, որ մոտ օրերս հսկայական թվով արարատցիներ կանդամագրվեն ԲՀԿ-ին:

Արման Սահակյան

Հ.Գ.։ Եթե Սերժ Սարգսյանն ու իր Վովան մինի ոստիկանապետեր սարքելու գնով են ուզում ԲՀԿ–ից մարդ պոկել, ապա դա հուսահատ քայլ է։ Հայաստանում այդքան պաշտոն չկա. վերջում հո չե՞ն կարող մարդկանց ՀՀ նախագահի կամ ՀՀ ոստիկանապետի աթոռն առաջարկել՝ ԲՀԿ–ից դուրս գալու դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը