Քաղաքական

25.01.2012 15:19


Հայ ժողովուրդն ա՞յն ժողովուրդն է, որ այս անգամ էլ հավատա ՀՀԿ–ին

Հայ ժողովուրդն ա՞յն ժողովուրդն է, որ  այս անգամ էլ հավատա ՀՀԿ–ին

ՀՀԿ խմբակցության ղեկավար  Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին՝ ասել է, որ կուսակցություններն արդեն մտել են ակտիվ փուլ և փորձում են շահել ընտրազանգվածի ուշադրությունը։

Հարցին՝ արդյոք ՀՀԿ–ն ԲՀԿ–ին մրցակից համրո՞ւմ է, նա պատասխանել է, որ ինքը մրցակից է համարում բոլոր այն ուժերին, ովքեր կմտնեն ընտրապայքարի մեջ։

Մենք մրցակիցներ ենք, բայց ոչ բնավ թշնամիներ,–ասել է Գալուստ Սահակյանը։

Հարցին՝ եթե ՀՀԿ–ն մեծամասնություն չկազմի, ապա հնարավո՞ր է, որ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը չդնի իր թեկնածությունը, Գալուստ  Սահակյանը պատասխանել է, որ ՀՀԿ–ն ձգտում է առաջին տեղ գրավել, և ենթադրությունների շարքից այդ հարցի մասին չի մտածել։

Իսկ արդյոք խորհրդարանում, ասենք, 25% ձայն հավաքելու դեպքում  ՀՀԿ–ն դա պարտությո՞ւն կհամարի, Գալուստ  Սահակյանն ասել է՝ ոչ, եթե այդպես էլ առաջին տեղում իրենք լինեն։

Գալուստ Սահակյանն ասուլիսի  ժամանակ անդրադարձել է նաև  հունվարի 23–ին Սոչիում կայացած Սարգսյան–Մեդվեդև–Ալիև հանդիպմանը և նշել, որ առաջընթաց կա այն առումով, որ կողմերը խաղաղ բանակցություններ անցկացնելու  պայմանավորվածություն են ձեռք բերել։

Չնայած՝ ես այն գործիչը չեմ, որ այս անգամ էլ հավատամ  Իլհամ Ալիևին, և որպես հայտարարող կողմ՝ մտածեմ, որ պրակտիկայում Ալիևն այդ ամենը գործածության մեջ կդնի,–ասել է նա։

Այս պատասխանին հաջորդել է լրագրողի հարցը՝ իսկ արդյոք հայ ժողովուրդն ա՞յն ժողովուրդն է, որ այս անգամ էլ հավատա ՀՀԿ–ին ու ձայն տա, ինչն ասուլիսի  սրահում ծիծաղ է առաջացրել։

Գալուստ Սահակյանն էլ  դրան հետևյալ կերպ է արձագանքել.

Այս ժողովուրդը ոչ թե ՀՀԿ–ին է հավատում (և հեչ էլ պետք չի, որ  որևէ կուսակցության հավատա), այլ իր ճակատագրին, և որոնում, գտնում է այն մարդկանց, որոնք կարող են տնօրինել իր ճակատագիրը։

Հարցին՝ այսինքն, Հանրապետակա՞նն է այս ժողովրդի ճակատագիրը, Գալուստ  Սահակյանը պատասխանել է, որ կուսակցությունները ժողովրդի  համար ոչ թե նպատակ են, այլ միջոց։

–Ժողովուրդն ընտրությունների միջոցով գալիս է ու իր ձայնն է տալիս, իսկ եթե դուք չեք հավատում, ես չեմ պատրաստվում ձեզ հավատավոր  դարձնել,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը