Կարծիք

24.01.2012 15:21


Ռեժիմի ժամանակը սպառվել է

Ռեժիմի ժամանակը սպառվել է

Սերժ Սարգսյանը յուրաքանչյուր օր իր խորհրդականներից, հեռուստաէկրաններից, իր հետ հանդիպող բարձրաստիճան կամ ցածրաստիճան պաշտոնյաներից լսում է, որ Հայաստանը գրեթե վերածվել է գերտերության, և որ ամեն օր հայ մարդն իրեն ավելի երջանիկ է զգում: Բնականաբար, հոգու խորքում նա շատ լավ պատկերացում ունի, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում, բայց քանի որ պատկանում է մարդկանց այն տեսակին, որոնք ցանկանում են ապրել ոչ իրական կյանքով, ինքն իրեն համոզում է, թե ամեն ինչ լավ է, և անգամ որոշում է ամեն գնով պահպանել իշխանությունը:

Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց խնդիրը պետք է լինի անել ամեն ինչ, որ  Հայաստանը չդառնա մի խումբ արկածախնդիրների գերին, որոնք թույլ մարդկանց օգնությամբ ցանկանում են կործանել մեր երկրի ապագան:

Երևանի մոտակա բնակավայրերից մեկի ՀՀԿ գրասենյակի ղեկավարն օրերս հպարտանում էր, որ ինքը փող աշխատող տղա է և այս ընտրությունների ժամանակ ևս ակնկալում է լավ գումար վաստակել, և որ ով Հայաստանում փող չի աշխատում, անխելք է, և որ հանուն փող աշխատելու ինքը պատրաստ է համագործակցել անգամ թուրքերի հետ: Հենց նման երիտասարդների վրա էլ հենվում են նրանք, ովքեր ծրագրում են մի քանի ամիս հետո բռնազավթել խորհրդարանը և շարունակել իրենց ծրագրի իրականացումը:

Այս իրավիճակում հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ նման ձևով և նման մտածելակերպով փող աշխատող տղաները, նրանց տերերը, և նրանք, ովքեր հանուն իրենց նեղ անձնական շահերի պատրաստ են ոտնատակ անել պետության շահերը, հեռու մնան պետության կառավարումից և քաղաքական կյանքից:

Նույնիսկ դպրոցական ցածր տարիքի երեխաների համար է պարզ, թե ինչ քայլերի են դիմելու վարչախմբի ներկայացուցիչները իրենց նպատակն իրագործելու համար: Հայտնի ասացվածք կա արջի իմացած երգերի մասին: Այնպես որ, նրանք, ովքեր ցանկանում են վերարտադրվել, յոթ երգ գիտեն, յոթն էլ ընտրակեղծիքների մասին է: Այնպես որ, պետք է սպասել, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան վարչախումբը մեծացնելու է ճնշումներն իրենց հիմնական մրցակիցների նկատմամբ: Չեն բացառվում նույնիսկ ձերբակալությունները: Բայց մեկ անգամ ևս վարչախմբին հուշենք, որ գոյություն ունեն գործընթացներ, որոնք տեղի են ունենում անկախ մեր կամքից և ցանկությունից: Իսկ հիմա այնպիսի գործընթաց է, որի պայմաններում նախկին երգերն այլևս չեն օգնելու:

Կարող եք ձերբակալել, կարող եք կաշառել, կարող եք ահաբեկել, բայց բոլորին հնարավոր չէ ձերբակալել, ահաբեկել կամ կաշառել: Բոլորին հնարավոր չէ գնել հինգ կամ տաս հազար դրամով, և, վերջին հաշվով, նույնիսկ հիմա թվանկարչությունը չի օգնելու: Բանն այն է, որ իշխանություններից դժգոհների քանակը հասել է կրիտիկական կետի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս իրավիճակում քաղաքական ուժերն ավելի քան ապաշնորհ և անտաղանդ պետք է լինեն, որ չկարողանան պարտության մատնել այն ռեժիմին, որը ցանկանում է կեղծիքով և բռնությամբ պահպանել իշխանությունը:

Իշխանությանը թվում է, որ թաղի ինչ–որ տղաներ ընտրողներին տանելու են ընտրելու: Թվում է՝ թող թվա: Երազելը վնասակար չէ: Բայց այս անգամ երազանքն իրականության չի վերածվելու: Ժամանակները փոխվել են։ Քաղաքական դաշտում ստեղծվել է «կոնսենսուս մինուս մեկ» վիճակ։

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը