Կարծիք

23.01.2012 16:40


Թուլացնել մեծամասնականի «էֆեկտը»

Թուլացնել մեծամասնականի «էֆեկտը»

Համամասնական-մեծամասնական վեճի մեջ էլ մենք, երևի, կմտնենք նախընտրական արշավի փուլ: Ընդդիմությունը (եթե այս հարցում նրան նույնիսկ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն էլ միանան) խորհրդարանում չունի այնքան ուժ, որ կարողանա ԱԺ որոշում կայացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ չունի անհետաձգելի պահանջմունք փողոցներն ընկնելու և համամասնական պահանջելու, մանավանդ, որ հստակեցվեց` եվրակառույցներն էլ առանձնապես հակված չեն այս հարցում ՀՀ իշխանություններին հարկադրել ինչ-ինչ քայլեր կատարել: Մեծամասնական ընտրակարգ կա աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ, և ինչո՞ւ, եթե նրանց կարելի է, Հայաստանին չի կարելի: Եվրակառույցները, հավանաբար, հանգիստ կսպասեն մինչև ընտրություններ և կփորձեն դիտորդական մակարդակով հասկանալ, թե ինչու են այդ տարօրինակ հայերը պայքարում մեծամասնական ընտրակարգի դեմ: Նամակներով ու պահանջագրերով ծանրաշարժ եվրոպացիներին իրենց բուն գործերից չես կտրի: Ասվածի վկայությունը Պրեսկոտի` «եկա, տեսա, սեղանը ջարդեցի, Սերժին էլ ամեն ինչ պատմեցի» ծրագրով շրջագայությունն էր:

Համամասնական-մեծամասնական վեճը կդառնա՞ արդյոք ջրբաժան, կխորացնի՞, արդյոք, ընդդիմություն-իշխանություն դիմակայությունը: Անշուշտ ոչ: Ինչո՞ւ: Հարցրեք հիմնական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին` մասնակցելո՞ւ եք, արդյոք, մեծամասնական ընտրապայքարին: Բոլորի մոտ գրեթե նույն պատասխանն է` ինչո՞ւ ոչ, մեր ուժերի ներածին չափով կմասնակցենք: Կոալիցիոն ուժերը, որոնց առանձին ներկայացուցիչներ դեմ են մեծամասնական ընտրակարգին, այսօր արդեն հասարակությանը լսելի են դարձնում այն անունները, ովքեր իրենց հովանու ներքո առաջադրվելու են մեծամասնական ընտրակարգով: Սա նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգի պատճառով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ոչ մի բոյկոտ էլ չի լինի և համամասնական-մեծամասնական վեճն էլ կտրուկ ջրբաժանի ու ընդդիմություն-իշխանություն անզիջում դիմակայության առհավատչյա չի դառնա:  Այնպես որ, ՀՀԿ-ն, եթե արտառոց ոչինչ չպատահի, մեր կարծիքով, կկարողանա առանց որևէ էական փոփոխության ուժի մեջ թողնել ՀՀ գործող օրենքն ու պատգամավորների ընտրության կարգի համամասնությունը` 90-41:

Հավանաբար, այս հանգամանքը հաշվի առնելով, իշխող կուսակցության ներկայացուցիչը քաջություն ունեցավ ընդդիմության` համամասնական ընտրակարգի հայտարարություն-պահանջը պոպուլիզմ որակելու, փորձելով ձեռքի հետ էլ ժամանակի ֆակտորն օգտագործել, թե օրենքի մեջ փոփոխություն կատարելու ժամանակ չի մնացել: Բայց նա, ըստ մեզ, չարաչար սխալվում է, որովհետև, որքանով հասկացանք, ընդդիմության այս պահանջը դարձավ երկար փնտրված այն հանրահայտ ծառը, որի տակ համաձայնեցին հավաքվել գրեթե բոլոր ընդդիմադիրները, ինչու չէ, նաև կոալիցիոն կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ, ովքեր հիշեցին, որ իրենց կուսակցությունների ծրագրերում ևս համամասնական ընտրակարգի անցնելու հստակ պահանջ կա: Որքան էլ ՀՀԿ-ն փորձի «հիմնավորել» մեծամասնական ընտրակարգի «առավելություններն» ու «անհրաժեշտությունը», միևնույն է, հասարակությունն արդեն այլ կերպ սկսեց մտածել` ինչո՞ւ են բոլորը համամասնականի կողմնակից, իսկ ՀՀԿ-ն, միայնակ, չի ցանկանում ընդունել փոփոխության այդ առաջարկը: Որքան էլ հեռու լինես քաղաքականությունից, հասկանում ես, որ ՀՀԿ-ն մեծամասնականով հարց է լուծում, ընդ որում մյուսների համար անցանկալի հարց: Իսկ այդպիսին կարող է լինել նոր խորհրդարանական մանդատների հսկիչ փաթեթին հերթական անգամ տիրանալու ՀՀԿ մեծ ձգտումը, ինչը, եթե հաշվի առնենք կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ՀՀԿ-ի բազում տապալումները, չի կարող ոգևորիչ լինել հասարակության համար:

Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Խոսքը ընդդիմության անելիքի մասին է: ՀԱԿ-ն, օրինակ, հրապարակել է առաջարկությունների և օրենսդրական փոփոխությունների մի այնպիսի փաթեթ, որի միայն ընթերցումն ու քննարկումը ամիսներ կպահանջի: Պարզ է, որ խորհրդարանը ոչ մի պայմանով հանձն չի առնի քննարկել դրանք: Հակառակը կնշանակի վերադառնալ 2011թվականի մայիս-հունիս ամիսները և նոր ԸՕ ընդունել, ինչը, եկեք համաձայնենք, ներկա խորհրդարանի պայմաններում ուղղակի անհնար է: Հետևաբար ընդդիմությանը (ճիշտ կլինի այս դեպքում ասել իշխանափոխության կողմնակիցներին), մնում է միայն ներքին կազմակերպվածությամբ թույլ չտալ ՀՀԿ-ին` օգտագործել ԸՕ-ի բացերը եւ հերթական անգամ գերիշխող մեծամասնություն կազմել խորհրդարանում: Իսկ այդպիսի մի քայլ կարող է լինել, ինչու ոչ, նաև մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվելը: Բայց առաջադրվել ոչ թե ով որտեղ ուզի, ով ում դեմ ուզի սկզբունքով, այլ հստակ մշակված կարգով, այնպես, որ պայքարն ընթանա, օրինակ, ոչ թե «Ժառանգության» և ՀՀԿ-ի թեկնածուների միջև, այլ իշխանափոխության կողմնակցի և վերարտադրվել ցանկացողի միջև: Ընդդիմությունն իր դաշտում կարո՞ղ է հասնել նման կոնսենսուսի, կոնսենսուս կհաստատվի՞ իշխանություններից դժգոհ կոալիցիոն առանձին կուսակցությունների և ընդդիմության միջև այս հարցում: Եթե Ընդդիմությունն իր հաջորդ համաժողովներում կարողանա կայացնել այսպիսի համաձայնություններ, ապա կարող է բացառել կամ մինիմումի հասցնել մեծամասնական ընտրակարգի ավերիչ ազդեցությունը ապագա խորհրդարանի վրա: Իսկ դա արդեն քիչ չէ, դա արդեն դժվարին ճանապարհի այն քայլն է, որով մենք կապացուցենք, որ ցանկանում ենք լավ երկիր, զարգացող երկիր ու հայրենիք ունենալ: Իսկ ինչ վերաբերում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն, ապա նման մի ընտրությունից հետո իշխող կուսակցությունը շատ արագ կհասկանա, որ մեծամասնական ընտրակարգի մեջ չէ իր փրկությունը, այլ արդար ընտրությունների և արդար ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորելու մեջ:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը