Աշխարհ

23.01.2012 10:14


Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը մուտք է գործել Պարսից ծոց

Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը մուտք է գործել Պարսից ծոց

Ամերիկյան  «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հունվարի 22-ին Հորմուզի նեղուցով Պարսից ծոց է հասել: Ավիակիրը Պարսից ծոց է մտել մի քանի ռազմանավերի ուղեկցությամբ, որոնց շարքում ոչ միայն ամերիկյան, այլև բրիտանական և ֆրանսիական նավեր են եղել: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

«Աբրահամ Լինքոլն»-ը 2011թ. դեկտեմբերից հետո Պարսից ծոց մուտք գործած առաջին ավիակիրն է, որը փոխարինել է  ավելի վաղ այնտեղ կայանած «Ջոն Սթենիս»  ավիակրին։ Վերջինիս հեռանալուց հետո Թեհրանը Վաշինգտոնին սպառնացել էր պատասխան քայլերով, եթե մեկ այլ նավ մտնի Պարսից ծոց:

Հունվարի 21-ին Իրանը, սակայն, փոխեց իր ռազմավարությունը` կապված Արաբական ծովում և Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի տեղակայման հետ: Իսլամական հեղափոխության գվարդիայի կորպուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն այնքան էլ անսովոր չէ:

Հիշեցնենք, որ իրանական նավթի նկատմամբ բեռնարգելք կիրառելու դեպքում Թեհրանն սպառնացել է նաև փակել Հորմուզի ջրանցքը, որով անցնում է համաշխարհային նավթամատակարարման ծավալների  40 տոկոսը։ Իրանական նավթի նկատմամբ բեռնարգելքի կիրառման հարցը կարող է լուծում ստանալ այսօր` հունվարի 23-ին` ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը