Մեկնաբանություն

21.01.2012 21:04


Կոնսենսուս հանած Սերժ Սարգսյան

Կոնսենսուս հանած Սերժ Սարգսյան

ԱԺ–ի ձևավորման ընտրակարգի փոփոխության շուրջ ստեղծված քաղաքական մթնոլորտը ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները բնութագրում են որպես «Կոնսենսուս հանած 1»։ Այդ մեկն, ըստ իրենց , ՀՀԿ–ն է, որը դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը և դեմ է Հայաստանում նորմալ ընտրություններ անցկացնելուն։

Զուտ ֆորմալ առումով «Կոնսենսուս հանած 1» բանաձևի մեջ մեկի դերում ՀՀԿ–ին դիտարկելը ճիշտ է, բայց ոչ ֆորմալ առումով այդ բանաձևի հետ կապված որոշ ճշգրտումների կարիք կա։

Ավելի ճշգրիտ և իրականությունը խորությամբ բնութագրող բանաձև ներկայացնելու համար՝ նախ պետք է հստակեցնել, թե ինչ ասել է ՀՀԿ։ Իշխող ուժն այսօր այնքան թևերի է բաժանված, փեսայական լրատվամիջոցների օգնությամբ այնքան է վարկաբեկված և «մուտիլովկաների» արդյունքում այնպես է քայքայված, որ խոսել հանրապետականի մասին որպես մեկ ամբողջություն այլևս հնարավոր չէ։ Սխալ է նաև Սերժ Սարգսյանին ՀՀԿ–ի հետ նույնացնելը, քանզի տարբեր «տրամաչափի» ՀՀԿ–ականներ մեզ հետ առանց ձայնագրիչի զրույցների ժամանակ այնպիսի ձևակերպումներով են արտահայտվում Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու հատկապես նախագահի փեսա Միքայել Մինասյանի հասցեին, որ պարզապես հնարավոր չէ դրանք տպագրել։ Պատկերացնել կարելի է, թե ընտրությունների ժամանակ ու դրանից հետո ինչպիսի տհաճ անակնկալներ են սպասում այդ եռյակին։ Սերժականներին թվում է, թե իրենց արածները մարդիկ չեն նկատում, և «թիմակիցների» նկատմամբ իրականացվող նեոբոլշևիկյան քարոզը հենց այնպես մարսվելու է։

Հաշվի առնելով այդ և  մի քանի այլ հանգամանքներ՝ քաղաքական դաշտում այսօր տիրող իրավիճակին գնահատական տալիս պետք է օգտագործել «կոնսենսուս հանած Սերժ Սարգսյան» բանաձևը, քանզի դա է իրական պատկերը և պետք չէ ՀՀԿ–ն շփոթել Սերժ Սարգսյանի ու նրա փեսայատիրացուական շրջապատի հետ։

ՀՀԿ–ի առողջ և գաղափարական թևն այսօր ինքն է կրակն ընկել Սերժ Սարգսյանի «գիշերային» որոշումների ձեռքն այնպես, ինչպես տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում, և  ընդամենը ժամանակ և առիթ է պետք, որպեսզի ՀՀԿ–ում էլ իրենց հերթին բացահայտորեն առաջնորդվեն իշխող ուժի ներսում տարածված, բայց դեռևս հրապարակ չհանված «ՀՀԿ հանած Սերժ Սարգսյան» բանաձևով։

Եվ այսպես, առաջիկա համապետական ընտրություններում հնարավորինս լայն համախմբում ապահովելու համար՝ գործող ռեժիմին ընդդիմացող ուժերը պետք է տարանջատեն ՀՀԿ–ի առողջ թևը Սերժ Սարգսյանի գլխավորած օլիգարխիայից և, գաղափարական տարաձայնություններով հանդերձ, տակտիկապես գործեն «բոլորն ընդդեմ մեկի» սկզբունքով, և որպես միասնական թիրախ ընտրեն երկրի թիվ մեկ և միակ օլիգարխին՝ Սերժ Սարգսյանին։ Դե որ Սերժ ասում ենք, ուրեմն «Արուսը», այն է՝ վարչապետը հետն է, էլի՛։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը