Մեկնաբանություն

19.01.2012 15:57


Չդիմացավ առերեսմանը, խոստովանեց «Սկումբրիևիչը»

Չդիմացավ առերեսմանը, խոստովանեց «Սկումբրիևիչը»

Ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ ակտիվանում են նաև Սերժ Սարգսյանի մանր ու միջին հաճախորդները։ Մեկը 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելն է համարում ՀՀ սահմանադրությանը հակասող, մյուսը ստանձնում է ՀՀԿ մամլո խոսնակի դերն ու մամուլի ակումբներից տուն չի գնում, իսկ մեկ ուրիշը դմփոցներ է հանում։ Նրանց բոլորի հույսն այն է, որ «ֆուտբոլասեր» նախագահը շռայլ կգտնվի և «կոռմ» կտա։

Ինչպես միշտ, տարերքի մեջ է հայտնվել Սերժ Սարգսյանի կողմից «դատարկ դհոլ» անվանված Արտաշես Գեղամյանը, ով օրերս հարցազրույց էր տվել «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներից մեկին ու իր շեֆին հաճոյանալու ցանկությունից ելնելով՝ ակամայից լույս սփռել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վրա։։

Եթե հիշում եք, 2003–ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը չգիտեր, որ ի դեմս Գեղամյանի՝ գործ ունի շարքային հաճախորդի հետ, «Ազգային միաբանության» առաջնորդն ահագին բարձր վարկանիշ ուներ։ Վարկանիշն այդ, սակայն, զիջում էր ընդդիմադիր մեկ այլ գործչի՝ Ստեփան Դեմիրճյանի վարկանիշին։ Ենթադրաբար՝ Գեղամյանը գիտեր այդ մասին և հասկանալով, որ շանս չունի՝ որոշեց իշխանությանը ծառայություններ մատուցելուց հետո միայն թոշակի անցնել՝ որոշակի միջոցներ հետ գցելու մտադրությամբ։

2003–ին բոլորի համար էլ պարզ էր, որ եթե Գեղամյանը հաներ իր թեկնածությունը հօգուտ Դեմիրճյանի կամ վերջինիս միանար ընտրությունների երկրորդ փուլում,  ապա Ռոբերտ Քոչարյանը կհայտնվեր ծանր դրության մեջ։ Եվ ահա, կանխելու համար այդ միացումը՝ իշխանությունները նախաձեռնեցին այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Արտաշես Գեղամյանի «հեռուստաբանավեճի» կազմակերպումը, որի ժամանակ Սարգսյանը «պարտվեց», իսկ Գեղամյանի վարկանիշը դրանից հետո փոքր–ինչ բարձրացավ Դեմիրճյանի հաշվին։ «Պարտվելով» հեռուստաբանավեճ կոչվածի ժամանակ՝ Քոչարյանի թիմը նպատակ ուներ կիսել ընդդիմադիր ձայները և թույլ չտալ բողոքական ընտրազանգվածի համախմբում, ինչը նրան հաջողվեց։

Այն օրերին խոսվում էր Գեղամյանի՝ իշխանությանը ծառայելու դիմաց 3 մլն դոլար ստանալու մասին։ Ավելի ճիշտ, Գեղամյանն էր անուղղակի ձևով տարածում այդ լուրը, որին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հետընտրական փուլում հայտարարեց, թե Գեղամյանն իր արժեքը մի զրո ավելի է ասում, ու այդ ժամանակ էլ ԱՄ առաջնորդին «դատարկ դհոլ» անունը կպցրեց։

«Զրոների» թեման մինչև վերջերս բաց էր մնացել, սակայն Գեղամյանը փակեց խոսակցությունները՝ ինքնախոստովանության գոհարներ շաղ տալով իր վերջին հարցազրույցում։

Բանն այն է, որ անդրադառնալով Քոչարյան–Սարգսյան ներկա հարաբերություններին՝ կերկերուն ձայնով գործիչը կոչ արեց 2–րդ նախագահին 2013–ի նախագահականի ժամանակ աջակցել Սերժ Սարգսյանին այնպես, ինչպես 2003–ին Սարգսյանն էր աջակցել Քոչարյանին։

«Ես դրա մասին կարող եմ հանգիստ խղճով հայտարարել, որ 2003 թվականին, երբ նախագահական ընտրություններին ես բավական բարձր վարկանիշով մասնակցում էի, չլիներ Սերժ Սարգսյանի աջակցությունը, լայնախոհությունը՝ Ռոբերտ Սեդրակիչը դեռ այն ժամանակ անպայմանորեն կտապալեր այդ գործընթացը և ստիպված կլիներ միայն ու միայն առանձին էլեկտրոնային կայքէջերի սատարել, անվանարկել, շանտաժի ենթարկել քաղաքական գործիչներին»,– անկեղծացել էր «Սկումբրիևիչը»։

Փաստորեն, Գեղամյանը բառացի խոստովանում է, որ ինքը Սերժ Սարգսյանի լայնախոհության շնորհիվ է իր բարձր վարկանիշը զոհել ու 2003–ին նպաստել Քոչարյանի վերարտադրմանը։ Մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում Գեղամյանը լավ կաներ, եթե նշեր, թե, այնուամենայնիվ, քանի զրոյով է համալրվել իր ընտանեկան բյուջեն Ս. Սարգսյանի լայնախոհության ու աջակցության շնորհիվ, որպեսզի «դհոլացման» այդ պատմությանը վերջակետ դրվի, ու տարատեսակ ասեկոսեներ չպտտվեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը