Կարծիք

18.01.2012 18:00


Ինչ կլինի, եթե հանկարծ...

Ինչ կլինի, եթե հանկարծ...

Հայաստանի անկախ պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքական ուժերի եւ ժողովրդի կողմից խորհրդարանական ընտրությունները կարեւորվում են ավելի քան երբեք, ինչը, բնականաբար, հունից հանում է վերարտադրվելու երազանքով ապրող վարչախմբին:

Գաղտնիք չէ, որ ընտրությունների արդյունքներն ավելի հեշտությամբ են կեղծվում, երբ քաղաքական ուժերը թույլ են, իսկ ժողովուրդն էլ՝ պասիվ: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ժողովրդի պասիվության եւ անտարբերության մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ քաղաքական առաջատար ուժերն էլ բավական ակտիվ են: Մյուս կողմից այն ուժը, որը ծրագրում է վերարտադրվել եւ ձեւավորել Բաղրամյան 26-ին հլու հնազանդ խորհրդարան, նախկինի նման ցանկանում են իրականացնել իրենց ծրագիրը` համառորեն չտեսնելով իրենց շուրջը տեղի ունեցող իրադարձությունները:

ՀՀԿ շտաբին չափից ավելի մոտ կանգնած «ցայտաղբյուրի» վերջին հայտարարությունն այն մասին, թե ՀՀԿ-ն ծրագրում է միայնակ բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում, վկայում է հենց այն մասին, որ վարչախումբը ետ չի կանգնել իր մտադրությունից ու ոչինչ չի հասկացել:

Անկախ փորձագետների գերակշիռ մեծամասնությունը հիմնավորում է, որ ստեղծված իրավիճակում, տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների պայմաններում Բաղրամյան 26-ի ծրագրերը դատապարտված են ձախողման: Իսկապես, միայն մեծ երեւակայություն է պետք ունենալ, պատկերացնելու համար, որ կարելի է թքել մի ամբողջ ժողովրդի վրա եւ հերթական անգամ կեղծել ընտրությունների արդյունքները, բայց քանի դեռ ընտրություններին մի քանի ամիս կա, փորձենք պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե հանկարծ Բաղրամյան 26-ի «ռոմանտիկները» կանգ չառնեն եւ որոշեն զբաղվել թվանկարչությամբ:

Ինչ կլինի, եթե հանկարծ ընտրությունների ավարտից րոպեներ կամ մի քանի ժամ անց Բաղրամյան 26-ի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները հուզված ձայնով հայտարարեն, որ հայ ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության օգտին, եւ որ խորհրդարանում ՀՀԿ-ն ստանում է ավելի քան 90 կամ 100 տեղ: Եթե ընտրակեղծարարները կարծում են, որ ՀՀ քաղաքացին եւ քաղաքական ուժերը կընկնեն ընկճախտի մեջ եւ կմնան հեռուստաէկրանների առջեւ, ապա սխալվում են:

Եթե Աստված չանի, նման բան լինի, ապա Հայաստանում կստեղծվի հեղափոխական իրավիճակ: Չկարծեք, թե տեղի կունենա այն, ինչ կատարվեց 2008-ի փետրվարի 20-ին: Այս անգամ դեպքերն այլ զարգացում կստանան: Բանն այն է, որ 2008-ին առկա իրավիճակից դժգոհ էր հասարակության X մասը, որոնք պատրաստ էին խաղաղ ցույցերի միջոցով վարչախմբին ստիպել անցկացնել նոր ընտրություններ: Այժմ առկա իրավիճակից դժգոհ է մի քանի անգամ ավելի շատ մարդ, քան 2008-ին: Եզրակացությունը թողնում ենք նրանց, ովքեր պատրաստվում են ընտրակեղծիքներ իրականացնել:  Քադաֆիի օրինակը շատ թարմ է, ինչը սակայն չարժե որ կրկնվի մեզ մոտ։

Մենք հարյուրամյակների ընդմիջումից հետո անկախությունը չենք վերականգնել, որ այն նվիրենք մի խումբ «ժելեած մազերով» երիտասարդներին եւ նրանց պապաներին, որ ավերեն մեր հայրենիքն ու մեր ապագան: Քաղաքական ուժերի մեծ մասը ժողովրդի աջակցությամբ բռնելու է ընտրակեղծարարների ձեռքը: Այլ տարբերակ մենք չունենք: Եթե ոմանք կարծում են, թե ընտրակեղծիքների դեպքում ոչինչ չի փոխվի եւ կպահպանվի ներկա իրավիճակը, ապա սխալվում են: Նման վատ իրավիճակ էլ չի լինելու: Լինելու է մղձավանջ: Բայց, բարեբախտաբար, իրավիճակն այնպիսին է, որ մղձավանջի մեջ են հայտնվելու նրանք, ովքեր փորձելու են կեղծիքներով կառչած մնալ իշխանությանը, իսկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը տոնելու է հաղթանակ ու իր ձեռքով կառուցելու է իր ապագան։

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը