Մեկնաբանություն

18.01.2012 09:41


Հավաստի աղբյուրի անհավաստիությունը

Հավաստի աղբյուրի անհավաստիությունը

Երկու օր է ինչ որոշ լրատվամիջոցների հավաստի աղբյուրը ընթերցողներիս ահագին երկար, երբեմն նույնիսկ քահ–քահ ծիծաղելու բազմաթիվ առիթներ տվեց։ Այդ հավաստի աղբյուրը երևի ողջ գիշեր չէր քնել և, օ՜, էվրիկա՜, որոշել էր հասարակությանն առավոտ կանուխ մի լավ զվարճացնել՝ հայտարարելով, թե լսե՜ք, լսե՜ք, ականջներիդ օղ արե՜ք, պրոֆեսիոնալ (պրոֆեսիոնա՞լ, արդեն ծիծաղելի է) սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ ՀՀԿ–ի քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնին, ու այսպիսի «ջախջախիչ» պայմաններում ՀՀԿ–ն որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի համամասնական ընտրապայքարում ու պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար:

Վայ չմեռնեք դուք ձեր հավաստի աղբյուրի հումորով ու մտքի թռիչքով։ Համաձայնեք՝ ամեն շարքային քաղաքացի չի կարող նման փայլուն ստեր հորինել և այն հանրությանը որպես բացարձակ ճշմարտություն մատուցել՝ համոզված լինելով, որ, դե, մարդիկ էշ են, հա, ինչ գրենք, կհավատան։ Ախր ա՛յ «հավաստի» աղբյուր ջան, իրականությունը խեղաթյուրելուց առաջ գոնե էնպես արա, որ սուտն այդքան ակնհայտ չլինի։ Գոնե այդ «պրոֆեսիոնալ» սոցիոլոգիական հարցման հեղինակի անունը գրի, ասենք՝ Մինաս Միքայելյան, կամ գոնե մի երկու հիմք բեր, թե, օրինակ, այդ ինչի՞ շնորհիվ է ՀՀԿ–ի վարկանիշը բարձրանում, այն էլ՝ շարունակաբար։ Հա, հասկանում եմ, նման հիմնավորումներ բերելը շատ դժվար է, որովհետև իրականում էդպիսիք չկան, բայց, դե, այս դեպքում էլ կարելի է մի քանի սուտի բան ասել (մի սուտ էս կողմ, մի սուտ էն կողմ՝ ի՞նչ է եղել որ)։

Իշխանական հավաստի աղբյուրի էս մի հումորը հազիվ էինք հասցրել մարսել, երբ «վրա հասավ» խնդալու «սլիվի» հերթական չափաբաժինը։ Նորին մեծություն հավաստի աղբյուրը որոշեց զարմացնել իր հումորի անսահմանությամբ և «գաղտնի» փսփսաց, թե ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն սկսել է, և գլխավոր ուղենիշը լինելու է ճիշտ քարոզչությունը: Այյյյյյյյյյյյյ, ես մեռաաաաաա, էլ չեմ կարողանումմմմմ....

Ու սա՞ է ՀՀԿ–ի ճիշտ քարոզչությունը, սուտի–մուտի տեղեկություններ տարածե՞լը, «մուտիլովկաներ» անե՞լը, ինչ–որ անկապ հարցումներ մեջբերե՞լը, խոսրով–մոսրովացուների միջոցով փիառվե՞լը...լավ էլի...մեղք ենք մենք...ախր էդքան ծիծաղելու համար այլևս ուժ չունենք։

Համոզված եմ, որ հավաստի աղբյուրի այդ հորովելներին, բացի այդ աղբյուրից (Հեղնար աղբյուրը հիշեցի) ու նրա նեղ շրջապատի որոշ կարիերիստներից, ուրիշ էլ ոչ ոք չի հավատում։ Բոլորն արդեն վաղուց հասկացել են, որ այդ հավաստի աղբյուրն ընդամենը մի դատարկ հավայի աղբյուր է։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը