Մեկնաբանություն

17.01.2012 15:59


Հերթական «անոնիմկան»

Հերթական «անոնիմկան»

Ամիսներ  առաջ հերթական հիստերիայի փուլում Բաղրամյան 26-ը հրապարակեց մի անանուն սոցհարցման տվյալներ, որով մատնեց իր խորքային խնդիրները: Միևնույն ժամանակ «փուռը» տվեց անկախ լրատվամիջոցի համբավ ունեցող լրատվական կայքին:

Այդ հարցումով`ԲՀԿ-ին տվել էին 1.6 տոկոս, ՀԱԿ-ին`3.3, դե իսկ ՀՀԿ–ն ինքներդ եք հասկանում, որ այդ «հարցումով» երկինք էր բարձրացվել:

«Անոնիմկայի» կուլտուրան, ցավոք, իշխող խմբի ձեռագիրն է, որի «հոգևոր» արմատները գալիս են կեվորկովյան կառավարման շրջանը մոտիկից տեսնելուց: Երեկ նույն լրատվամիջոցով, նույն անանուն աղբյուրը հայտարարեց, որ ՀՀԿ-ն որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի համամասնական ընտրապայքարում և պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար:

Մեկ տարի շարունակ ընկնելով ԲՀԿ-ի ետևից, խնդրելով, սպառնալով և չստանալով միասնական ցուցակ, իշխող խմբին ուրիշ ի՞նչ էր մնում անել:  Հո չէ՞ր ասելու` հրաժարվում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին:

Հիմա իսկական պահն է 2011–ի փետրվարի 17-ի հուշագրի անհեթեթ տեքստի հեղինակներին հարցնել` բա ո՞նց եք ապահովելու հուշագրի ամենաառանցքային կետերի իրագործումը` չխախտել Աժ-ում իշխանական ուժերի թվային համամասնությունը: Համ հայտարարում եք, որ միայնակ բացարձակ հաղթանակ եք տանելու ու պայքարելու եք բոլոր մեծամասնական տեղերի համար, համ էլ ասում եք` հուշագիր: Ձեռքի հետ էլ «քցում» եք ձեր գործընկերներին` ասելով, թե նրանց վարկանիշը կայուն նվազում է: Կայուն նվազողից 2 տարի առաջ նախագահական ընտրությունների համար աջակցություն են ակնկալու՞մ, թե՞ դրսի ուժի հետ երկխոսության նստում:

Այն, որ իշխող խումբը որևէ բանի ռեսուրս չունի, գիտեն նաև իրենք: Միակ ռեսուրսը «անոնիմկաներն» են մնացել: Առաջիկայում սրանց առատությունը կլինի աննախադեպ: Բայց «անոնիմկաներով», ինչպես գիտեք, Իրան-Հայաստան երկաթգիծ չի կառուցվում, նավթամշակման գործարան չի կառուցվում, նոր ատոմակայան չի կառուցվում, բազմամիլիոնանոց ծրագրեր Համահայկական բանկով չեն ֆինանսավորվում (տե'ս Սերժ Սարգսյանի ուղերձը), Գյումրին ծովափնյա քաղաք չի դառնում (տե՛ս Էկոնոմիկայի նախախարության կայքն ու ծրագրերը), Դիլիջանը ֆինանսական կենտրոն չի դառնում (տե՛ս վարչապետի ելույթն ու կառավարության ծրագիրը), համաշխարհային ճգնաժամը Հայաստանին չի շրջանցում (տե՛ս Ս. Սարգսյանի և Տ. Սարգսյանի ելությները, ինչպես նաև Ներսես Երիցյանի հրճվանքը), բանակում զոհերի և խոշտանգումների թիվը չի նվազում (տե՛ս վիճակագրչությունը), գները չեն դառնում մեր սպառողի աչքին սովոր (տե՛ս Ս. Սարգսյանի հանձնարարականը) և այլն: Անսպառ ցանկ, որը մանրամասն կբացվի նախընտրական փուլում:

Ի դեպ, ՀՀԿ-ի անունից այդ «անոնիմկայով» մի հետաքրքիր մեսիջ ուղարկվեց բոլորին, այն է՝ եթե ստացվի` «քցելու» ենք բոլորին: Բայց սա առանձին քննարկման նյութ է:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը