Կարծիք

17.01.2012 01:01


Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են

Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են

Հայաստանում ստեղծվել է բավական հետաքրքիր իրավիճակ, որտեղ իրենց սկսում են վատ զգալ այն քաղաքական ուժերը, որոնք անկեղծ չեն ժողովրդի հետ եւ իրենց հույսերը ժողովրդի աջակցության ու քվեի վրա չեն դնում: Ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք վախենում են փոփոխություններից, ամեն ինչ անելու են, որ մեր երկրում ոչինչ չփոխվի, քանի որ այդ դեպքում իրենք նույնիսկ քաղաքական դաշտի լուսանցքում չեն հայտնվի: Այնպես որ, չենք զարմանում, որ ՀՀԿ-ն դեմ է արտահայտվում մեծամասնական ընտրահամակարգի վերացմանը: Ավելի քան պարզ է, որ նրանք լուրջ հույսեր ունեն, որ այդ համակարգով իրենց կհաջողվի գոնե մոտ չորս տասնյակ պատգամավորներ ունենալ, որոնց հնարավոր կլինի հեշտությամբ կառավարել: Այնպես որ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե իր նպատակը ժողովրդավարական ընտրություններն են եւ առկա իրավիճակի բարելավումը, ապա, մեղմ ասած, նա անկեղծ չէ:

Իրավիճակի գնահատումը հուշում է, որ նույնիսկ մեծամասնական ընտրական համակարգի պահպանումը գործող վարչախմբին թույլ չի տա խորհրդարանում մեծամասնություն ստանալ, բայց այսօր նրանք հավատում են, որ մեծամասնականն իրենց փրկությունն է եւ ամեն ջանք գործադրելու են այդ համակարգը պահպանելու համար: Այսուհանդերձ, այստեղ ամենակարեւորն այն է, որ հանրությունը հասկացավ, որ վարչախմբի ներկայացուցիչների խոսքերը իրական գործերի հետ որեւէ կապ չունեն: Վարչախմբի ղեկավարները մինչ օրս չեն կարողանում ընդունել, որ մեր հասարակությունը փոխվել է, որ հիմա անհնար  խաբել եւ երկար ժամանակ թյուրիմացության  մեջ գցել հանրությանը: Տեխնոլոգիաների դարաշրջանում ավելի քան դժվար է մարդկանց խաբել եւ օգտագործել ինչ-ինչ նպատակների համար: Կարող է տարօրինակ հնչել, բայց նույնիսկ այսօրվա հասարակությունը արդեն շատ է տարբերվում 2008-ի հասարակությունից նույն այդ տեղնոլոգիաների շնորհիվ: Եթե 2008-ին փորձ էր արվում լազերային սկավառակներով մարդկանց տեղեկատվություն փոխանցել, ապա այսօր դա հնարավոր է անել հեռախոսներով, ինտերնետով եւ ժամանակակից գիտության մյուս նվաճումներով:

Վստահ եմ, որ Մուբարաքը եւ Քադաֆին նույնպես հաշվի չէին նստել գիտության զարգացման հետեւանքների հետ: Հաշվի չէին առել եւ ավելի քան ծանր պարտություն կրեցին: Հիմա նույն իրավիճակն է Հայաստանում: Նրանք, ովքեր ուզում են հերթական անգամ ոտնատակ տալ հայ մարդու կամքը եւ վերարտադրվել, կարծում են, թե ամեն ինչ մնացել է 1979 կամ նույնիսկ 2009 թվականների մակարդակի վրա եւ հույս ունեն, որ եթե ոչ Երեւանում, ապա Սյունիքում կամ Տավուշում կկարողանան խաբել ժողովրդին եւ նախկին մեթոդներով կհաջողացնեն ստանալ ձայներ, որոնց իրենց թույլ կտա անհրաժեշտ տեղեր ստանալ խորհրդարանում: Բնական է, որ այս իրավիճակում այս կերպ մտածողների պարտությունը անխուսափելի է: Այսպես մտածողները պետք է հեռանան եւ երկրի կառավարման ղեկը զիջեն այն ուժերին, որոնց օգտին կքվեարկի ժողովուրդը:

Վարչախումբը հույս ուներ նաեւ, որ բանսարկությունների եւ նախկինում կիրառված տեխնոլոգիաների արդյունքում կկարողանան պառակտել քաղաքական դաշտը, բայց ամեն ինչ ընթանում է նրանց ցանկությանը հակառակ: Ժառանգության եւ Դաշնակցության վերջին նախաձեռնությունը եւս եկավ ապացուցելու, որ ՀՀԿ ղեկավարության խոսքն ու գործն ընդհանրություն չունեն: Այստեղ տեղին է նշել, որ այս բավական ինքնատիպ իրավիճակում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաեւ ՀՀԿ-ում: Բանն այն է, որ այս կուսակցության ներսում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ այս անգամ հնարավոր չէ ընտրակեղծիքներով խորհրդարան ձեւավորել եւ նրանք սթափության կոչ են անում նրանց, ովքեր աշխարհից եւ իրականությունից կտրված շարունակում են իրենց իմացած միակ երգը երգել:

Բոլորի համար էլ պարզ է, որ եթե հանկարծ փորձ արվի կեղծել կամ որ ավելի վատ է` կեղծվեն ընտրությունների արդյունքները, ապա Հայաստանում հեղափոխական իրավիճակն անխուսափելի կդառնա: Իսկ եթե նման իրավիճակ ստեղծվի, ապա իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այնպես որ, նույնիսկ գործող վարչախմբի շահերից է բխում, որ ընտրություններն անցնեն ազատ եւ արդար: Այս դեպքում նրանք կկորցնեն միայն իշխանությունը եւ նույնիսկ կմտնեն պատմության մեջ որպես ողջախոհ իշխանություններ, որոնք հասկանալով իրավիճակը չգնացին առճակատման ժողովրդի հետ:

Քաղաքական բոլոր առողջ ուժերն ամեն ինչ պետք է անեն, որ մեր երկրում փոփոխությունները լինեն անարյուն եւ անցնցում: Դրա բոլոր հնարավորությունները եւ նախադրյալները կան: Քաղաքական առաջատար ուժերը հասկանում են եւ գիտակցում, որ արդար ընտրությունների անցկացումը բխում է նաեւ իրենց շահերից եւ կասկած չկա, որ նրանք համատեղ ջանքերով բռնելու են բոլոր տեսակի եւ տիպի ընտրակեղծարարների ձեռքը, ընդ որում, բոլոր մակարդակներում: Եւ եթե ինչ–որ մեկին թվում է, թե հայ ազգը զարգացման ցածր մակարդակում է գտնվում եւ կարելի է բեմադրել ազատ եւ արդար ընտրություններ, իսկ հետո վերին օղակներում զբաղվել թվանկարչությամբ, ապա սխալվում են: Եւ կարելի է վստահաբար ասել, որ նրանք, ովքեր չեն միանա ընտրակեղծիքների դեմ պայքարին՝ դուրս կմնան քաղաքական ասպարեզից եւ կդադարեն գոյություն ունենալ որպես քաղաքական ուժ:

Այնպես որ, հին մտածողության կրողները, որոնք դեռ չեն գիտակցում, որ աշխարհում շատ բան է փոխվել, պետք է վերջապես հասկանան, որ իրենց ճռճռան սայլն արդեն գնացել է եւ անվերադարձ:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը