Կարծիք

15.01.2012 00:18


Էթիկան, կոռուպցիան եւ Բաղրամյան 26-ը

Էթիկան, կոռուպցիան եւ Բաղրամյան 26-ը

Հիմա մենք արդեն ունենք էթիկայի հանձնաժողով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այսուհետ Սյունիքի մարզպետը կին գործարարներին ավելի նուրբ կապտակի, իսկ կաշառակերներն էլ կաշառքը վերցնելուց կպահպանեն էթիկայի կանոնները եւ անպայման գրավոր ու բանավոր շնորհակալություն կհայտնեն: Ինչպես ասում են, վարչախումբը բոլոր երգերը երգել էր, մնում էր էթիկայի հանձնաժողովի մասին երգը:

Սերժ Սարգսյանի իմիջմեյքերները մտածել-մտածել են եւ եկել այն եզրակացության, որ շեֆի վարկանիշը կտրուկ կաճի, եթե «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» ստեղծվի: Անշուշտ, կարելի էր այս որոշմանը չանդրադառնալ, բայց երբ անհեթեթ իրավիճակը խորացնելու փորձ է արվում լռելը ճիշտ չի լինի:

Խիստ պետականաշեն լրատվամիջոցները հարայ-հրոցով փորձեցին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչներին համոզել, որ Սերժ Սարգսյանի այս որոշումից հետո այլեւս իրենք չեն բախվի էթիկայից զուրկ պաշտոնյաների հետ, իսկ եթե բախվեն էլ ապա նմանները կպատժվեն: Ստացվում է, որ հինգ հոգանոց հանձնաժողովն անելու է այն, ինչը չի հաջողվում իրավապահ համակարգին: Իսկապես, Սերժ Սարգսյանը խորհրդականների լուրջ խնդիր ունի:

Շատ ավելի հասկանալի եւ ընդունելի կլիներ, եթե քարոզչական նպատակներով ստեղծված էթիկայի հանձնաժողով ստեղծելու փոխարեն Սերժ Սարգսյանն առանց աղմուկ-աղաղակի համապատասխան մարմինների ղեկավարներին հրավիրեր իր մոտ եւ հանձնարարեր այսուհետ ավելի մեծ ուշադրություն դարձնել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերին եւ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում պատժել օրենքի ամբողջ խստությամբ:

Ամենահուզիչն այն է, որ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հենց այս հանձնաժողովն էր պակասում, որ մեր երկրում արմատախիլ արվի կոռուպցիան: Բայց հաշվի առնելով Հայաստանում առկա իրավիճակը, նախընտրական թեժ իրավիճակը եւ Սերժ Սարգսյանի գործելաոճը, դժվար չէ կռահել, որ հանձնաժողովը մանրադիտակի տակ է վերցնելու բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, երեւացող հասարակական գործիչներին, գործարարներին, որոնք իրենց գործունեությամբ խոչընդոտում են վարչախմբի ծրագրերի իրականացմանը: Եւ միթե այս հանձնաժողովի բացակայությունն էր խանգարում Սերժ Սարգսյանին, որ նա պաշտոնանկ անի կին գործարարի վրա ձեռք բարձրացրած մարզպետին: Դժվար է հավատալ, որ նույն այս հանձնաժողովը ծպտուն կհանի, եթե հերթական անգամ որևէ լրագրողի հայհոյի Սերժ Սարգսյանի գործարար եւ պատգամավոր եղբայրը:

Ակնհայտ է, որ մենք ականատեսն ենք հերթական ցուցադրական միջոցառմանը: Այս ամենից ազատվելու համար մեզ անհարաժեշտ է փոխել երկրում առկա գորշ մթնոլորտը: Իսկ փոխելու համար էլ անհրաժեշտ է ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Բնականաբար, առաջին քայլը պետք է լինի խորհրդարանական ընտրությունները:

Մայիսին կայանալիք համապետական ընտրությունները պետք է դառնան որակական փոփոխությունների սկզբի մեկնարկը: Մենք այլեւս ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ռեսուրսներ ունենք հետեւելու, թե հերթական անգամ էլ ինչ ձեւական հանձնաժողով է ստեղծվում կամ խորհուրդ է ձեւավորվում: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն արդեն մոռացել է Հանրային խորհրդի, մարզահամերգային համալիրի բազմակուսակցական հանդիպումների մասին եւ հիմա էլ որոշել է էթիկայով փրկել աշխարհը: Համաձայնվեք, որ այսպես այլեւս չի կարելի շարունակել:

Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա այս հանձնաժողովից 1937 թվականի հոտ է գալիս: Եւ վերջին հաշվով ինչու որեւէ մեկը Սերժ Սարգսյանի չի հուշում, որ մենք ունենք դատարան, դատախազություն, ոստիկանություն, որի գործառույթների մեջ էլ մտնում է այն ամենը ինչով պետք է զբաղվի հինգ հոգանոց հանձնաժողովը:

Ահա այսպես յուրաքանչյուր նոր օր մեզ ավելի է համոզում, որ Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը չեն էլ պատրաստվում հետեւություններ անել եւ հրաժարվել մեկ ազգ` մեկ օլիգարխ ծրագրից եւ այդ նպատակին հասնելու համար պատրաստ են ստեղծել հանձնաժողովներ, պաշտոնանկ անել խորհրդարանի ղեկավարների եւ նրանց գործուղել ՀՀԿ շտաբ, մայրաքաղաքի քաղաքապետին աքսորել խոպան եւ այսպես շարունակ:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը