Մեկնաբանություն

13.01.2012 17:18


«Ումով» և ինչով պետք է զբաղվի էթիկայի հանձնաժողովը

«Ումով» և ինչով պետք է զբաղվի էթիկայի հանձնաժողովը

Վերջերս Սերժ Սարգսյանը մեծ «շուխուռով» ձևավորեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը»։ Իշխանական լրատվամիջոցներն այդ գործընթացը ներկայացրին այնպես, կարծես երկնքից իջածներ են հայտնաբերվել ու նշանակվել հանձնաժողովում, և մնում է միայն սպասել ու տեսնել, թե ինչեր են հայտնաբերելու հինգհոգանոց հանձնաժողովի «սրբերը»։

Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ նախագահի, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը, շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը և այլ գործառույթներ:

Սերժ Սարգսյանը նաև նշել է. «Հանձնաժողովի գործունեության արդյունքները, ըստ էության, պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»։

Շատերի կարծիքով այս հանձնաժողովը որևէ բանով իրականում չի զբաղվի, և սա հերթական թամաշան է։ Ասեմ, որ ես չեմ կիսում այդ կարծիքը։ Սերժ Սարգսյանը՝ որպես նեոբոլշևիկյան մտածողության ու Ստալինի կառավարման որոշ նրբերանգներ յուրացրած անձնավորություն, այդ հանձնաժողովը ստեղծել է իրոք այն նպատակով, որի մասին խոսում է, բայց այստեղ կա մի մեծ «բայց»։

Հաշվի առնելով այս իշխանության կառավարման դեմագոգիկ ու ամբողջատիրության ձգտող բնույթը՝ կարելի է պնդել, որ ձեռնասուն այդ հանձնաժողովը կկատարի իր առաքելությունը, բայց խիստ ընտրովի։ Այն կդառնա «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգի ձևավորման լրացուցիչ գործիք։

Այդ հանձնաժողովի մասին ես կարծիքս կփոխեմ, եթե նա առաջին հերթին զբաղվի Սերժ Սարգսյանով ու նրա մերձավորներով։ Թե չէ հանձնաժողովի «սերժատու սրբերը» եթե պետք է Ս. Սարգսյանի ներիշխանական հակառակորդներով զբաղվեն, ապա դա կվերածվի պետական մակարդակով անցանկալի պաշտոնյաների դեմ «դանոսչիկության» իրականացման, ուրիշ ոչնչի։

Եթե դա այդպես չէ և էթիկայի հանձնաժողովն աջ ու ձախ «մորթելու» է, ապա սկզբի համար փորձեմ օգնել նրանց։

Ինչպես հայտնի է, աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագրի հայկական տարբերակում տարիներ առաջ գրվել էր, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն այն ժամանակ Պաշտպանության նախարար աշխատող Սերժ Սարգսյանն է, ով անկախության տարիներից սկսած պետական համակարգում է աշխատել, ուր աշխատավարձն այդքան էլ բարձր չէ։ Հիմա էլ բոլորին հայտնի է, որ նախագահն աշխատավարձի հույսին չէ։ Եվ ուրեմն, հանձնաժողովը թող փորձի պարզել՝ ինչպես է ապրում Սարգսյանը, ում հաշվին, և, ամենակարևորը՝ որտեղ են բախվում նրա ու պետության շահերը։

Էթիկայի հանձնաժողովի «սրբերը» լավ կանեն, եթե ուսումնասիրեն մամուլի այն հրապարակումները, որտեղ խոսք է գնում նախագահի եղբայր Սաշիկի բիզնես հետաքրքրությունների, սրան–նրան «կռիշ» կանգնելու և սրանից–նրանից բիզնեսներ խլելու մասին։ Ի դեպ, Սաշիկ Սարգսյանն անձամբ է նշել, որ ԱՄՆ–ում շինարարական բիզնես ունի։ Հետաքրքիր կլիներ պարզել, թե որտեղից նրան այդքան փող, եթե խորհրդային շրջանում զբաղված է եղել մեծածավալ տրանսպորտային միջոցների «մենեջմենթով», իսկ հետանկախական փուլում էլ «աշխատել է» որպես «Սերժի ախպեր»։

Էթիկայի հանձնաժողովի անդամների աշխատանքային օրակարգը կարող է հագեցնել նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը, ով, ըստ մամուլի հրապարակումների,  հովանավորում է սփյուռքահայ ներդրողների թալանը։

Վատ չէր լինի, եթե էթիկայի հանձնաժողովը պարզեր նաև, թե այդ ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը՝ Միքայել Մինասյանը, օգտվելով նախագահի փեսա լինելու հանգամանքից, երկու–երեք տարվա մեջ դարձավ հայկական իրականության ծագող օլիգարխը։ Նախագահի փեսային հանրության լայն շրջանակները նույնիսկ դեմքով չեն ճանաչում, բայց նա Սարգսյանի նախագահ դառնալուց հետո, ըստ տեղեկությունների, որոնք չեն հերքվել, դարձել է հեռուստադաշտի վերահսկող և մեդիամագնատ։ Բացի այդ, Մինասյանի անվան ու նրա ընկերական շրջապատի հետ են կապում տարատեսակ բիզնեսներ։ Նրա հովանավորյալները դառնում են պաշտոնյաներ։ Փեսան Երևանի քաղաքապետ է դնում ու հանում, ինչպես նաև ինքնանշանակվում ՀՀԿ շտաբի պետի տեղակալ, որի մասին նույն շտաբի պետն իմանում է մամուլից։

Մի խոսքով, էթիկայի հանձնաժողովն ահագին բան ունի պարզելու և հանրությանը ներկայացնելու։ Իսկ եթե այդքանն արեց ու մի քիչ հոգնեց, ապա հանգստի պահին կարող է բացահայտել նաև Սերժ Սարգսյանի գործիք Տիգրան Սարգսյանի «աշխատանքային էթիկան» ու շահերի բախումը։ Օրինակ՝ հանձնաժողովը կարող է հետաքրքրվել, թե ինչպես են օգտագործվում դրսից բերած վարկերը, որոնք ուղղվում են դեպի «Նաիրիտ» գործարան։ Այստեղ ակնհայտորեն շահերի բախում կա. մի կողմում վարկ բերող վարչապետն է, իսկ մյուս կողմում՝ «Նաիրիտում», ըստ Հարություն Առաքելյանի «բաց ֆաքսերի», անձնական բիզնես–հետաքրքրություններ ունեցող Տիգրան Սարգսյանը, ով համատեղությամբ նաև «աստվածավախ» ու «բարեպաշտ» է «աշխատում»։ Սա միայն մի դեպք է։ Երբ հանձնաժողովը սկսի զբաղվել այս հարցերով, վարչապետի մասով այլ նորություններ կարելի է ներկայացնել։

Եվ այսպես, «սրբերի հանձնաժողովի» համար հիմա եկել է ճշմարտության պահը։ Եթե նրանք վերը նշված հարցերով կոնկրետ դիրքորոշում ցուցաբերեն, ես մի այլ ձևով կողջունեմ նրանց քայլը և դրանից հետո ճիշտ կլինի, որ Հայ Առաքելական Եկեղեցին հանձնաժողովականներին դասի սրբերի շարքը, բայց արդեն առանց չակերտների։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը