Կարծիք

13.01.2012 17:04


Իշխանությունը մնացել է լյումպենի և մեծամասնականների հույսին

Իշխանությունը մնացել է լյումպենի և մեծամասնականների հույսին

Այն, ինչ կատարվում է ընտրություններից 5 ամիս առաջ, կարծում եմ՝ վերջնականորեն պետք է հասարակության մտածող հատվածին համոզի, որ երկրի քաղաքական համակարգում փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են, իսկ այդ շրջանակներում մեծամասնական ընտրակարգից հրաժարվելը պետք է առաջին քայլը լինի:

Արդեն իսկ հասկանալի է դառնում, որ որակյալ ընտրություններ ասվածը պարզվում է՝ վերաբերում է որակյալ ընտրակաշառքներ բաժանելուն և որակյալ ընտրություններ կեղծելուն: Այն, որ նախընտրական բարեգործությունների շրջանը մեծամասնական պոտենցիալ թեկնածուների համար բացվել է, նշանակում է մի բան՝ այս մարդիկ, ինչպես միշտ, հույսները դրել են ոչ թե լուրջ քաղաքական ծրագրերի և գաղափարների, այլ քաղաքականության հետ կապ չունեցող միանվագ նյութական բարիքներ բաշխելու վրա՝ համոզված լինելով, որ հասարակության լյումպեն հատվածն անպայմանորեն ընտրությունների ժամանակ կգնահատի մեծամասնական թեկնածուներից շատերի թափած ջանքերը:

Իշխանությունը, ապավինելով մեծամասնական պատգամավորին, ապացուցում է իր գաղափարական սնանկությունը և ապաքաղաքական տարր լինելը: Ավելին՝ գործող իշխանությունը լեգիտիմ չէ և չի կարող լինել հասարակության առողջ հատվածի համար. այն լեգիտիմ է լյումպենի համար. իրենք լյումպենի իշխանությունն են, և, իրենց մտածողությամբ, շատ քիչ են տարբերվում լյումպեններից: Այդ իսկ պատճառով էլ ՀՀ վարչապետի մակարդակով ձեթ են բաժանում:

Այն, որ մեծամասնական ընտրակարգը սպառել է իրեն, որևէ մեկի համար նորություն չէ: Եթե որևէ ընտրատարածքում (որն ունի ընտրված մեծամասնական պատգամավոր) բնակչության որոշակի խավ բողոքում է այս կամ այն երևույթի դեմ, ապա տրամաբանական և պարտադիր է, որ այդ ընտրատարածքից ընտրված պատգամավո՛րը լինի իրադարձության կենտրոնում: Սակայն անձամբ ես չեմ հիշում մեծամասնական կարգով ընտրված որևէ պատգամավորի, որն ակտիվ ներգրավվածություն ունենար գյումրեցի տաքսիստների, վաճառականների, վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդների, իսկ վերջերս նաև «Թռչկան»  ջրվեժի հետ կապված բազմամարդ բողոքի գործողություններին: Հեռվից հեռու կամ լրատվամիջոցներով մի երկու կիսատ–պռատ հայտարարությունը հաշվի մեջ չէ:

Հանրապետության մասշտաբով կարելի է բազմաթիվ նման օրինակներ բերել: Մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում հայտնված պատգամավորների ճնշող մեծամասնությունը  լայն իմաստով գործող վարչակարգի պահպանման և վերարտադրության անփոխարինելի գործիք է, որը մեկ–մեկ էլ կոճակ է սեղմում:

Այդ մարդկանց շրջանում հազիվ թե հնարավոր լինի գտնել նրանց, ովքեր դասական իմաստով իրականացնում են պատգամավորական գործառույթներ, այն է՝ քաղաքացիների շահերի հավաքագրում և ներկայացում համապատասխան մարմնում, ինչպես նաև օրենսդրական գործունեության իրականացում:

ՀՀԿ-ն և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանն ատամներով պաշտպանում են մեծամասնական ընտրակարգը, որովհետև նրանք մեզանից էլ ստույգ տեղեկատվություն ունեն, որ իշխող վարչակազմի վարկանիշը խայտառակ ցածր է, և այդ վարկանիշով համամասնական կարգով ընտրության գնալը կնշանակի տապալում: Հետևաբար, հույսը պետք է դնել մեծամասնականների վրա և բոլորի աչքից հեռու, զոռբայությամբ և ընտրակաշառքներով նրանց խցկել խորհրդարան, որպեսզի ընրություններից հետո գործող նախագահին տհաճ անակնկալներ չսպասվեն: Մեծամասնական պատգամավորների ներկայիս հարաբերակցության պահպանումն իշխանության համար կենսական նշանակություն ունի, և նրանք շատ լուրջ դիմադրություն են ցույց տալու այն պահպանելու համար:

Դերենիկ Մալխասյան

թեմայի շուրջ քննարկումներին կարող եք հետևել այստեղ՝ http://blog.7or.am/archives/8031#comments

Այս խորագրի վերջին նյութերը