Քաղաքական

15.05.2026 18:12


Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին

Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին

Ոչ մի նորություն կամ արտառոց բան չկա, ուղղակի ժամանակին պետք է լսեին և լուրջ վերաբերվեին այն խոսքերին, որոնք ասվում էին ՌԴ-ի շատ բարձր մակարդակներից, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնածների և հայ տնտեսվարողների նկատմամբ խստացումներին, ասաց քաղաքական վերլուծաբան, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՌԴ պաշտոնական կայքերով հարցազրույցներ են տպվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որտեղ ասում են, որ այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, կարող է հետևանքների բերել. «Բերում են թվեր, որ Հայաստանից արտահանվող գյուղմթերքի 98 տոկոսը մտնում է ՌԴ, թվեր այն գումարների մասին, որոնք արտագնա աշխատողները ՌԴ-ից ուղարկում են Հայաստան, ալկոհոլային խմիչքների 78 տոկոսը նույնպես արտահանվում է ՌԴ, նշվում էր գազից և էներգակիրներից կախվածությունը, որը կարող է կատաստրոֆիկ լինել, եթե Հայաստանի համար գները բարձրացնեն։ Այդ ամենի մասին նրանք զգուշացրել են։ Պատճառը՝ ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ու հռետորաբանությունն է»։

Վերլուծաբանը շեշտում է՝ իշխանությունները գնում են ընտրությունների, դրա համար էլ վեկտորի փոփոխություն են արել. «Ավանդաբար, հայ հասարակությունը թշնամի է ընկալում Ադրբեջանին և Թուրքիային։ Ներկա իշխանությունները թշնամու վեկտորի փոփոխություն են իրականացնում՝ թշնամի ներկայացնելով Ռուսաստանին։ Ասում են՝ տեսեք, թշնամին Ռուսաստանն է, ուզում է Հայաստանը սարքել ծայրագավառ։ Ընտրությունների կոնտեքստում իշխանությունների ամբողջ հռետորաբանությունն ուղղված է ՌԴ-ի դեմ։ Այդ առումով սպասելի էր, որ ՌԴ-ի կողմից նման քայլեր արվեին, որպեսզի հայ հանրությունն ավելի լավ հասկանա, թե տնտեսական առումով իրենք ինչ կախվածություն ունեն»։

Ըստ Դանիելյանի՝ հնարավոր չէ մի տնտեսական միության մեջ գտնվել, նրանից ճակատագրական առումով մեծ կախվածություն ունենալ և վարել այլ արտաքին քաղաքականություն. «Այդ հակասությունները մի օր բերելու էին նման ճգնաժամի։ Պատահական չէ, որ Ռուսաստանից հստակ ասում են՝ կողմնորոշվեք, թե որտեղ եք լինելու։ ՌԴ նախագահը նաև ասում էր հանրաքվե անցկացրեք, այսինքն՝ հարցրեք ժողովրդին։ ՌԴ-ից հայ ժողովրդին հասկացնում են, թե ինչ հետևանքներ կարող են լինել նման չհավասարակշռված արտաքին քաղաքականության դեպքում։ Նման քայլերով բացատրում են Հայաստանի իրական տնտեսական վիճակի մասին և այն կախվածությունը, որը ՀՀ-ն ունի ԵԱՏՄ-ից։ Եվ եթե ՀՀ-ն փորձում է դառնալ ԵՄ անդամ, ինչն, իհարկե, անհնար է, նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը, պետք է հասկանան, թե այդ արկածախնդրությունն ինչ հետևանք կարող է ունենալ»։

Մասնագետն ընդգծեց՝ գործող իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել, որպեսզի հանրությանը ներարկի, որ գնալու են Եվրոպա, այնտեղ լավ են ապրելու. «Փորձում է խաբկանք, պատրանք ստեղծել, որպեսզի կարողանա վերընտրվել։ Իհարկե, վերընտրվելուց հետո իրենք կփորձեն փոխել քաղաքականությունը և գնալ ՌԴ ու ասել, որ ամեն ինչ կանեն արդյունավետ համագործակցելու համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ գործող վարչապետն անվստահելի անձնավորություն է բոլորի համար՝ և՛ հայ ժողովրդի, և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, իր խոսքերը զրո կոպեկ արժեն, իսկ այդ դեպքում ոչ ոք չի կարող լուրջ հարաբերություն ստեղծել նրա հետ»։

Այս խորագրի վերջին նյութերը