Կարծիք

13.01.2012 12:31


Նոր մարտահրավեր կառավարությանը

Նոր մարտահրավեր կառավարությանը

Կներեք արտահայտությանս համար` կանայք նույնպես մարդ են:

Վլադիմիր (Վովա) Գասպարյան

Երևի իմ կողմից աննրբանկատություն է եղել, բայց մեղքս ի՞նչ թաքցնեմ, մինչ օրս երբեք չեմ մտածել այն մասին, որ կանանց անազատության վայրերում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան տղամարդկանց: Դե հատկապես հայերիս մի տեսակ հարիր էլ չէ կին կալանավոր կամ բանտարկյալ ունենալը: Մի՞թե հնարավոր չէ նրանց շրջանում բացատրական աշխատանք տանելուց հետո պայմանականորեն ազատ արձակել` հսկողություն սահմանելով հասարակության մեջ նրանց վարքի նկատմամբ, ինչպես որ արվում է` ընդունված կարգով: Չգիտեմ էլ` այդքան սարսափելի հանցա՞նք են գործել այդ կանայք, որ ոչ մի կերպ հնարավոր չէ այլ տիպի պատժամիջոցներ կիրառել: Ավելորդ գլխացավանք են, էլի:

Ամեն դեպքում, իմացանք, որ այսօր Հայաստանում անազատության մեջ 192 կին է ապրում եւ այդ կանայք նույնպես, ինչպես համապատասխան տարիքի բոլոր կանայք, ամիսը մեկ անգամ հիգիենայի հատուկ միջոցների կարիք են զգում:

Հասկանալի է, որ պետությունը պետք է հոգա այդ հարցը: Կալանավոր կինն անձամբ չի կարող գնալ խանութ եւ գնել իրեն անհրաժեշտ այդ պարագան: Բանտի համապատասխան աշխատակցին կամ բժշկին կալանավորուհին, հավանաբար, տեղեկացնում է, որ «իր օրերն» են, եւ այդ կնոջը հատկացնում են համապատասխան պարագան` ըստ օրերի անհրաժեշտության:

Չմտնելով այլ մանրամասնությունների մեջ, ասենք, որ որոշում կա յուրաքանչյուր կին բանտարկյալի հատկացնել ընդամենը 5 միջադիր` մեկ ամսվա կտրվածքով: Եվ քանի որ հատկացվում է ընդամենը 5 միջադիր, բայց այդ քանակությունը չի բավարարում, ՀՀ արդարադատության նախարարությունում վերջապես եկել են այն եզրակացության, որ թույլատրելի 5-ից միջադիրների թիվը պետք է բարձրացնել 6-ի: Այս խորիմաստ ու մարդասիրական քայլի պատասխանատվության ըմբռնումով էլ արդարադատության նախարարը եկել էր կառավարության նիստին ու ամեն ինչ դուզ-դուզ զեկուցել կառավարությանը: Ի՞նչ աներ կառավարությունը: Տիգրան Սարգսյանը գլուխն առել է ափերի մեջ` բյուջես ճեղքվածք չտա՞… էս լրացուցիչ ծա՞խսը որտեղից բսնեց: Մի քիչ շուտ իմանար` 2012թ. բյուջեում 101 միլիարդի փոխարեն 101 միլիարդ 460 հազար 800 դրամ լրացուցիչ հավաքագրում կնախատեսեր:

Այո, արդարադատության նախարարի ուզածը ընդամենը 460 հազար 800 դրամ է, որպեսզի կարողանա Հայաստանի 192 կին բանտարկյալներին 5-ի փոխարեն ապահովել ամսական 6 միջադիրով:

Չգիտեմ ով ինչպե՞ս, բայց ես ամոթից գետինը մտա` այս մասին կարդալով հայկական մասմեդիայում: Իմ երկրի կառավարությունն այս ի՞նչ գործերի մեջ է, այ մարդ: Հնարավոր չէ՞ր այդ փոքրիկ հարցը լուծել մի զանգի միջոցով, մի օղակ ներքև, առանց աշխարհի առաջ խայտառակ լինելու:

Փաստորեն Տիգրան Սարգսյանը, եթե իհարկե իրեն բախտ վիճակվի, տարեվերջին պիտի զեկուցի, որ 2012-ի բյուջեն կատարվել է, եւ դեռ մի բան էլ գերակատարվել: Պիտի ասի` նվաճել ենք նոր բնագծեր: Կարողացել ենք մեր կին կալանավորներին ապահովել ավելի մեծ թվով… Այո՞:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը