Կարծիք

12.01.2012 21:02


Արկածախնդրու– թյունը վարչախմբին չի օգնի

Արկածախնդրու– թյունը վարչախմբին չի օգնի

Տարբեր գնահատականների համաձայն՝ Հայաստանից 2008-2011թթ. հեռացել է մոտ 220 հազար մարդ: Ստացվում է, որ միջին հաշվով մեր երկիրը յուրաքանչյուր տարի լքում է 55 հազար մարդ: Որոշ փորձագետներ պնդում են, որ այս թիվը հասնում է 70 հազարի: Հայրենիքը լքողների ճնշող մեծամասնությունն այս քայլին դիմում է ճարահատված: Երբ տղամարդը չի կարողանում իր կնոջը, երեխաներին, տարեց հորն ու մորն ապահովել գոնե օրվա հացով, նա բռնում է պանդխտության ճանապարհը: Սա աղետ է, որի հեղինակը «Հայկական աշխարհի» տիրակալն է իր շեֆի հետ: Միայն այս թվերը բավական են, որ գործող վարչախումբը հրաժարվի իշխանությունը պահպանելու ցանկությունից։

Վերոհիշյալ թվերը Տիգրան Սարգսյանին և Սերժ Սարգսյանին առանձնապես չեն հուզում. ավելին՝ նրանք ամեն ինչ անում են, որ այս ցուցանիշները բարելավվեն (հիշեք վարչապետի տխրահռչակ հարցազրույցը): Իսկ Հայաստանից հեռանում են երիտասարդներ, որոնք արտերկրում երեխաներ են ունենում, որոնք արդեն դառնում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի կամ ԱՄՆ-ի քաղաքացի: Այլ կերպ ասած՝ եթե մեկ տարվա ընթացքում Հայաստանից հեռանում է 55 կամ 70 հազար մարդ, ապա իրականում Հայաստանը զրկվում է առնվազն հազար երեխայից: Մեր փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար սա իսկական ազգային աղետ է: Արտագաղթը գործող վարչախումբը չի նկատում. ավելին՝ անցած տարի Սերժ Սարգսյանը նույնիսկ նեղսրտեց, թե ինչու են վիճակագիրներն առանց երկար մտածելու՝ նման թվեր հրապարակում:

Վարչախումբը չի նկատում նաև, թե ինչ է կատարվում տնտեսական դաշտում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն արդեն չի կարողանում լռել տեղի ունեցող աղետի մասին, բայց Տիգրան Սարգսյանն ամուր կառչած է վարչապետի աթոռից: Նա շարունակում է ամեն ինչ անել, որ, իր իսկ խոսքերի համաձայն, Հայաստանն աշխարհին տա տաղանդավոր երիտասարդներ: Հավանաբար, սա մտնում է «Հայկական աշխարհի» կառուցման ծրագրի մեջ: Բիզնես աշխարհին ծանր հարվածներ հասցրած վարչախումբը ցանկանում է վերարտադրվել, պահպանել իշխանությունը, և սա իսկական զավեշտ է, իսկ ավելի ճիշտ՝ ողբերգություն:

Նույն վարչախումբն աղքատներին բաժանելով երեք շիշ ձեթ՝ ամենայն հավանականությամբ՝ կարծեց, թե լուծել է սոցիալական բոլոր խնդիրները: Համենայնդեպս, հետևելով վարչախմբի վերահսկողության տակ հայտնված լուրերի թողարկումներին, այնպիսի տպավորություն է ստացվում, որ մեր երկրի բնակչության հիմնական խնդիրը հանգստի կազմակերպումն է: Իսկ իրականությունն այն է, որ կանգնած ենք սոցիալական աննախադեպ պայթյունի շեմին: Ունենք մի ժողովուրդ, որի մեծ մասը, շղթաներից բացի, ոչինչ չունի կորցնելու: Եվ այս ժողովրդի հետ չի կարելի կատակ անել:

Վարչախումբը չի նկատում նաև անկախ հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում լավագույն դեպքում կարող է հաղթահարել հինգտոկոսանոց արգելքը: Լսելով վարչախմբի ներկայացուցիչներին՝ հասկանում ես, որ ամեն ինչ պետք է անել, որ այս երկրում արմատական փոփոխություններ լինեն: Համաձայնվե՛ք, որ սարսափելի է հարյուրամյակներով երազել անկախ պետություն ունենալու մասին, իսկ հետո վերցնել և խաղաղ պայմաններում Հայաստանը դատարկել հայերից: Իսկ Հայաստանը դատարկվում է, քանի որ ունենք իշխանություն, որը թույլ է բոլոր առումներով: Այսպիսով, թիվ մեկ քայլը պետք է լինի ժողովրդի վստահությունը վայելող և բոլոր առումներով ուժեղ իշխանության ձևավորումը, որի ուսերին հսկայական բեռ է ընկնելու:

Դժվար չէ կռահել, որ վարչախմբի ուղեղային կենտրոնն ինչ–որ բան է ուզում մոգոնել ընտրությունների արդյունքները հերթական անգամ կեղծելու համար: Խորհուրդ կտանք ձեռնպահ մնալ նման անպատասխանատու և արկածախնդիր քայլից: Պետք չէ խաղալ մեր ժողովրդի նյարդերի հետ: Պատասխանը կարող է ավելի քան անսպասելի լինել: Եթե ոմանց թվում է, թե գործ ունեն պապուասների հետ, որոնց կարելի է խաբել գեղեցիկ դեկորացիաներով, ապա նրանք չարաչար սխալվում են։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր ժողովուրդը, ծանր հարվածներ ստացած բիզնես աշխարհը, հասարակության գրեթե բոլոր շերտերը պատրաստ են ամեն ինչ անել, որ վերջապես ժողովրդի քվեով խորհրդարան և կառավարություն ձևավորվի:

Աննախանձելի վիճակում կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն հերթական ընտրակեղծիքն իրականացնել: Վերջին հաշվով կարելի է կանգ առնել, սթափ գնահատել իրավիճակը և հետ կանգնել արկածախնդրությունից: Իսկ եթե հետ չկանգնեն և փորձեն իրականացնել իրենց ծրագիրը, ապա ավելի վատ իրենց համար: Իրականությունն այն է, որ Հայաստանում արմատական տեղաշարժեր են տեղի ունեցել, և սկսվել է մի գործընթաց, որը շարունակվելու է և իր տրամաբանական ավարտին է հասնելու անկախ ոմանց ցանկությունից և կամքից:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը