Լրահոս

12.01.2012 14:06


Մարգար Օհանյանի փաստաբանը նրան քաղբանտարկյալ չի համարում

Մարգար Օհանյանի փաստաբանը նրան քաղբանտարկյալ չի համարում

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը «7օր»– հետ զրույցում հերքել է այսօր մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե հունվարի 13–ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունենալիք դատավարության ժամանակ Մարգար Օհանյանը պետք է ցուցմունք տա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ։

–Դա ընդամենը մի ինտերնետային կայք է գրել։ Այդպիսի բան չկա։ Ուղղակի երևի իրենց Փի–Առ–ի կամ շոուի համար են դա գրել։ Պետք է նախ պարզենք՝ Մարգար Օհանյանը ցուցմունք տալո՞ւ է, թե՞ չի տալու, հետո նոր սկսենք մտածել՝ ում դեմ է տալու, ում դեմ չի տալու, կամ տալո՞ւ է, թե՞ չի տալու։ Դատաքննությունը չի սկսվել, արդեն գրում են, թե ցուցմունք է տալու։

«7օր»–ի հարցին՝ հնարավո՞ր է, որ Մարգար Օհանյանն ընդհանրապես ցուցմունք չտա, փաստաբանը պատասխանել է.

–Ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց ես չեմ ասում՝ նա տալու է ցուցմնունք կամ չի տալու, էլ ուր մնաց՝ հիմա մտածենք, թե ում դեմ է տալու։

Մարգար Օհանյանի փաստաբանը պնդել է նաև, թե ծանոթ չէ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա սխալ էր համարում Մարգար Օհանյանին կալանքի տակ պահելը։ Իսկ թե ինչու է Ալիկ Սարգսյանը հիմա որոշել նման հարցազրույցով հանդես գալ, Մ. Վասակյանը դժվարացել է պատասխանել։

Փաստաբանը նաև տեղյակ չի եղել Մարգար Օհանյանի կալանավորման սկզբնական շրջանում մամուլի որոշ միջոցների հրապարակումներին, թե նրան կալանավորել են, քանի որ ՃՈ–ն պետք է օգտագործեր ի նպաստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

«Եթե հետևենք այդ տրամաբանությանը, ստացվում է, որ Մարգար Օհանյանը քաղբանտրակյալ է։ Դուք նրան քաղբանտարկյալ համարո՞ւմ եք». «7օր»–ի այս հարցին փաստաբանն արձագանքել է.

–Երբե՛ք։ Յուրացում է կատարվել, դրա համար էլ ձերբակալել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը