Մեկնաբանություն

07.05.2009 15:23


Ինչու՞ տապալվեց ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը

Ինչու՞ տապալվեց ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը

Օրերս Արցախի պատգամավորները ստորագրահավաք էին նախաձեռնել՝ ԼՂՀ Աժ արտահերթ նիստ գումարելու և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումները քննարկելու նպատակով։ Սակայն պատգամավորների մեծ մասը, որ արդեն տվել էին իրենց համաձայնությունը, կրկին ետ վերցրին ստորագրությունները։ Դրա վերաբերյալ «7օր»-ը մեկնաբանություներ է խնդրել Արցախի խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանից։

 -Ինչու՞ տապալվեց ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը, և ի՞նչ է նշանակում դա։

-Այս լուրջ գործընթացն ուղղակի զավեշտի վերածվեց։ Էն գլխից ինձ համար տարօրինակ ու անըմբռնելի էր այդ ամենը։ Ահա թե ինչու «7 օր»-ին տված իմ նախորդ մեկնաբանությունում գրել էի՝ «եթե, իհարկե, առկա ընթացքն իր տրամաբանական ավարտին հասցվի»։ Ինձ համար տարօրինակն ու անընկալելին ոմանց անսպասելի իմաստնությունն ու համարձակությունն էր։ Իսկ զավեշտն այն է, որ փաստաթղթի տակ անխռով ստորագրած պատգամավորները կարծել էին, որ նախաձեռնությունը «վերուստ» է, քանի որ նախաձեռնողները «յուրայիններ» էին, այլ ոչ թե տողերիս հեղինակի պես «կասկածելի» անձինք։ Իսկ երբ պարզվեց, որ «վերուստը» կամ տեղյակ չէր, կամ էլ հընթացս միտքը փոխել է, կամ էլ «ավելի վերուստից» սաստող հրարանգ կար՝ ստորարգած 20 պատգամավորներից 11-ը հետ վերցրին իրենց ստորագրությունը։ Արդյունքում արտահերթ նիստ չհրավիրվեց, քանի որ դրա համար անհրաժեշտ էր 13 ստորագրություն։

Ի՞նչ է նշանակում սա... Ընդամենը մի բան՝ Արցախում իշխանական-պետական ռեսուրս չկա՝ հարկ եղած դեպքում իրադարձությունների անբարենպաստ ընթացքը կանխելու և ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն լինելու համար։ Մնում է հանրությունը՝ իսկապես վերջին հույսը։

-Իսկ ի՞նչ պիտի ասեին պատգամավորներն ընդունվելիք հայտարարությունում։

-Այն, ինչի մասին վաղուց խոսվում էր արցախյան հանրությունում՝ ղարաբաղյան կողմը չի կարող որևէ պարտավորություն ստանձնել առանց իր մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կամ ստորագրված համաձայնագրի համար, նա ոչ մեկին չի լիազորել ներկայացնելու իր շահերը ու վերջնական խոսքը վերապահում է իրեն, և որ ժամանակն է ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև կնքել միջպետական պայմանագիր ռազմավարական գործընկերության մասին և հստակեցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում կողմերի  լիազորությունները։ Սա պատմական շանսի կորուստ էր։

 

Այս խորագրի վերջին նյութերը