Լրահոս

19.03.2026 09:15


1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու և սպանության փորձի մեջ մեղադրվող կինը 2 ամսով կալանավորվել է

1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու և սպանության փորձի մեջ մեղադրվող կինը 2 ամսով կալանավորվել է

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված 1.2 տարեկան երեխային պարբերաբար բռնության ենթարկելու, ինչպես նաև նրա նկատմամբ սպանության փորձի մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

ՀՀ դատախազությունից հայտնեցին, որ դատարանը որոշել է նրա նկատմամբ կալանք կիրառել երկու ամիս ժամկետով։

Ավելի վաղ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ Արաբկիր վարչական շրջանում 1.2 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։

Մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.2 տարեկան տղա երեխա։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի սրտի աշխատանքը։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 18-ին հայտնել էր, որ երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա։

Այս խորագրի վերջին նյութերը