Կարծիք

11.03.2026 17:24


Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ

Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ

Միջազգային բիզնեսների համար հավաքագրման խորհրդատվության մասնագիտացած Mercer Human Resource Consulting միջազգային խորհրդատվական խումբը ամեն տարի հրապարակում է Mercer Cost of Living Survey-ը:

Վարկանիշը կազմելիս, որը ուսումնասիրում է աշխարհի խոշոր քաղաքների իրավիճակը, հետազոտողները հաշվի են առնում ավելի քան 200 տեսակի ապրանքների և ծառայությունների գները, ներառյալ բնակարանը, տրանսպորտը, սնունդը, հագուստը, կենցաղային ապրանքները և զվարճանքը, այն գնային միջակայքում, որը սպասում է արտասահմանում աշխատող միջին մենեջերը: Հարցումը հիմնված է ԱՄՆ ամենաթանկ քաղաքում՝ Նյու Յորքում, ապրանքների և ծառայությունների արժեքի վրա, որտեղ կենսապահովման արժեքի ինդեքսը 100 է:

Այսինքն, Նյու Յորքի ինդեքսը ընտրված է որպես չափման հենակետ բոլոր քաղաքների համար:

Այսինքն, եթե Նյու Յորքի ինդեքսը, համարենք, հավասար է 100-ի, ապա նրանից բարձր, կամ ցածր քաղաքների միավորները համեմատելի պիտի լինեն հենց ամերիկյան այս քաղաքի ինդեքսին:

Օրինակ, աշխարհի ամենաթանկ քաղաքը, այս ինդեքսի տեսանկյունից, համարվում է շվեյցարական Ցյուրիխը, որի ինդեքսը 2026-ին եղել է 118,5:

Այսինքն, Ցյուրիխում ապրելու կյանքի ինդեքսը Նյու Յորքից ավելի թանկ է եղել 18.5 տոկոսով:

Իսկ, օրինակ ամենաէժան քաղաքը 2026-ին եղել է Պակիստանի Փեշավար քաղաքը, որտեղ կյանքի արժեքի ինդեքսը կազմել է 15.1։

Նշենք, որ քաղաքի կենսամակարդակի ինդեքսը բաղկացած է մի քանի մասերից.

-քաղաքում բնակարանների վարձակալման միջին գնից

-ապրելու համար միջին արժեքի չափ գումարներից

-մթերային ապրանքների միջին գնից

-ռեստորաններում, կաֆեներում և ֆուդ կորտերում միջին գնից՝ նույնանման ուտելիքների համար :

Պարզվել է, որ այս ինդեքսով Երևանի ցուցանիշները ավելի վատն են, քան մեր հարևան երկրների մայրաքաղաքների ցուցանիշերը:

Օրինակ, եթե Նյու Յորքում, ինչպես նշեցինք, ապրուստի ընդանուր ինդեքսը հավասար է 100-ի, ապա Մոսկվայինը 2026-ին եղել է 47.5: Ռուսաստանի մայրաքաղաքը զբաղեցրել է թանկությամբ 290 –րդ հորիզոնականը:

Այսինքն, Մոսկվայում կյանքն էժան է Նյու Յորքից ընդամենը մոտ երկու անգամ:

Իսկ ահա Երևանի ինդեքսը կազմել է 42.4:

Այսինքն, Երևանում ապրուստը թանկությամբ շատ մոտ է Մոսկվայի ցուցանիշին:

Իսկ ավելի ստույգ, Երևանում ապրուստի արժեքը Մոսկվայից ընդամենը 9 տոկսով է էժան:

Իսկ, օրինակ, Թբիլիսիի ինդեքսը 2026-ին եղել է 36.6:

Այսինքն, Թբիլիսիում ապրուստը Երևանից էժան է մոտ 16 տոկսով:

Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանի քաղաքացիների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը մեծ է Հայաստանի համանման ցուցանիշից մոտ 14 տոկսով:

Մեզ մոտ 2025-ի տվյալներով կազմել էր՝ 8960 դոլար, Վրաստանում՝ 10126 դոլար:

Զարմանալի է, սակայն Բաքվի ինդեքսը է՛լ ավելի ցածր է և 2026-ին կազմել է 32.3:

Այսինքն, Երևանում կյանքը թանկ է Բաքվից ավելի քան 31 տոկոսով:

Ճիշտ է, հայերի կենսամակարդակը ադրբեջանցիներից ավելի բարձր է՝ մոտ 22 տոկոսով, սակայն հետաքրքիր է, որ քաղաքների մասով Երևանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը:

Նույն տվյալների համաձայն, Վրաստանի մայրաքաղաքում ապրելն ավելի էժան է, քան Երևանում (353-րդ տեղ) և Ստամբուլում (336-րդ տեղ), ինչպես նաև Բելգրադում (314-րդ տեղ)։

Numbeo-ի տվյալներով՝ Թբիլիսիում չորս հոգանոց ընտանիքի համար ամսական կենսապահովման մոտավոր ծախսերը կազմում են 2341 դոլար՝ առանց վարձավճարի, մինչդեռ միջին մարդուն անհրաժեշտ է 638 դոլար ՝ առանց վարձավճարի։

Նույն կենտրոնի հաշվարկների համաձայն, Երևանում չորս հոգանոց ընտանիքին (առանց վարձավճարի) անհրաժեշտ է 2700 դոլար, Ստամբուլում՝ 2831 դոլար, իսկ Բելգրադում՝ 2771 դոլար։ Մեկ անձին անհրաժեշտ է Երևանում 741 դոլար, Ստամբուլում՝ 757 դոլար, իսկ Բելգրադում՝ 797 դոլար։

Նույն կենտրոնի համաձայն, մթերքի միջին գնի ինդեքսը Երևանում կազմել է 37, իսկ ռեստորանների գնի ինդեքսը՝ 42.5:

Մինչդեռ Թբիլիսիում մթերքի ինդեքսը կազմել է 35.5, իսկ ռեստորանների ինդեքսը՝40.2:

Այսինքն, Թբիլիսիում մթերքները Երևանից էժան են մոտ 4 տոկսով, իսկ ռեստորանների գները՝ 6 տոկոսով:

Վարձը Երևանում նույնպես թանկ է Թբիլիսիից՝ մոտ 4 տոկոսով:

Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի մայրաքաղաքում կյանքի արժեքը 14.2%-ով ավելի բարձր է, քան Թբիլիսիում:

Փաստացի կարող ենք նշել, որ Երևանի ցուցանիշները էժան են միայն Ստամբուլի, Մոսկվայի և Բելգրադի համեմատ, այն էլ՝ տարբերությունը մեծ չէ:

Մինչդեռ հիշեցնենք, որ Հայաստանի բնակիչների մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան ռուսների, վրացիների և թուրքերի մոտ:

Եթե մեզ մոտ այդ թիվը կազմում է՝ 8960 դոլար, Վրաստանում՝10126 դոլար, ապա Ռուսաստանում այն հավասար է՝17446 դոլարի, իսկ Թուրքիայում՝18198 դոլարի:

Մեր ցուցանիշը մեծ է միայն ադրբեջանցիներից, որտեղ 2025-ի տվյալներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7365 դոլար:

Այսպիսով, կարող ենք հանգել հետևության. Հայաստանի բնակիչները մոտ երկու անգամ ավելի վատ են ապրում, քան ռուսներն ու թուրքերը:

Մենք ավելի վատ ենք ապրում մոտ 13 տոկոսով, քան՝ վրացիները:

Միայն ադրբեջանցիներից ենք ավելի լավ ապրում՝ մոտ 22 տոկոսով, սակայն Երևանում ապրանքների, մթերքների գները համեմատաբար ավելի բարձր են, քան Թբիլիսիում և Բաքվում և շատ քիչ են տարբերվում Ստամբուլի և Մոսկվայի գներից:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի ոչ էֆեկտիվ և անարդար կառավարում է հաստատված Հայաստանում:

Առավել ծանր վիճակ է երևանցիների մոտ, որոնք ցածր աշխատավարձերով և թոշակներով մի կերպ գոյատևում են տարածաշրջանի ամենաթանկ քաղաքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը