Օրվա լուր

05.03.2026 14:58


Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը

Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

Վազգենը հակասական կերպար էր։ Ու ինչպես բոլոր հակասական կերպարները, ուներ և ունի սիրողների ու ատողների հոծ բանակ։

Սիրողներն էլ, ատողներն էլ ծայրահեղությունների գիրկն են ընկնում իրենց գնահատականներում։ Ճշմարտությունը, որպես կանոն, մեջտեղում է։

Վազգենն իր դրական ու բացասական դերակատարումն ունեցել է Հայաստանի քաղաքական կյանքում։ Բացասականին չենք անդրադառնա, ոչ թե հայտնի կանոնի շրջանակներում, այլ այս պահին դրա իմաստը չկա։ Բայց իմաստ կա դրականին անդրադառնալ, քանզի այդ դրականը մսխվել է ու շարունակվում է մսխվել։ Մսխվում է հենց Վազգենի ընտանիքի անդամների՛, իր երբեմնի ընկերների՛ ու Նիկոլ Փաշինյանի՛ կողմից։

Վազգենը Արցախի հետ կապված գործիչ էր։ Նա Ղարաբաղյան շարժման ծնունդներից էր։

Հիմա Արցախը չկա։ Նիկոլն այն դավաճանաբար հանձնեց։ Բայց Նիկոլի հանձնելուց առաջ այն հանձնեց Վազգենի եղբայր Արամը, որը պղծում է եղբոր հիշատակն ամենօրյա ռեժիմով։

Արամ Սարգսյանը Վազգենի եղբայր լինելը դարձրել է առևտրի առարկա ու մինչև վերջ ու դաժանաբար կթում է եղբոր անունը՝ զուգահեռաբար պղծելով Վազգենի անցած ուղին։

Վազգենի անունը պղծում է նաև իր մարտական ընկեր կոչված Սասուն Միքայելյանը։ Սույն Սասունը, մինչև Արցախը հանձնելը, հայտարարում էր, որ թավշյա կոչված հեղափոխությունը ավելի բարձր արժեք է, քան Արցախյան ազատամարտը։

Ահա այդպես պղծվեց Վազգենի գործը։ Թշնամին միայն այդ ամենից հետո պղծեց նրա արձանը Շուշիում։

Այսօր Վազգենի ծննդյան օրն է։ Նրան մեր թշնամիները սպանեցին ֆիզիկապես։ Արժեհամակարգային առումով նրան սպանում են Նիկոլն ու իր շրջապատի մարդիկ։ Հավերժ նզովյալ լինեն մեր երկրի թշնամիները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը