Լրահոս

10.01.2012 16:14


Նախկին ոստիկանապետ. «...ես անձամբ կխնդրեի Մարգար Օհանյանին ազատ արձակել»

Նախկին ոստիկանապետ. «...ես անձամբ կխնդրեի Մարգար Օհանյանին ազատ արձակել»

Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի համոզմամբ՝ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի, և նա պետք է ազատության մեջ լինի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասել է, թե եթե անհարմար չլիներ, ապա ինքն անձամբ կգնար դատավորի մոտ և կխնդրեր Մարգար Օհանյանին ազատ արձակել:

«30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք՝ մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, չարժե նրան դատել որպես սովորական հանցագործի, ասել՝ քրեական հանցագործ է, թող գնա միանգամից բերդում նստի, որովհետև կարող է խանգարել: Կարծում եմ՝ այստեղ բարոյական պահ կա: Ես եթե անհարմար չզգայի, ինքս կգնայի այսօր դատարան, դատավորին կխնդրեի, ով ինչ կուզեր, թող իմ մասին մտածեր, ես եմ գործը հասցրել մինչև վերջ, ես էլ գտնում եմ, որ նա այսօր պիտի դրսում լիներ: Ես իմ կողմից կուզենայի խնդրել, որպեսզի դատարանը մեղմ վերաբերվեր: Ուրախ եմ, որ Դուք ինձ զանգել եք, այս խոսքերը սրտանց եմ ուզում ասել, ոչ թե որ Մարգար Օհանյանը կամ նրա հարազատները լսեն, ուղղակի ես իմ բարոյական պարտքն եմ կատարում. ճիշտ կլինի, որ այդ մարդը դրսում լինի»,-ասել է Ա. Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ ինքն ու Մարգար Օհանյանը հին ընկերներ են եղել և ավելացրել, որ անգամ պատկերացում չունի՝ ով կարող էր զանգել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո Օհանյանին ձերբակալել են:

«Երբ բենզինի չարաշահման փաստն արդեն հիմնավորվել էր, արդեն ամեն ինչ բացահայտվում էր, ես՝ որպես պաշտոնյա, դա թաքցնել չէի կարող. ավելին՝ ես ուզեցի նույնիսկ իրեն մի անգամ հրավիրել, և ասացի ընկերների միջոցով՝ եթե ինքը տեղյակ է, թող վաղը գա ինձ ասի, որ ես տեղյակ եմ չարաշահումից: Միգուցե ես ներելու հնարավորություն ունեի կամ գործը մի քիչ այլ կերպ կներկայացնեի, վնասի վերականգնելը ներառյալ: Բայց, ամեն դեպքում, նա վերջին պահին էլ հրաժարվեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, ավելին՝ ասաց՝ ես եմ խնդրում, թող մինչև վերջ ստուգումը կատարեն: Ես էլ իմ ստուգումը կատարել եմ մինչև վերջ: Հիմա ամեն ինչ կանեի, որ այս ամենը եղած չլիներ, նա դրսում լիներ, որովհետև իմ համար իրոք շատ ծանր է, շատ վատ բան եղավ իմ կենսագրության մեջ՝ անկախ իմ կամքից»,-ասել է նախկին ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը կալանավորվել է հենց Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը