Կարծիք

10.01.2012 13:35


Տարվա դեմագոգիան

Տարվա դեմագոգիան

Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է։

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Այն, ինչ անցած տարվա վերջին  ներկայացրեցին մեր «ուտող, խմող, քեֆ անող» վարչապետը և իր թիմակիցները, ոչ այլ ինչ էր, քան դեմագոգիա:

Երբ ամեն օր հեռուստացույցով, որոշ թերթերով թմբկահարվում էր մեր երկրի «տնտեսական աճի», «զարգացումների» և այլ նման բաների մասին, մի պահ կարծես սկսեցի հավատալ. մտածեցի՝ կարո՞ղ է՝ իմ շրջապատի մարդկանց մոտ է այդպես, կամ չեմ տենում իրականությունը: Լինելով տնտեսագետ` որոշեցի ինքնուրույն ուսումնասիրել Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներն ու հետազոտված մի շարք արդյունքներ ու փաստեցի. անցած տարվա կտրվածքով ՀՀ արտաքին պարտքը անցել է չորս միլիարդ ԱՄՆ դոլարից (մեկ անձի հաշվով` $1286, իսկ տարեկան տոկոսավճարը գերազանցել է 70 մլն  ԱՄՆ դոլարը): Նվազագույն սպառողական զամբյուղի 63 000 դրամ  առկայության պայմաններում նվազագույն աշխատավարձը 32 500 դրամ է, աշխատանքային միջին կենսաթոշակը մոտ 28 000 դրամ է, սոցիալական հիմնական կենսաթոշակը 10 500 դրամ է, ապահովության ընտանեկան միջին նպաստը մոտ 26 000 դրամ է: Աղքատության ընդհանուր մակարդակը 2011թ. աննախադեպ աճ է ունեցել ու կազմել է 35,8%: Բնակչության հավելաճը նվազել է մոտ քսան տոկոսով: Անցած տարվա կտրվածքով ՀՀ սահմանային անցման կետերով իրականացվող ուղևորափոխադրումների բացասական հաշվեկշիռը կազմել է  մոտ 120 000 ՀՀ քաղաքացի:  Ստվերային տնտեսությունը կազմել է ՀՆԱ-ի ավելի քան 40%–ը: Վերջին երկու տարում համաշխարհային տնտեսական համակարգում Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային մրցունակությամբ նահանջել  է  92-րդ տեղը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ` 138–րդ տեղը, մաքսային գործունեության արդյունավետությամբ` 132–րդ տեղը, բիզնես վարման դյուրինությամբ` 153-րդ, կոռուպցիայի ընկալման գծով` 129–րդ,  արտահանման հնարավորությունների գծով` 127–րդ… (չեմ ուզում շարունակել):

Այս ամենից հետո կատարեցի իմ եզրակացությունը. ՀՀ արտաքին պարտքի աննախադեպ աճի պայմաններում ներգրավված միջոցներն անարդյունավետ և ոչ թափանցիկ սկզբունքով են օգտագործվել, տարեցտարի մեծացել է մեկ անձին բաժին ընկնող արտաքին պարտքի բեռը:  Վերջին տարիներին վարվող հակաժողովրդագրական և հակասոցիալական քաղաքականության պատճառով էական անկում է ապրել բնակչության գնողունակությունը, նվազել է կենսամակարդակը, շատ է մեծացել իրական գործազրկությունը, աննախադեպ չափի է հասել Հայաստանից մեկնողների թիվը: Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը խոչընդոտել է երկրի տնտեսական աճին, չի զսպվել բարձր գնաճը: «Ձեթ բաժնող» Կառավարությունը գործել է ի հակադրություն ՀՀ Սահմանադրության  1, 2, 5,  14.1  հոդվածների (այդքան եմ նկատել), նպաստել է տնտեսության մենաշնորհացմանն ու կոռուպցիային… (չեմ ուզում շարունակել):

Այսքանից հետո հայտարարել, թե «ճգնաժամը հաղթահարված է, տնտեսությունը թևակոխել է վերելքի փուլ», խաբկանք է, դեմագոգիա:

Պետք է հասկանա  պարոն վարչապետը. «Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է»:

Շավարշ Շահբազյան

Այս խորագրի վերջին նյութերը