Լրահոս

05.02.2026 21:55


Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների

Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների

Փետրվարի 4-ին և 5-ին Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչներ Դմիտրի Ալենիչևի, Իգոր Սեմշովի և Անդրեյ Տիխոնովի։ Այցի առիթը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հարյուրամյակն էր, ով, ցավոք, չապրեց մինչև իր հոբելյանը։

Այցի շրջանակում ՌՖՄ-ն և ՌԴ Պրեմիեր լիգան՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, կազմակերպեցին բազմաթիվ միջոցառումներ։ Հագեցած ծրագրի գլխավոր իրադարձությունը Երևանում «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան էր։ Նիկիտա Պավլովիչն անձամբ խորհրդատվությամբ էր աջակցել նկարահանող խմբին, և զարմանալի չէ, որ ֆիլմն արդեն արձագանք է գտել ռուս հանդիսատեսի շրջանում։

Այսօր ռուսական ֆուտբոլի լեգենդները՝ Ռոման Բերեզովսկու հետ միասին, «Արարատ» ֆուտբոլային ակումբի բազայում անցկացրին վարպետության դաս։ Տասնյակ տղաների համար դա դարձավ կյանքի անմոռանալի իրադարձություն։ Երեխաները նախ ստացան ինքնագրեր, ապա խաղացին ֆուտբոլ աստղերի հետ։

Դաշտում գլխավոր աստղը, անկասկած, Անդրեյ Տիխոնովն էր։ Երիտասարդական խանդավառությամբ նա մյուսների հետ հավասար վազում էր, բացվում, ընդունում փոխանցումներ և կատարում իր հայտնի՝ սուր ու ճշգրիտ փոխանցումները։ Մեծ վարպետի փոխանցման և գնդակի ընդունման էսթետիկան, անկասկած, երկար կհիշվի բոլոր այն երիտասարդ ֆուտբոլիստների կողմից, ովքեր այդ օրը եղել են դաշտում։

Դրանից հետո ռուսական պատվիրակության անդամները, որոնց թվում էր «Արարատի» և «Սպարտակի» ևս մեկ լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը, հանդես եկան մամուլի ասուլիսով։ Դմիտրի Ալենիչևի խոսքով՝ այցի հիմնական նպատակներից մեկն այս տարվա հոկտեմբերին «Արարատի» և «Սպարտակի» լեգենդների միջև հանդիպման կազմակերպումն է՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանի հարյուրամյակին։

7Or.am-ի թղթակցի հարցին, թե որքան հաջող էին պաշտոնական հանդիպումները հայկական պաշտոնյաների հետ, Դմիտրի Ալենիչևը պատասխանել է՝ չեն կորցնում լավատեսությունն ու հույսը։

Այս խորագրի վերջին նյութերը