Հարցազրույց

28.01.2026 07:56


ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

ԱՄՆ–ն հրապարակել է իր ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ նշվում է՝ մենք աշխարհում համար մեկ գերտերությունն ենք, արևմտյան մայրցամաքը մերն է, մենք ունենք մեկ մրցակից՝ Չինաստանը, և մենք ուժեղանալու ենք Խաղաղ օվկիանոսի ավազանում, որպեսզի զսպենք Չինաստանին, բայց Չինաստանի հետ պատերազմ չենք մղելու, ուղղակի զսպում ենք, և գլխավոր գործընկերը Հարավային Կորեան է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։

«Ռուսաստանին զսպելու են դեպի Եվրոպա, բայց Ռուսաստանը ԱՄՆ–ի մրցակիցը չի, այն դուրս է եկել առաջին պլանից։ Նաև նշվում է, որ ԵՄ–ի անվտանգության համար հենց ԵՄ–ն պետք է զինվի, և ԱՄՆ–ն այլևս գումարներ չի ծախսելու Եվրոպայի վրա։

Թրամփի դոկտրինն ասում է՝ սա իմն է, այստեղ հետաքրքրություն ունեմ, մնացած տեղերում ունեմ տնտեսական շահեր, մյուս երկրների անվտանգությունը չեմ ապահովելու, ոչ միայն մյուս երկրների, Հայաստանի, այլև Եվրոպայինը չեմ ապահովելու։

Հիմա, եթե իրենք նույնիսկ Եվրոպան պատրաստ չեն պաշտպանելու, արդյո՞ք Միացյալ Նահանգները պաշտպանելու է Հարավային Կովկասը «Թրիփի ուղով»։ Այդ փաստաթղթում ուղղակիորեն գրված է, սա որևէ իրավական պարտավորություններ չի ենթադրում, և սա միջազգային փաստաթուղթ էլ չի։ Սա ուղղակի տնտեսական համագործակցության ինչ-որ պայմանագիր է։

Ես կարծում եմ, որ Հայաստանի գործող իշխանության խնդրանքով են այդ փաստաթուղթը ստորագրել ուղղակի նախընտրական քարոզչության համար։ Այսինքն, երբ դա ներկայացնում են որպես խաղաղության երաշխիք, որ ԱՄՆ–ն մեզ երաշխիք է տալու խաղաղության, չկա նման բան։ Դրա լավագույն օրինակը քրդերն են, քրդերին հերթական անգամ «գցեց» ԱՄՆ–ն, և հիմա քրդերի կոտորածն է գնում»,–ասաց քաղաքագետը։

Նա նկատեց, որ Թրամփը հայտարարում է, որ խաղաղությունը կարելի է բերել ուժի միջոցով՝ մեր պայմաններով. «Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ մենք հաստատեցինք խաղաղություն մեր պայմաններով։ Հիմա պայմանավորվում են ուժեղ տղերքը, Ալիև և Թրամփը, դրա համար էլ Ալիևին ընտանյոք հանդերձ ընդունեց Թրամփը, իսկ Հայաստանի վարչապետին՝ ոչ։ Ես կարծում եմ՝ հետագայում, այսպես ասած, ուժեղ առաջնորդներն իրար հետ կպայմանավորվեն»,–ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը