Աշխարհ

15.01.2026 10:17


Ուկրաինայում խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Պուտինը, այլ Զելենսկին․ Թրամփ

Ուկրաինայում խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Պուտինը, այլ Զելենսկին․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնելու արդեն շուրջ չորս տարի շարունակվող ուկրաինական պատերազմը։

«Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարքին։ Կարծում եմ՝ Ուկրաինան շատ ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելուն»,- նշել է Թրամփը։

Հարցին, թե ինչու ԱՄՆ-ի ղեկավարած բանակցությունների արդյունքում չի հաջողվում կարգավորել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ ցամաքային հակամարտությունը, Թրամփը պատասխանել է. «Զելենսկի»։

ԱՄՆ նախագահը նշել է, որ տեղյակ չէ իր բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա կատարելիք հնարավոր այցից, որի մասին նախօրեին հայտնել էր Bloomberg-ը։

Թրամփը չի բացառել Զելենսկիի հետ հաջորդ շաբաթ Դավոսում (Շվեյցարիա) կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպման հնարավորությունը՝ նշելով, որ դեռևս որևէ ծրագիր այս մասով հաստատված չէ։

Հարցին, թե ինչու է նա կարծում, որ Զելենսկին թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում, Թրամփը չի մանրամասնել՝ ասելով միայն. «Ես պարզապես կարծում եմ, որ նա, գիտեք, դժվարանում է դրան հասնել»։

Այս խորագրի վերջին նյութերը