Մեկնաբանություն

08.01.2012 21:02


2012–ին սպասվող գլխավոր իրադարձությունը

2012–ին սպասվող գլխավոր իրադարձությունը

Քաղաքական առումով 2012ին սպասվող իրադարձություններից ամենակարևորն, անշուշտ, խորհրդարանական ընտրություններն են, որոնք իշխանության ձևավորման առումով ավելի կարևոր ու որոշիչ դեր ունեն, քան 2013ի նախագահական ընտրությունները։ Ասել կուզի՝ ապագա նախագահի հարցը կկանխորոշվի այս տարի՝ կախված օրենսդիր մարմնի քաղաքական կառուցվածքից ու այնտեղ ներկայացված ուժերի հարաբերակցությունից։

Այս տարվա մայիսին հիմնական մրցապայքարը կծավալվի ԲՀԿ–ի ու Սերժ Սարգսյանի թիմի միջև՝ «ազգային բուրժուազիան ընդդեմ նեոբոլշևիկների» տարբերակով։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի թիմն ամենևին էլ ՀՀԿ–ն չէ։ ՀՀԿ–ն ընդամենն այն կառույցն է, որն օգտագործելով՝ դրա «ճկուն» ղեկավարն ուզում է միահեծան ու նեոբոլշևիկյան բնույթի իշխանական համակարգ ստեղծել՝ հընթացս «քցելով» թե՛ ՀՀԿ–ին, թե՛ քաղաքական մյուս բոլոր ուժերին։ Սերժ Սարգսյանի թիմ կոչվածը վարչապետն է, փեսան, եղբայրները և մեկ–երկու այլ մարդիկ։ Վե՛րջ։ Մնացած «թիմակիցներին» և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր մեծ կամ փոքր սեփականության տեր են, նա դիտարկում է որպես օգտագործման, կուլակաթափման կամ ճնշման ենթական անհանդուրժելիներ։

Պարզ է, որ Սերժ Սարգսյանը ձգտելու է «50+1» ձայների քանակ ապահովել, ինչպես որ ներկայումս է։ Սակայն պարզ է նաև, որ դա նրան չի հաջողվելու, քանզի 2007ի համեմատ միասնական գործող իշխանական բուրգ չկա, տնտեսությունն աննախադեպ անկում է ապրել վերջին չորս տարվա ընթացքում, մարդկանց կյանքի որակը տիգրանսարգսյանական «բարեշրջումների» արդյունքում էականորեն վատացել է, բիզնեսի բոլոր շերտերը դժգոհ են «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ կառուցելու սերժսարգսյանական քաղաքականությունից։ Եթե այս ամենին գումարում ենք նաև այն, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ–ն 2007ի համեմատ արմատապես այլ կարգավիճակ ու հնարավորություններ ունի և զգալիորեն ուժեղացել է, ապա հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանին լրջագույն դժվարություններ են սպասվում։

Եթե նախկինում իշխանական թիմի համար միասնաբար աշխատում էին վարչական, ուժային, կրիմինալ, կլանային ու տեղեկատվական միավորները, ապա այժմ նախ հարաբերական ու անհասկանալի է դարձել «իշխանական թիմ» հասկացությունը, և բացի այդ՝ վերը նշված ռեսուրսներն այսօր պառակտված են ու դրանց մի մասը բացահայտ կամ թաքուն արդեն իսկ աշխատում է Սերժ Սարգսյանի դեմ, ինչը խոսում է այն մասին, որ 2007ի կրկնություն չի լինելու։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ խորհրդարանի հսկիչ փաթեթից զրկվելով՝ Սերժ Սարգսյանը նույնիսկ չի դնի իր թեկնածությունը 2013–ի նախագահական ընտրություններում, էլ ուր մնաց, թե նախագահական իշխանությունը վերարտադրելու մասին մտածի։

Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը անցած տարի փորձեցին ճիգեր գործադրել և վիճակը շտկելու նպատակով ԲՀԿ–ին միասնական ցուցակ պարտադրել, սակայն անհաջողության մատնվեցին։  ԲՀԿ–ն առաջիկա ԱԺ ընտրություններին Ս. Սարգսյանի հետ միասնական ցուցակով մասնակցելու գաղափարը «պասլատ» անելով ցույց տվեց, որ «կոալիցիոն հուշագիր» կոչվածը մակուլատուրայի թղթից չի տարբերվում, և դա այն ժամանակավոր զիջումն էր, որն արվեց Ծառուկյանի կողմից՝ ուժերը խնայելու և անհրաժեշտ պահին պահանջվող հակահարվածը հասցնելու նպատակով։ Միասնական ցուցակի «փոզմիշ» լինելը ցույց տվեց նաև, որ Սարգսյանի կողմից ճնշումներ կիրառելու հնարավորությունները զրոյացվում են, երբ դիմացինը հաստատակամություն է ցուցաբերում։

Նախագահական նստավայրում հիմա ստիպված են ապավինել միայն «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներով իրականացվող «մուտիլովկային», որը, սական, անարդյունավետ է, քանզի «մուտիլովկայով» առաջ չես գնա ու փոխարենն է՛լ ավելի կթուլացնես երերացող բուրգը։ «Մուտիլովկան» շատ կարճ կյանք ունի, մանավանդ այն դեպքում, երբ բոլորը տեսնում են, որ օրեր շարունակ մի բան ես տարածում, բայց քիչ ժամանակ անց ստիպված ես լինում ինքդ քեզ հերքել ու ինքդ քեզ հակասել՝ հայտնվելով անհարմար դրության մեջ։

«Չենք լռելու»–ներով, տարատեսակ հեռուստաշոուներով, սերիալներով մատուցվող էժանագին PR–արշավները, որոնք կառավարվում են Բաղրամյան 26–ի երիտթևի կողմից, էպիզոդիկ ազդեցություն կարող են թողնել, բայց միջնաժամկետում ու երկարաժամկետում դրանք թիթեռնիկի կյանք ունեն և քաղաքական հակակոդ բանեցնելու դեպքում դաշտից կմաքրվեն այնպես, ինչպես «տառականները» լույսը վառելուց հետո։

Մի խոսքով, Վիշապի տարում Սերժ Սարգսյան – Տիգրան Սարգսյան զույգի քաղաքական ծրագրերի իրականացումը մեծ հարցականի տակ է, եթե չասենք, որ անիրականանալի է։ Նրանք զոհ կդառնան սեփական ագահությանն ու դեմագոգիկ քաղաքականությանը։ Պատկերավոր ասած՝ Վիշապը կուլ կտա «ֆուտբոլային» դիվանագիտության ու «Հայկական աշխարհի» ջատագովներին։

Միակ հարցականն այն է, թե ո՞ր տարբերակով կհեռանա Սերժ Սարգսյանը։ Եթե նա որոշի ամեն գնով կառչած մնալ իշխանությունից, ապա «արաբական գարունը» կարող է կրկնվել այս տարվա գարնանն արդեն Բաղրամյա՛ն փողոցում՝ այդտեղից բխող Հայաստանի համար բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ։

Իսկ եթե Սերժ Սարգսյանը համակերպվի սեփական պարտության հետ կամ այնպես արվի, որ նա ստիպված լինի ձեռնպահ մնալ երկիրը ցնցումների տանելու տարբերակից, ապա նրան սպասվում է Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոյի ճակատագիրը։ Սա, նկատենք, ամենացանկալի տարբերակը կլինի։

Առաջիկա ամիսները ցույց կտան, թե արդյոք իշխանությունները դասեր քաղե՞լ են Եգիպտոսում, Լիբիայում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից։

Եգիպտոսի ու Լիբիայի նախկին ղեկավարներն անհեռատես գտնվեցին։ Արդյունքում՝ Քադաֆիին փողոցում «սամասուդ» արեցին, իսկ Մուբարաքին այսօր ուզում են մահվան դատապարտել՝ կախաղան բարձրացնելու միջոցով։

Յուշչենկոն ադեկվատ գտնվեց, ու հիմա ընդամենը պաշտոնաթող նախագահ է. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ճիշտ է, Յուշչենկոյի գործընկեր վարչապետին՝ Յուլիա Տիմոշենկոյին դատում են, բայց դա այն գինն է, որը պետք է վճարեր «նարնջագույնների» թիմը 2009ին արձանագրված 15 տոկոսանոց տնտեսական անկման, մակրոտնտեսական բացասական ցուցանիշների, ուկրաինացիների մեծ մասի աղքատացման  և բիզնես մթնոլորտի վատացման դիմաց։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը