Կարծիք

07.01.2026 19:18


Երևանը վերածվել է մեծ սահադաշտի

Երևանը վերածվել է մեծ սահադաշտի

Երևանի ավագանու որոշումներով հերթական անգամ պատասխանատվությունը հրամցվում է տնտեսվարող քաղաքացուն, և քաղաքը շարունակում է մնալ սառույցի ու անպատասխանատու կառավարման մեջ։

Այս տոնական օրերին Երևանի վարչական շրջանները զբաղված են քաղաքացիներին ու փոքր բիզնեսին ծանուցելով և տուգանելով, այն դեպքում, երբ հարյուրավոր երևանցիներ սայթաքում են չմաքրված մայթերի վրա, ստանում մարմնական վնասվածքներ, կոտրվածքներ և հայտնվում հիվանդանոցներում։

Ո՞ւր է նայում Երևանի քաղաքապետարանը, երբ ողջ քաղաքը վերածվել է մեծ սահադաշտի։

Ո՞ւր են քաղաքային ծառայությունները, որոնք պարտավոր էին ապահովել համընդհանուր, համակարգված ու անվտանգ մաքրում, ոչ թե ընտրողական վերահսկողություն։

Ճիշտ է՝ համատիրություններն ու տնտեսվարողները ևս պարտավորություններ ունեն, բայց պատասխանատվության առյուծի բաժինը կրում է Քաղաքապետարանը, քանի որ խոսքը հանրային անվտանգ միջավայր ապահովելու մասին է։

Երբ քաղաքային իշխանությունը չի կարողանում կազմակերպել քաղաքը ձմռանը,

երբ մայթերը վտանգավոր են տարեցների, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար, տուգանքը դառնում է ոչ թե կարգապահության միջոց, այլ անգործության քողարկում։

Պարոնա՛յք պատասխանատուներ, քաղաքը չի կառավարում ծանուցումներով։ Քաղաքը կառավարվում է քաղաքական կամքով, հոգատարությամբ, աշխատանքով, արդյունավետ համակարգմամբ և պատասխանատվությամբ։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը