Քաղաքական

05.01.2026 12:40


Դեպի ազատագրում և հաղթանակ. Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը կալանավայրից

Դեպի ազատագրում և հաղթանակ. Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը կալանավայրից

«Փառք Քեզ Աստված, փառք քեզ, Ամեն բանի համար փառք Քեզ»...

Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը:

Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և Հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով նոր կյանքի և Հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի 2026 թվականին մեր կյանքից հեռացնելով

չարիքը` իր բոլոր դրսևորումներով,

սուտը,

կեղծիքը,

ատելությունը,

թշնամությունը,

պարտությունը,

վախը,

ուրացումը,

դավաճանությունը,

դավադիր հոգին,

անարդարությունը,

և մեր կյանքում հաստատվեն

ճշմարտությունը,

արդարությունը,

ազատությունը,

պատիվը,

հավատարմությունը,

նվիրումը,

արիությունը,

հաշտությունը,

սերը

և հաղթանակը,

այն բոլորը, ինչ Աստծունն է և բարի է:

Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ է'լ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան` կարևոր իմաստով, որն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը... ուրախացե'ք և ցնծացե'ք» (Մատթ. 5:11-12), և «նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Եսայի 57:13):

Թող 2026-ը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով` Հայաստանի և հայության, մեր Սուրբ Եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի, և թող Իր Սուրբ Ծննդյան հրաշքով «Հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15:13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13:12)...

Դեպի Ազատագրում և Հաղթանակ...

Բարի Ամանոր և Սուրբ Ծննդյան օրհնություն Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ Օրհնեալ է յայտնութիւնն

Քրիստոսի Բագրատ արք. Գալստանյան Արշակ արք. Խաչատրյան

05.01.2026

Այս խորագրի վերջին նյութերը