Լրահոս

15.01.2011 12:22


Էմմա Պետրոսյանը քոլեջների միաձուլումը ճիշտ չի համարում

Էմմա Պետրոսյանը քոլեջների միաձուլումը ճիշտ չի համարում

ՀՀ կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի N 1055-Ն որոշման 11-րդ կետի համաձայն՝ երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին: Այս մասին «7 օր»-ին ասել են խմբագրություն այցելած Երևանի էստրադային և ջազային քոլեջի ներկայացուցիչները։

Մեկնաբանելով վերոնշյալ հանգամանքը՝ երգչուհի Էմմա Պետրոսյան «7օր»-ին ասել է, թե իր ցանկությունն է, որ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջն ու Երևանի մշակույթի պետական քոլեջը չմիավորվեն, որովհետև ի սկզբանե երկար տարիներ ամեն մեկն իր առանձին գործունեությունն է ծավալել, և այն, ինչ արել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, չի արել Երևանի մշակույթի պետական քոլեջը։

-Ցանկալի կլինի, որ քոլեջը մնա որպես այդպիսին, որովհետև ինքը շատ լավ ավանդույթ ունեցող շենք է եղել և հիանալի դասավանդող աշխատակազմ է ունեցել, ես ինքս սիրով եմ հաճախել և ոչ մի դաս բաց չեմ թողել՝ լինելով կոնսերվատորիայի ուսանող,-ասել է նա։

Էմմա Պետրոսյանը նշել է, թե չի կարող գնահատել ու քննարկել մշակույթի նախարարի գործունեությունն այս հարցում, սակայն եթե որոշողը նախարարն է, և քոլեջները պետք է միաձուլվեն, ինքը դեմ է դրան։

-Նրանք երկուսն էլ առանձին գործունեություն են ծավալում, ունեն կոլեկտիվ, և վստահ եմ, որ այդ կոլեկտիվն էլ դեմ կլինի միավորվելուն. բնականաբար այն մեծ կդառնա, և որոշ մարդիկ դուրս կգան, աշխատատեղեր կկրճատվեն։ Ես այդ միասնությունը ճշգրիտ չեմ համարում։ Կարծում եմ, որ նրանք պետք է պայքարեն, որ նման բան չլինի։ Ես կցանկանայի, որ նրանք երկուսն էլ շարունակեին իրենց գործունեությունը՝ լինելով առանձին աշխատանքային մշակութային տներ,-ասել է երգչուհին։

Նրա խոսքերով՝ առկա է ոչ միայն կոլեկտիվների, այլև մասնագիտական խնդիր.

-Օրինակ, քոլեջում դասավանդում է Ռոբերտ Ամիրխանյանը, Երևանի մշակույթի պետական քոլեջում չկա նա, կամ եթե նույնիսկ կա, Ռոբերտ Ամիրխանյանը կհամաձայնի՞ այնտեղ դասավանդել։ Մենք իրավունք չունենք նրան ո՛չ վիրավորելու, ո՛չ կորցնելու, որովհետև երկրորդ Ռոբերտ Ամիրխանյան չունենք։ Բաբաթորոսյանը հիանալի մասնագետ է, մենք չենք կարող նրանց կորցնել, իսկ երկու քոլեջներն իրար միավորելու դեպքում նա, հնարավոր է, ուղղակի դուրս գա։ Եթե մենք մի քիչ ուշադիր լինենք, թե մենք ինչ ենք փոխում և ինչ անհատների ենք կորցնում, ես միանշանակ դեմ եմ,-ընդգծել է Է. Պետրոսյանը և հավելել, որ իրական մասնագետներն այսօր այնքան  քիչ են, որ ինքն ուղղակի սարսափում է, թե ինչ է լինելու 30 տարի հետո։

Նրա համոզմամբ՝ գերխնդիրը այնտեղ դասավանդող  մարդկանց կարծիքը հաշվի առնելն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը