Քաղաքական

31.12.2025 11:09


«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տարվա վերջում ընդունված է ամփոփել անցնող տարին, տալ գնահատականներ և նախանշել հետագա անելիքները։

Եթե քաղաքական առումով գնահատելու լինենք 2025–ը, ապա այն անհաջող էր, քանզի Հայաստանը շարունակում է ղեկավարել դավաճանության, պատերազմի, պարտության, ստախոսության խորհրդանիշը։ Քանի դեռ նա գտնվում է Կառավարության շենքում, քաղաքական պայքարի արդյունքները պետք է գնահատել բացասական նշանով։

Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Պետք է հետևում թողնել հետանկախական շրջանի բոլոր արատավոր բարքերը, քաղաքական աղբանոց ուղարկել օրվա տխրահռչակ իշխանությանը և ապահովել իրական խաղաղություն, իրական զարգացում։

Սրանք առաջարկում են թուրք–ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որը նույն վախճանն է նախատեսում Հայաստանի համար, ինչը տեսանք Արցախում։

Արցախում հիմա խաղաղություն է, բայց այն գերեզմանային է մեզ համար, քանզի այնտեղ այլևս հայ չի ապրում։ Մեզ այդպիսի խաղաղություն պետք չէ։

Մենք այդ գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրակա՛ն խաղաղություն։ Դա հնարավոր է բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, տնտեսության զարգացմամբ, հանրային համերաշխության ապահովմամբ։

Թուրք–ադրբեջանական օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։ Մեր առաջարկը Հայաստանի քաղաքացուն զերծ է թշնամական պարտադրանքներից, պատանդի կարգավիճակի բերումով անվերջ զիջումներից, թշնամական թելադրանքով հայկական ինքնության և մեր Եկեղեցու դեմ պայքարից։

Սոցիալ–տնտեսական խնդիրները պետք է լուծվեն ոչ թե նեղ խմբակի, այլ հանրության լայն շերտերի համար։ Տնտեսական հարաբերությունները պետք է նվազեցնեն աղքատությունը, թոշակառուների համար արժանապատիվ կյանք ապահովեն, բիզնեսի բոլոր շերտերի համար հարկային տեռորից զերծ քաղաքականություն նախատեսեն։

Սիրելի՛ ժողովուրդ,

2026–ը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի հեռացման տարի։ Նա պետք է հեռացվի, որպեսզի Հայաստանն ապրի։

«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026–ի ԱԺ ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում։

Մենք ստեղծման օրվանից կռիվ ենք տալիս սրանց դեմ բոլոր հարթակներում։ «Մայր Հայաստանը» ներկայացված է Հանրապետության երեք խոշոր քաղաքների տեղական խորհրդարաններում, այդ թվում՝ Երևանում։ Առանց ավելորդ համեստության պետք է արձանագրեմ, որ մայրաքաղաքում մեր թիմն ամենաարդյունավետն է։ Մենք պաշտպանում ենք քաղաքացու շահերը բոլոր հնարավոր մեթոդներով, և դա տեսանելի է բոլորին։

Խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը ոչ այնքան մանդատների քանակի, որքան իշխանափոխության հասնելու համար է լինելու։ Այս առումով մենք ընտրություններին կմասնակցենք ամենաարդյունավետ ձևաչափով՝ պատրաստ լինելով ստանձնել մերանի և համախմբողի ֆունկցիան։ Մեր հանրությանը պառակտել են, թշնամացրել են, թուլացրել են։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, ուժեղացնելու ենք։

Պետք է մի կողմ դնել իշխանությունների կողմից պարտադրվող նախկինի ու ներկայի հակադրության կեղծ օրակարգը և առաջնորդվել ապագայի օրակարգով։

Մենք հայտարարել ենք, որ ոչ իշխանական դաշտում պետք է, այսպես կոչված, ջրային հրադադար հայտարարվի, դադարեցվի միմյանց դեմ պայքարը։ Իրական ընդդիմադիր ուժերի քաղաքական թիրախում պետք է լինի բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր մահաբեր քաղաքականությամբ հանդերձ։

Հարգելի՛ հայրենակիցներ,

2026–ը վճռորոշ տարի է լինելու։ Քաղաքական փոփոխությունների շունչը թակում է բոլորիս դուռը։ Միասնաբար մենք կհասնենք հաջողության։

Նոր Տարվա գիշերը բաժակ բարձրացնելիս պետք է մաղթել բարի ծառայություն մեր սահմանը պահող զինվորների, իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող բոլոր քաղաքացիների, Բաքվում և Երևանում գերության մեջ գտնվողների ազատման, քաղաքական դրական փոփոխությունների, մեր երկրի անվտանգության ու զարգացման համար։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը