Աշխարհ

29.12.2025 10:20


Շատ մոտ ենք խաղաղությանը․ Թրամփը մանրամասներ է ներկայացրել Զելենսկիի հետ հանդիպումից

Շատ մոտ ենք խաղաղությանը․ Թրամփը մանրամասներ է ներկայացրել Զելենսկիի հետ հանդիպումից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում իր Մար-ա-Լագո հանգստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Հանդիպումից առաջ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան CNN-ը, ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է և անհրաժեշտ կլինի առաջիկայում նոր հանդիպում անցկացնել։

Թրամփը գովասանքի խոսքեր է հնչեցրել Զելենսկիի հասցեին՝ վստահություն հայտնելով, որ խաղաղությունը մոտ է․ «Ես վստահ եմ, որ մենք մոտենում ենք, հնարավոր է՝ շատ մոտ ենք։ Կարծում եմ՝ մենք բանակցությունների ավարտական փուլում ենք։ Այն (խմբ․՝ պատերազմը) ավարտվելու է, հակառակ դեպքում շատ երկար կշարունակվի և միլիոնավոր նոր մարդիկ կսպանվեն»։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունները շարունակելու նպատակով առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպեն ամերիկյան, ուկրաինական և եվրոպական պատվիրակությունները։ Թրամփի խոսքով՝ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Վաշինգտոնում։

«Մեկ կամ երկու շատ փշոտ հարց կա, շատ բարդ հարց, սակայն, կարծում եմ, մենք ամեն բան լավ ենք անում։ Մենք մեծ առաջընթաց գրանցեցինք այսօր։ Գործընթացը մեկ օր չի կարող տևել, սա շատ բարդ հարց է»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը խոսել է նաև Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ Պուտինը շատ լուրջ է տրամադրված խաղաղության հաստատման հարցում։ «Նա ցանկանում է, որ դա տեղի ունենա, նա ցանկանում է տեսնել դա։ Նա ինձ վստահեցրել է, և ես հավատում եմ նրան»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ հայտնելով, որ առաջիկայում կրկին խոսելու է Պուտինի հետ։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին հանդիպման համար՝ վերահաստատելով խաղաղություն հաստատելու իրենց պատրաստակամությունը։

Այս խորագրի վերջին նյութերը