Աշխարհ

24.11.2025 09:50


100 տարեկանում կյանքից հեռացել է Նիկիտա Սիմոնյանը

100 տարեկանում կյանքից հեռացել է Նիկիտա Սիմոնյանը

Ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոն, Խորհրդային Միության և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը 100 տարեկանում հեռացել է կյանքից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Матч ТВ-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետարանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

«Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ էր զգացել, նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա կյանքից հեռացել է»,-ասել է Միրզոյանը։

Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։

Որպես մարզիչ Նիկտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։

Այս խորագրի վերջին նյութերը