Կարծիք

31.12.2011 12:20


Ձեռքբերումներ, որոնք մեզ պետք չեն

Ձեռքբերումներ, որոնք մեզ պետք չեն

2011 թվականն իսկական ձեռքբերումների տարի էր վարչախմբի եւ հատկապես Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի համար: Երկարատեւ աշխատանքը տվեց իր արդյունքները եւ տարվա վերջին կառավարությունը հնարավորություն ստացավ անապահովներին հատկացնել երեքական շիշ ձեթ: Համաձայնեք, որ տարածաշրջանում նման երկիր գոյություն չունի, որը կիրառելով ժամանակակից գիտության նվաճումները, օգտագործելով տեխնոլոգիաների նորանոր մշակումները՝ հասավ նրան, որ հայ մարդը Ամանորին որպես նվեր ստացավ երեք շիշ ձեթ:

Հիմա արդեն թերահավատները հասկացան, որ Սերժ Սարգսյանն իսկապես խոսքի տեր մարդ է: Նա մոտ երեք տարի առաջ ասում էր, թե պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրում բարձրագույն արժեք դառնա մարդը, իսկ հիմա արդեն հասավ իր նպատակին: Մի պահ պատկերացրեք երեք շիշ ձեթ ստացած հայ մարդու դեմքը եւ կհասկանաք, որ նա իրոք մեր երկրի բարձրագույն արժեքն է:

Ոմանք կհարցնենք, թե բացի ձեթից էլ ինչ ձեռքբերումներ ունի վարչախումբը: Հարցնելու փոխարեն լավ կանեն հիշեն, թե ինչպես պաշտոնից հեռացավ մայրաքաղաքի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Մի օր նա վերցրեց եւ գնաց խոպան: Եկեք ընդունենք, որ աշխարհի որեւէ երկրի մայրաքաղաքի քաղաքապետ մինչ օրս պաշտոնից չէր հրաժարվել արտերկրում աշխատանքի տեղափոխվելու համար: Հիմա հասկանո՞ւմ եք չէ, թե ինչ հսկայածավալ աշխատանք է իրականացրել Սերժ Սարգսյանը եւ անշուշտ Տիգրան Սարգսյանը, որ քաղաքապետը կարող է քեֆը տված պահին հավաքել իրերը եւ չվել տաք, իսկ ավելի ճիշտ ավելի ցուրտ, բայց փողոտ երկրներ:

Իսկ մի՞թե ձեռբերում չէ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նույն ինքը Լիսկան, որին որոշ լրագրողներ, չգիտես ինչու, անվանում են նաեւ Լիցկա: Ցույց տվեք մեկ այլ երկիր, թեկուզ եւ Աֆրիկայում, որի մարզպետը կարող է մայրաքաղաքում ապտակել գործարարի եւ ոչ միայն մնալ անպատիժ, այլ նաեւ պաշտոնանկ չարվել: Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը հասցրել են կառուցել մի այնպիսի համակարգ, որտեղ մարզպետներն այնքան ազատ են, որ կարող են հանուն «պետականության կայացման» ապտակել ցանկացած մարդու, ցանկացած տեղում: Կրկին որոշ անպատասխանատու տարրեր կշտապեն ասել, թե ինչու պաշտոնանկ արվեց Գագիկ Բեգլարյանը, իսկ Լիսկան նման ճակատագրի չարժանացավ: Բայց ամեն ինչ այնքան պարզ է, որ հարցնելու որեւէ հարկ չկա: Եկեք չմոռանանք, որ Բեգլարյանը նախագահի աշխատակազմի աշխատակցին ապատակել էր 2010-ին, իսկ Լիսկան` 2011: Համաձայնեք, որ մեկ տարին բավական է առաջընթացի համար: Զարմացրեց միայն այն փաստը, որ խիզախության եւ արիության համար Լիսկան այդպես էլ չպարգեւատրվեց:

Անդրադառանալով մյուս ձեռքբերումներին չենք կարող չնշել արտագաղթի աննախադեպ ծավալները: Եկել է ժամանակը, որ արձանագրենք, որ միայն տնտեսական ճկուն քաղաքականության պայմաններում կարելի է հասնել նման հաջողության: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ժողովուրդն այնքան ծույլ է, որ չի ցանկանում մեկնել արտագնա աշխատանքի, հայ մարդը նվաճում է աշխարհը: Պատահական չէ, որ հարբած վարչապետը ելույթ ունենալով ՀՀԿ-ական երիտասարդների առաջ այնքան անկեղծացավ, որ շեշտեց, թե մենք աշխարհին կարող ենք տալ տաղանդավոր երիտասարդներ: Այսպիսով «Հայկական աշխարհի» շրջանակներում կառավարությունն իրականացնում է «Հայաստանն առանց հայերի» խիստ հայրենասիրական ծրագիրը:

Կույր պետք է լինել, չնկատելու համար, որ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի ջանքերով աղքատության մակարդակը Հայաստանում կտրուկ աճեց: Պարզվում է, որ ինչպես Տիգրան Սարգսյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը Դիոգենեսի ուսմունքի հետեւորդներ են եւ համարում են, որ աղքատությունը մարդուն մոտեցնում է կատարելության: Նրանք համոզված են, որ հարուստ մարդը դառնում է փողի եւ տարատեսակ զարդերի եւ առարկաների գերին։ Դրա համար էլ մեր իշխանավորներն ամեն ինչ անում են հայ մարդուն գերությունից ազատելու համար: Տարածաշրջանում նման մեկ այլ երկիր հնարավոր չէ գտնել:

Ի դեպ, համընդհանուր բարոյական նորմերին հակադրվելը Դիոգենեսը դարձնում է սկզբունք` արհամարհելով ամեն կարգի ծաղր ու հայհոյանք: Եւ ինչպես մենք այսքան ժամանակ չենք նկատել, որ Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը նույնպես արհամարհում են ամեն կարգի ծաղր եւ հայհոյանք ու մեծագույն համառությամբ շարունակում են անել այն, ինչ ուզում են:

Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլեւ ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը: Ամենայն հավանականությամբ վարչախումբը ընտանիքով զբաղվելու ժամանակ այնքան չունի, բայց որ նպատակասլացությամբ կործանում են մեր պետությունը` տեսանելի է անգամ տաքսու վարորդ Բաբկենին, որ երեկ ինձ հայտնեց, որ սրանք, այսինքն իշխանությունները` կործանում են պետությունը: Տաքսիստ Բաբկենը բազմաթիվ օրինակներ բերեց, որ ես համոզվեմ, որ նա քամի տատանող չէ: Հետաքրքիր է, որ հույն փիլիսոփան որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»: Հիմա ինչպես չհիշենք «Հայկական աշխարհ» կառուցող Տիգրան Սարգսյանի մեղմիկ ժպիտը եւ նյուվասյուկիական տիպի հայտարարությունները:

Տարօրինակ է, որ Դիոգենեսի ուսմունքի հետեւորդներն իրենք չեն արտագաղթում կամ չեն հրաժարվում իրենց հարստությունից: Բայց, ամեն ինչի համար ժամանակ է անհրաժեշտ: Իսկ նրանք, ովքեր հետեւում են Դիոգենսին, ապա կարող են հրաժարվել հարստությունից եւ տեղավորվելով տակառի մեջ դառնալ ազգային արժեք եւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Կարծում եմ, որ մենք իրոք հոգնել ենք գիտափորձերից եւ 2012-ին կդնենք Նոր Հայաստան ստեղծելու ամուր հիմքերը։

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը