Լրահոս

06.05.2009 18:20


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ:
Ուղերձում ասված է.
-Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ 20-րդ դարի ականավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչ, պատմաբան ու դիվանագետ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձը:

Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով ապացուցեց, որ նույնիսկ Խորհրդային Միության կազմում հնարավոր է մշակել և վարել հայաստանակենտրոն և հայակենտրոն արտաքին քաղաքականություն՝ մնալով տվյալ ժամանակի և քաղաքական պահի համատեքստում: Այսօր արդեն կարելի է որոշակիորեն պնդել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը գիտականորեն հիմնավորեց և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ընդգրկելու առաջին հաջողված փորձն արեց հենց Ջոն Կիրակոսյանը:

Ջոն Կիրակոսյանն իր ժողովրդի զինվորն էր, որ ուներ հրամանատարի պատրաստվածություն ու ռազմավարություն կերտողի հեռատեսություն: Նա իր ժողովրդի ծառան էր, որն ուներ տիրոջ գիտակցություն և սրտացավություն: Նա կայացավ իբրև արտաքին գործերի փայլուն նախարար մի երկրում, որն աշխարհի համար նույնիսկ միջազգային իրավունքի սուբյեկտ չէր: Իր գործով նա դարձավ Հայաստանի նորագույն պատմության և նրանում ընթացող քաղաքական գործընթացների անքակտելի մաս:

Նշելով այս հոբելյանը, ոգեկոչելով Ջոն Կիրակոսյանի հիշատակը՝ մենք արձանագրում ենք ոչ միայն մեր, այլև սերունդների համար, որ նման նվիրյալներով է ազգը՝ ազգ, երկիրը՝ երկիր:

 

Այս խորագրի վերջին նյութերը