Հարցազրույց

29.12.2011 16:04


Ռուբեն Բաբայան.

Ռուբեն Բաբայան.

Հարցազրույց  Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ.

–Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին։

–Հաջողությունների տարի է եղել, որովհետև հինգ նոր ներկայացում ենք բեմադրել։ Միջազգային բազում փառատոնների ենք մասնակցել Հայաստանի սահմաններից դուրս։ Մի խոսքով, ստեղծագործական առումով, կարծում եմ, հաջողված տարի էր թատրոնի համար։ Նաև հրավերներ ենք ստացել հետագա տարիների համար։ Թատրոնում տեղի է ունենում սերնդափոխություն, գալիս են երիտասարդներ։

–2011–ից հատկապես ո՞ր իրադարձությունը կառանձնացնեք։

–Դժվարանում եմ ասել։ Կարծում եմ՝ այս տարի հասարակական ակտիվություն նկատվեց Հայաստանում, ինչպես, օրինակ, բնապահպանական շարժումները, որոնք ուղղված էին նաև ճարտարապետական և մշակութային օջախների պահպանմանը։ Հասարակության այդ ակտիվացումն ամենամեծ ձեռքբերումն է, որը ոչ թե կուսակցականացված է, այլ շատ ավելի լայն շերտեր է ներգրավում։ Հույս ունեմ, որ մի օր Հայաստանը կլինի շատ քաղաքակիրթ երկիր, և այդ հարցի լուծումը տեսնում եմ հենց հասարակության ակտիվության մեջ։

–Այդ ակտիվացման մեջ որքա՞ն է մտավորականի կամ արվեստագետի դերը։

–Յուրաքանչյուր մտավորական ինքն իր համար է որոշում այդ դերը։ Անձամբ ես հրապարակում կամ ամբիոնում  ելույթ ունեցողներից չեմ՝ զուտ մարդկային խառնվածքից ելնելով։ Ամենակարևորը՝ ինքդ քեզ չստես և հասկանաս, որ եթե մտավորականի կամ արվեստագետի կոչում ունես, արդեն որոշակի պարտավորություններ ես կրում։ Պետք է ազնիվ լինես քո շրջապատի, հասարակության հետ։ Գուցե և սխալվես, բայց անկեղծ լինելն ամենակարևոր բանն է։

–Գալիք տարվանից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

–Ակնկալիքներս ավելի շատ կապված են երիտասարդության հետ։ Ես շատ եմ սիրում ֆրանսիական հետևյալ ասացվածքը. «Ծնողները խակ խաղող են կերել, երեխաների ատամները ցավում են»։–Քանի որ ես ծնողի կարգավիճակում եմ հիմա արդեն, համարում եմ՝ հնարավորին չափ խակ խաղող ուտելը պետք է դուրս գա մեր օրաբաժնից, որպեսզի մեր երեխաների ատամները չցավեն։

–Երբևէ Ձմեռ պապի դեր կատարե՞լ եք։

–Մեկ–երկու անգամ եղել է, երբ ընկերներս խնդրել են՝ իրենց տուն այցելեմ։

–Ի՞նչ կմաղթեք գալիք տարում։

–Ես կարծում եմ՝ արժանապատվությունը քաղաքացու ամենակարևոր հատկություններից մեկն է։ Ես ուզում եմ, որ մեր երեխաներն արժանապատիվ կյանքով ապրեն։ Յուրաքանչյուրը կընտրի իր ճանապարհը, իր խաչը, բայց թող այդ խաչը տանի արժանապատվորեն։ Կարելի է լցնել ստամոքսը և զրկվել արժանապատվությունից։ Ես դրա կողմնակիցը չեմ։

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը