Լրահոս

29.12.2011 12:02


Ցուցարարները կառավարության շենքի առջև «շարիկ» են գլորել

Ցուցարարները կառավարության շենքի առջև «շարիկ» են գլորել

ՀՀ կառավարության շենքի առջև մեկնարկել է բնապահպանական բողոքի գործողություն, որի նպատակն է չեղյալ  ճանաչել կառավարության ընդունած 627-Ն որոշումը։ Հիշեցնենք՝ կառավարության 627-Ն որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը ճանաչվել են «բացառիկ գերակա հանրային շահ» և վարձակալության իրավունքով տրամադրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։

«7օր»–ի մեր թղթակիցը տեղեկացնում է, որ կառավարության շենքի առջև 100–ից ավելի ցուցարար է հավաքվել։ Բնապահպաններից մեկն այժմ պատրաստվում է նամակ հանձնել կառավարությանը, որտեղ և ներկայացված են իրենց պահանջները։ Կառավարությանը հիշեցնելով, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ–ում բնապահպանական հարցի քննարկման ժամանակ IPad–ով «շարիկ» էր գլորում, ցուցարարները կառավարության շենքի առջև նույնպես «շարիկ» են գլորել՝ արտահայտելով իրենց բողոքը։

Այնուհետև ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր և նույնպես նամակ են հանձնելու։

Ցուցարարներին են միացել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը