Կարծիք

07.11.2025 09:12


Ինչո՞ւ է Էրդողանն՝ Արևմուտքի հետ միասին, փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին

Ինչո՞ւ է Էրդողանն՝ Արևմուտքի հետ միասին, փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին

Նախ, հակիրճ ներկայացնենք, թե կրոնական կառուցվածքի տեսանկյունից ինչ է իրենից ներկայացնում Վրաց եկեղեցին:

Վրացիները աշխարհի երկրոդ ժողովուրդն են, որ ընդունել են քրիստոնեությունը պետականորեն, իսկ Գրիգոր Լուսավորիչը եղել է վրացիների հոգևոր առաջին քրիստոնյա ղեկավարը

Քրիստոնեությունը Վրաստանում սկսեց տարածվել առաջին դարից:

Ինչպես նշում է գերմանացի արևելագետ Ժասմին Դում-Տրագուտը, 325 թվականի Նիկիայի ժողովի ժամանակ Իբերիայում ամենաբարձր հիերարխիկ աստիճանը Հայ եկեղեցու ղեկավար Գրիգոր Լուսավորիչն էր, որին հաջորդում էին նրա որդին՝ Արիստակեսը, և թոռը՝ Գրիգորիսը: «Քարթլիի դարձի» մեջ Մցխեթայի առաջին եպիսկոպոս Հովհաննես I-ը (335-363) հիշատակվում է Գրիգորիսի մահից անմիջապես հետո՝ 330-335 թվականների միջև: Գրիգոր Լուսավորչի որդին և հաջորդը՝ Արիստակեսը, Նիկիայի ժողով է ուղարկվել ոչ միայն որպես Հայ եկեղեցու ներկայացուցիչ, այլև որպես Իբերիայի և Ալբանիայի եպիսկոպոս: Այսպիսով, այս ժամանակահատվածում և՛ Ալբանիան, և՛ Իբերիան, Դում-Տրագուտի խոսքերով, գտնվում էին «Հայ եկեղեցու հիերարխիկ հովանու ներքո»:

324-326 թվականներին, Սուրբ Նինոյի ջանքերի շնորհիվ, քրիստոնեությունը դարձավ Վրաստանի պետական ​​կրոնը։

609 թվականին Վրաստանի եկեղեցին ընդունեց Քաղկեդոնի ժողովի որոշումները և փաստացի տարանջատվեց հայ եկեղեցուց:

Դրանից հետո վրաց եկեղեցին, լինելով ինքնուրույն միավոր, համառորեն պայքարում էր իր ժողովուրդի շահերի համար, որ նրանք չդավանափոխվեին մահմեդական արշավներ կազմակերպող զավթիչների պարտադրանքով:

Թույլ և պառակտված վրացի թագավորների պարագայում Վրաց եկեղեին ահռելի մեծ դեր էր կատարում վրաց ժողովրդի կյանքում:

1801 թվականին, երբ Վրաստանը միացվեց Ռուսական կայսրությանը, Վրաց եկեղեցին ոչ միայն կորցրեց իր նախկին կարգավիճակը, այլև վերացավ, որպես ինքնուրույն կրոնական-եկեղեցական միավոր: Վրաց եկեղեցին ստացավ Ռուսական եկեղեցու վրացական էկզարխության կարգավիճակ և վերացվեց վրաց կաթողիկոսի ինստիտուտը:

1917 թվականի փետրվարյան հեղափոխության արդյունքում Վրաց եկեղեցին կրկին վերականգնեց իր նախկին կարգավիճակը՝ անջատվելով ռուս ուղղափառ եկեղեցուց:

1917 թվականի մարտի 12-ին Մցխեթայի ժողովում հռչակվեց Վրաց եկեղեցու ավտոկեֆալիան։ Սակայն այն սկզբից չճանաչվեց ռուս ուղղափառ եկեղեցու կողմից:

1917 թվականի սեպտեմբերի ժողովում ընտրված Կիրիոն II կաթողիկոսին ուղղված իր ուղերձում Մոսկվայի պատրիարք Տիխոնը դատապարտեց վրաց եկեղեցու ավտոկեֆալիայի չարտոնված վերականգնումը։ Մոսկվայի պատրիարքության և Վրաց եկեղեցու միջև կապը խզվեց։

Այդ հարաբերությունները վերականգնվեցին 1943 թվականին, Ստալինի ջանքերի շնորհիվ: Ընդ որում, Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչեց Վրաց եկեղեցու ավտոկեֆալիան:

Սակայն խորհրդային ժամանակներում Վրաց եկեղեցին չուներ հնարավորություն լուրջ զարգանալու: Նշենք, որ 1977-ի դրությամբ, Վրաստանում գործում էին ընդամենը մի քանի եկեցեղի, և կար ընդամենը 50 հոգևորական:

1977-ին Վրաց եկեղեցու կաթողիկոս-պատրիարք ընտրվեց Իլիա Երկրորդը, ով նոր էջ բացեց եկեղեցու զարգացման հարցում:

Նրա շնորհիվ այսօր Վրաստանում գործում են ավելի քան 200 եկեղեցիներ, և իրենց ծառայությունն են իրականացնում մոտ երեք հազար հեգևորականներ:

Այսօր Իլիա Երկրորդի վարկանիշը տատանվում է մոտ 90 տոկոսի սահմաններում: Նրա հեղինակությունը գրեթե անհերքելի է համարվում:

Սակայն այս իրավիճակը նյարդայնացնում է արևմտյան որոշ կենտրոնների և Թուրքիային:

Քանզի Իլիա 2-րդն իր հեղինակությամբ նաև ավելի շատ հարում է այսօրվա Ռուս ուղղափառ եկեղեցուն, քան Ստամբուլում գործող տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ին:

Եթե ներկայիս Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքը, ըստ փորձագետների, գտնվում է Ռուսաստանի իշխանության ազդեցության տակ, ապա տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ն գործում է Էրդողանի ազդեցության տակ և նա նույնիսկ ունի թուրքական բանակի սպայի կոչում:

Զարմանալի չէ, որ ծագումով հույն այս հոգևորական առաջնորդը կապ չունի նաև Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ:

Ֆորմալ տեսանկյունից նրա կարգավիճակը ոչնչով չի տարբերվում այլ ավտոկեֆալ եկեղեցիների առաջնորդներից, սակայն նա կարող էր, գոնե իր հեղինակությամբ, փորձեր կատարել ուղղափառ աշխարհում Հռոմի պապի դեր: Սակայն Թուրքիայի իշխանություններից նրա առանձնահատուկ կախվածության պայմաններում դա իրեն չի հաջողվում:

Ինչևիցե, Արևմուտքում փորձում են ամեն ինչ անել, որ ուղղափառ աշխարհում տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ի դերը մաքսիմալ մեծացնել՝ որպես հակակշիռ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքի:

Հենց այդ պատճառով Արևմուտքում փաստացի աջակցեցին Ուկրիանայի նախկին նախագահ Պորոշենկոյի ջանքերը՝ անջատել Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Մոսկվայից:

Ավելին, Պորոշենկոյի իշխանությունը ոչ միայն ստացավ դրա համար լեգիտիմությունը տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ից, այլև սկսեց հալածել այն եկեղեցականներին, ովքեր հրաժարվեցին միանալ այդ արշավին:

Հետաքրքիր է, որ Պորոշենկոյի այս քայլը դատապարտեց մնացած ուղղափառ ավտոկեֆալ եկեղեցիների մեծ մասը, այդ թվում նաև Վրաց եկեղեցին:

2023 թվականի մարտին Իլյա II-ը նամակ գրեց Տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ին՝ արտահայտելով «մեծ հոգեկան ցավ» ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ և մտահոգություն այն մասին, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին, որը ենթակա է Մոսկվայի պատրիարքարանին և չի ճանաչվում Բարթողոմեոսի կողմից, չի կարող օգտագործել Կիևի Պեչերսկի Լավրան։

Այս նամակից հետո, Արևմուտքում Իլիա Երկրորդին սկսեցին դիտարկել, որպես «ռուսամետ» կաթողիկոս, ով փաստացի աջակցում է Մոսկվային, այլ ոչ թե՝ Արևմուտքին:

Իսկ անցած տարվա նոյեմբերին, երբ Վրաց ուղղափառ եկեղեցին հայտարարությամբ հանդես եկավ, որը ստորագրել էր Իլյա II-ը, որում շնորհավորում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, դրանից հետո, Արևմուտքում որոշեցին ավելի ուժգնացնել մեծ արշավը Վրաց եկեղեցու դեմ:

Ինչպես միշտ, որպես գործիք պիտի օգտագործվեր Էրդողանի ազդեցության տակ գտնվող տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ն:

Եվ ահա, այս տարվա հոկտեմբերին փողոցային բողոքի շարժման ժամանակ արդեն խաղի մեջ էին մտցրել երեք վարդապետների՝ Դորոֆեյին (Կուրաշվիլի), Շիոյին (Կվարացխելիա) և Իլյային (Տոլորայա):

Սրանք արդեն սկսել են հայտարարել, թե իբր Վրաց եկեղեցին ամբողջովին կախված է Մոսկվայից և այդ պատճառով է աջակցում Իվանիշվիլու իշխանությանը:

Նրանց իրական նպատակն է ամեն կերպ վարկաբեկել եկեցեղին վրաց հանրության մոտ, քանի որ այդ կառույցն ունի ժողովուրդի մեջ մեծ հեղինակություն:

Իսկ այն, որ այսօրվա վրաց եկեղեցին փորձում է կապ պահել Ռուս ուղղափառ եկեղեցու հետ, բացատրվում է շատ պարզ ձևով:

Ըստ վրաց հոգևորականների՝ Վրաստանն այսօր ունի զարգացման երեք ուղղություն. դեպի մահմեդական Թուրքիա, դեպի ուղղափառ Ռուսաստան, կամ էլ՝ դեպի անհավատ Եվրոպա:

Թուրքիան, ըստ նրանց, բացառվում է և՛ կրոնական, և՛ մշակույթային, և՛ անվտանգային պատճառով:

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացան Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների պատճառով: Իսկ Եվրոպան Վրաստանին առաջարկում է սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչների շահերի ակտիվ պաշտպանություն և նրանց մեծ տեղ տալը՝ հանրային կյանքում:

Մինչդեռ, 2013 թվականին Իլյա II-ը համասեռամոլությունը անվանեց «հիվանդություն» և համեմատեց այն թմրամոլության հետ։ Որից հետո կոչ արեց թույլ չտալ, որ համառեռամոլները իրավունք ստանան հանրային վայրերում հանրահավաքներ կազմակերպել:

Իլիայի այս կոչը խիստ դատապարտեցին եվրոպական կառույցները: Մինչդեռ նույնիսկ այսօրվա Վրաստանի ընդդիմության շրջանակները ռիսկ չեն անում հրապարակավ աջակցել համասեռամոլների շահերը:

Այս տեսանկյունից, Վրաստանի ուղղափառ եկեղեցին, աջակցելով ավանդական արժեքները, ավելի հարում է Մոսկվային, քան՝ Արևմուտքին: Եվ հենց այդ հանգամանքն էլ նյարդայնացնում է, թե՛ Արևմուտքին, և թե՛ այսօրվա Վրաստանի ընդդիմադիր շրջանակներին:

Հասկանալի պատճառով, վրացի ընդդիմադիրները դեռ բաց պատերազմ չեն հայտարարում, ինչպես որ դա անում է Նիկոլ Փաշինյանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ:

Պատճառը պարզ է. Իլիա Երկրորդն ունի մեծ հեղինակություն: Սակայն նա 92 տարեկան է, և բոլոր կողմերը պատրաստվում են այն ժամին, երբ նա կմահանա:

Այսօր, նրա փաստացի Պատրիարքական տեղապահն է դարձել Մետրոպոլիտ Շիոն:

Վերջինիս դեմ արդեն սկսվել է մեծ արշավ, որին համարում են նույնիսկ «Մոսկվայի դրածո»:

Այս արշավի գլխավոր նպատակն է՝ օգտագործելով վրացիների շրջանում տարածված հակառուսական տրամադրությունները, վարկաբեկել Վրաց եկեղեցին:

Իսկ Իլիա Երկրորդի մահից հետո այն տրոհել, և եկեղեցու մեծ մասը մտցնել տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ի ազդեցության տակ:

Այսինքն, Վրաստանի հոգևոր կյանքը մտցնել մի մարդու ազդեցության տակ, ով իր կարգավիճակով ունի Թուրքիայի զինված ուժերի սպայի կոչում:

Եթե այս ամենը զուգորդենք Նիկոլ Փաշինյանի արշավի հետ, որը նույնպես ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու պառակտմանը, և նույնպես այս ամենի պատվիրատուն նույն թուրքական իշխանություններն են, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը