Աշխարհ

06.05.2009 17:42


Ինքնավարություն, թե՞...

Ինքնավարություն, թե՞...

Ջավախքը որպես հայկական տարածաշրջան, տարբեր աղբյուրներում հիշատակվում է դեռևս վաղ ժամանակաշրջաններից, և պատահական չէ, որ այստեղ ամենուր՝ թե՛ փլատակված, թե՛ կանգուն մնացած կառույցներն ակնհայտորեն հիշեցնում են հայկական դարավոր պատմամշակութային արժեքների մասին: Պատմությունը վկայում է, որ մեր ժողովրդի նախնիներն այս տարածքում ապրել են անհիշելի ժամանակներից, և սա անհերքելի փաստ:

Մինչև 11-րդ դար Ջավախքը եղել է Հայաստանի բաղկացուցիչ և անբաժանելի մասերից մեկը: Հենց այդ տարիներին թուրք-սելջուկյան ասպատակություններից հայկական շատ տարածքներ, այս թվում և Ջավախքը, համաշխարհային վայրագ ուժերի համար կռվախնձոր էր դարձել: Սկսած 13-րդ դարից մինչև 16-րդ դար՝ Ջավախքը Թմկա անառիկ կենտրոնով, եղել է գրեթե անկախ հայկական իշխանապետություն՝ Սամցխե Սաաթաբագոյություն (իշխանապետություն) անվանմամբ: Հետագայում՝ 16-19-րդ դարերում, այն եղել է Օսմանյան Թուրքիայի լծի տակ, իսկ մեկ հարյուրամյակ մնալով Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ՝ 1921թ. միացվել է Խորհրդային Վրաստանին...

Ներկայումս տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազգուրացությունը, մորթապաշտությունը, ներքին հրահանգներին կամակատար ենթարկվելը դարձել է հպարտություն, իսկ ազգասիրությունը, ազգային արժանապատվությունը, ազգային լեզվի և մշակութային ազնիվ ծառայությունը դարձել է ամոթի ու նսեմության քավության նոխազ: Պարզ է, որ նման սցենարները պատահական չեն, այլ՝ նախապես կազմված ու վերամշակված գործողություններ, որոնք հեղինակային ներքին հրահանգներով իրականացվում են տեղական դրածո իշխանավորների ձեռքով և կամքով՝ պետանվտանգության ծառայությունների և այլոց հսկողության տակ:

Խորհրդային կարգերի փլուզումից մինչև մեր օրերը, տարածաշրջանում տնտեսական և ազգային կրթամշակութային զարգացման ծրագրերի քողի տակ, տարեցտարի ավերվում ու կործանվում են՝ թե՛ տնտեսական և թե՛ հոգևոր ու կրթական արժեքները: Հերթը հասել է նաև նրան, որ արդեն պետականորեն հարձակում է սկսվել հայկական հայալեզու դպրոցների վերացման, դրանց վրացերենով փոխարինմանը, ինչի դեմ միահամուռ պայքար չկա...

Ոչ հեռավոր 90-ականները վերհիշելու դեպքում, խնդրի առնչությամբ առավել ամբողջական պատկերացում կարելի է կազմել: 1995 թ. օգոստոսի 24-ին ընդունվեց Վրաստանի Սահմանադրությունը, որում սակայն երկրի կառուցվածի մասին հատվածը չամբողջացվեց. պատճառը պարզ էր՝ դեռևս չէր կարգավորվել հարաբերությունները Աբխազիայի, Աջարիայի և Օսեթիայի հետ:

Արհեստական, ոչ էթնիկ հողի վրա, կատարվեց Վրաստանի նահանգային բաժանումը՝ 1994թ. հուլիսի 31-ի նախագահական թիվ 237 հրամանագրով ստեղծվեց Սամցխե-Ջավախեթի նահանգը: Վրաստանը բաժանվեց 11 նահանգների, որոնք այդպես էլ իրավաբանական ձևակերպումներ չստացան, փոխարենն արհեստականորեն միացվեց Բորժոմի շրջանը, դուրս թողնվեց հայաբնակ Ծալկան: Նպատակը հետևյալն էր՝ տարալուծելով վրացական շրջանների մեջ, ժամանակի ընթացքում փոխել տարածաշրջանի էթնիկ կազմը, որի արդյունքում Ջավախքը կդառնար ոչ թե ազգային ինքնավարություն, այլ՝ խառը բնակչությամբ սովորական վրացական նահանգ:

Ասվածն ի նկատի ունենալով, և, կարծես թե, այս հիմնախնդիրների լուծմանը հասնելու այլ ճանապարհ չունենալով՝ Ջավախքի գոյատևումը պետք է փնտրել տարածքային, տնտեսական, ազգային, քաղաքական ինքնավարության մեջ: Իսկ թե որքանո՞վ կիրագործվի այս գաղափարը, մանավանդ Հարավային Օսեթիայում վերջերս կատարված դեպքերից հետո, կասկածելի է: Սակայն պետք է փաստել, որ միայն այս ճանապարհով կարելի է փրկել տարածաշրջանի քայքայումն ու կործանումը, քանի որ տարիներ շարունակ ջավախահային հուզող խնդիրներն այդպես էլ անուշադրության են մատնված...

Ջավախքին ազգային ինքնավարության տրամադրումը, որը վերջին քսան տարիների ընթացքում ցավոտ է ընկալվում իշխանությունների կողմից, ինքնանպատակ չէ. այն ջավախահային թույլ կտա ավելի արդյունավետ ինտեգրվել և մասնակցել երկրի տնտեսական զարգացմանն ու հասարակական, քաղաքական կյանքին, ժողովրդավարական պետության կայացմանը:

Տեղական տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների վկայմամբ, ջավախահայերի ինքնավարության պահանջն անջատողականություն չէ, այլ նրա ազատ կամքի արտահայտությունը, որի իրավունքը նա վաստակել է Վրաստանի անկախության վերականգնումից առ այսօր՝ իրեն պահելով որպես այս երկրի օրինապահ քաղաքացի: Ջավախքի հայկական հասարակական կազմակեր­պու­թյուն­ների խորհրդի քաղաքական հայտարարությունն անդրադառնալով այս խնդրին, հետևյալ կարծիքն է արտահայտում. «Ինքնավարության տրամադրումը Ջավախքին, չի հակասի Վրաստանի պետության շահերին, այլ, ընդհակառակը, տարածաշրջանում կստեղծի ազգամիջյան հանդուրժողականության մթնոլորտ: Այդ քայլով պետությունը երաշխավորում է իր տարածքում ապրող բոլոր ազգերի անվտանգությունը. այն օրինակ կծառայի վերականգնելու Վրաստանի տարածքային ամբողջականությունը»: Պարզվում է՝ այս պահանջով կազմակերպությունը դիմել է երկրի նախագահին, վարչապետին, խորհրդարանին, սակայն ամենուր եղել է անտարբեր կեցվածք ու քար լռություն, փոխարենը միայն հիշեցվել է, որ երկրի կառավարությունը մշակում է Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր...

Տեղի հասարակական-քաղաքական որոշ կազմակերպություններ, մասնավորապես, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, բազմիցս է հանդես եկել ինքնավարության պահանջ արտահայտող հայտարարություններով, որոնցում սակայն նշվել է, թե դա չպետք է դիտվի որպես ձուլման խորհրդանիշ և ոչ էլ որակվի որպես անջատողականության միտում:

Թեև նկատի ունենալով ինքնավարություն պահանջած որոշ երկրների ազգային փոքրամասնություններին բաժին ընկած ցավագին ճակատագիրը, հիշյալ խորհուրդը կողմ է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի տարածաշրջանների ինքնավարությանը, քանզի տարիներ շարունակ ջավախահայի հիմնախնդիրներն ու բարձրաձայնած մտահոգությունները, կոպիտ ասած, մի գրոշի արժեք չեն ունեցել կենտրոնական իշխանությունների համար:

Վ. Արաբյան

ԱԽԱԼՔԱԼԱՔ, 30 ԱՊՐԻԼԻ, Ա-ԻՆՖՈ

Այս խորագրի վերջին նյութերը