Կարծիք

28.12.2011 19:09


Ժողովուրդն աղքատ է, բայց արդեն կողմնորոշվել է

Ժողովուրդն աղքատ է, բայց արդեն կողմնորոշվել է

Հասարակական կարծիքի հետազոտությունները, անկախ տնտեսագետների վերլուծությունները եւ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը վկայում են, որ աղքատության ցուցանիշը կտրուկ աճել է: Սա մեր երկրի «կառավարության» հերթական ձեռքբերումներից մեկն է: Իհարկե, այն դժվար է համեմատել «երեք շի ձեթ» ծրագրի հետ, բայց նույնպես կարող ենք ներառել «նվաճումների» մեջ: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ էկոնոմիկայի նախարարը, հպարտությամբ շեշտելով աղքատների թվի աճ, նշում է (այն էլ մեծ վստահությամբ), որ աղքատների թիվն աճել է բացառապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով: Միայն այս հայտարարությունը բավական էր, որ այս նախարարը պաշտոնանկ արվի, բայց ո՞վ պետք է նրան պաշտոնանկ անի` Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, որոնք նույնպես այսպես են մտածում:

Ստացվում է, որ եկել է ժամանակը, որ նրանք թիմով հեռանան, իրենց տեղը զիջելով նրանց, ովքեր իրենց սխալները չեն բարդի ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամների վրա: Մի հետաքրքիր դիտարկում եւս. նույն Տիգրան Դավթյանը օրերս հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունն ամենասերտ առնչությունն ունի Ռուսաստանի հետ, եւ քանի որ Ռուսաստանում ամեն ինչ կարգին է, ապա մեզ այլեւս ոչինչ չի սպառնում: Ամենայն հավանականությամբ, Դավթյանը  Ռուսաստանի տնտեսության մասին պատկերացում ունի այնտեղից վերադարձող խոպանչի իր ծանոթների պատմածներից: Իսկ եթե նա իրեն թույլ տա ծանոթանալ տնտեսագետների եւ նույնիսկ ՌԴ կառավարության անդամների գնահատականներին, ապա կտեղականա, որ Ռուսաստանի տնտեսությանը բավական դժվար երկու տարիներ են սպասվում: Համաձայնեք, որ նման իշխանություն ունենալը մեր երկրի համար իսկական աղետ է: Հիմա ինչպես չհիշենք կառավարության ղեկավարի եւ նախարարների  հայտարարություններն այն մասին, թե համաշխարհային ճգնաժամը մեզ չի սպառնում:

Անակնկալ չես համար, որ նման կառավարություն ունենալու պայմաններում ժողովրդի 58 տոկոսը համարում է, որ անցած տարվա համեմատ իր նյութական վիճակը վատացել է: Կարելի է անակնկալ համարել այն, որ նման պատասխան է տվել հարցման մասնակիցների ոչ թե 85 այլ 58 տոկոսը: Ամենայն հավանականությամբ մի մեծ խումբ հարցվածներ պարզապես ամաչել են նշել, թե իրականում ինչպիսի պայմաններում են հայտնվել:

Ժողովուրդի ճնշող մեծամասնությունը կտրուկ փոփոխությունների է սպասում: Այդ փոփոխությունները ժողովուրդը կապում է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Անկախ սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս,. որ եթե ժողովրդի սպասելիքները չարդարանան եւ հերթական ընտրակեղծիքն արձանագրվի, ապա արտագաղթի տեմպերը կտրուկ աճելու են:

Մենք ամեն ինչ պետք է անենք լիբիական սցենարից խուսափելու համար, բայց միաժամանակ ամեն ինչ պետք է անենք, որ արդար եւ ազատ ընտրությունների միջոցով նոր խորհրդարան, իսկ հետո նաեւ կառավարություն ձեւավորվի: Մենք այլընտրանք չունենք, քանի որ այլընտրանքը կործանումն է:

Արդեն արվել է առաջին քայլը: Առողջ քաղաքական ուժերն առաջարկում են փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում եւ ամբողջովին անցնել համամասնական ընտրակարգի: Հանրապետականները, իսկ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը, լռում է կամ էլ իր կամակատարների շուրթերով դեմ արտահայտվում անհրաժեշտ փոփոխությանը:

Գաղտնիք չէ, որ մեծամասնական ընտրատեղամասերը թույլ են տալիս առավել հեշտությամբ իրականացնել ընտրակեղծիքները` ներգրավելով ընտրակեղծարարության մասնագետներին եւ փողոցային խուժանին:

Վարչախմբին տխրեցնում է նաեւ այն փաստը, որ ժողովրդի, իսկ ավելի ճիշտ ընտրելու իրավունք ունեցողների առնվազն 77 տոկոսը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Հայտնի է, որ որքան ակտիվ են ընտրողները, այնքան ավելի է դժվարանում ընտրակեղծարարների գործը:

Մենք այս տարվա վերջին կարող ենք միանշանակ արձանագրել, որ Սերժ Սարգսյանի թիմն արդեն իսկ պարտված է: Նրանք ժամանակից շուտ մոտեցան վազքուղուն եւ մինչեւ մրցավարի կրակոցը սկսեցին իրենց վազքը եւ հայտնվեցին խաղից դուրս վիճակում: Նրանք այնքան կոպիտ սխալներ թույլ տվեցին, այնպիսի կոպիտ վրիպումներ արձանագրեցին, որ եթե նույնիսկ զրոյից բարձր վարկանիշ էլ ունենային, ապա այն ամբողջովին կփոշիանար:

Հիմա Սերժ Սարգսյանի կուսակցության վարկանիշը ավելի քան ցածր է: Իսկ անկախ հարցումներն էլ վկայում են, որ արդար եւ ազատ ընտրությունների դեպքում Սերժ ու Տիգրան Սարգսյանների գլխավորած ՀՀԿ-ն կհավաքի շատ ցածր տոկոսներ: Եւ եթե անկեղծ լինենք, ապա Հայաստանի համար մեծագույն հաղթանակ կլինի, եթե այդ կուսակցությունն ընդհանրապես դուրս մնա խորհրդարանից, քանի որ լսելով նրա կարկառուն ներկայացուցիչների ելույթներն ու հայտարարությունները, մեկ անգամ եւս համոզվում ես, որ նրանք որեւէ հետեւություն չեն արել եւ պատրաստվում են անել այն, ինչ արել են մինչ օրս:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը