Կարծիք

29.10.2025 14:15


Հանրային քննարկումը ևս մեկ անգամ դիմակազերծեց ՔՊ-ի և Արամ Զավենիչի թեկնածուներին

Հանրային քննարկումը ևս մեկ անգամ դիմակազերծեց ՔՊ-ի և Արամ Զավենիչի թեկնածուներին

Անցած կիրակի Հանրային հեռուստաընկերությամբ անցկացվեցին հանրային քննարկումներ՝ կապված Վաղարշապատի գալիք ընտրությունների հետ:

Ընտրարշավին մասնակցում են ութ ուժ, բայց նրանցից երեք ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Մայր Հայաստանը», հրաժարվեցին մասնակցել այդ քննարկմանը այն պատճառով, որ նման ֆորմատներով կարելի է գեղեցիկ շուներ կազմակերպել, սակայն դժվար է լուրջ քննարկում անցկացնել համայնքի խնդիրների լուծման շուրջ, և դա հեռուստատեսության մեղքը չէ:

Պարզապես միանգամից ութ թեկնածու պիտի ավելի շատ իրար վրա ընտրական վարկանիշներ հավաքեն, այլ ոչ թե խոսեն բուն գործից:

Իսկ բուն խնդիրների շուրջ օրեր առաջ ՔՊ-ի թեկնածուին առաջարկել էր բանավիճել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանը, ով համայնք ղեկավարելու մեծ փորձ ունի և առաջարկում էր Արգիշտի Մեխակյանին այս հարցում դեմ դիմաց բանավիճել:

Սակայն վերջինս անտեսել էր այդ առաջարկը և փոխարենը խիզախորեն հայտարարեց, որ հեռուստատեսության տաղավարում, որտեղ պիտի հավաքվեին ութ թեկնածու պատրաստ էր բանավիճել Կարապետյանի հետ:

Փաստորեն, Մեխակյանը վախեցավ դեմ առ դեմ բանավեճից և գերադասեց Կարապետյանի հետ խոսել այլ թեկնածուների հետ միասին:

Հավանաբար, նրան այս հարցում պիտի աջակցեր, «իրենից ավելի նիկոլական» հայտով հանդես եկող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը, ով ամենուրեք բոլորի վրա կեղտ գցելով, փորձում է գործ տալ Մեխակյանի մրցակիցների վրա, հասկանալով, որ դա է իր գլխավոր առաքելությունը այս ընտրություններում: Նույն այդ քննարկման ժամանակ, կասկած էր հայտնում, որ գործարարը և նախկին զինվորականը կարող են իրավունք ունենալ մասնակցելու ընտրություններին:

Սակայն, որպեսզի «խամ մարդկանց» մոտ որձակի կերպար ստանա, նույնիսկ ձևական մեղադրանքներով է հանդես գալիս նաև ՔՊ-ի թեկծուի հասցեին, փորձելով ցույց տալ Փաշինյանին, որ ինքը կարող է «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ» լինել:

Սակայն հետաքրքիր է, որ Վազգենի գործն ուրացողի ներկայացուցիչը մեղադրում էր մյուս՝ հորը ուրացողին՝ Մեխակյանին, թե վերջինս քաղաքական գնահատական չի տալիս Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործնեությանը:

Սրանց փարիսեցիական մոտեցումը պարզապես ապշեցնող է, քանզի Արամ Զավենիչի ներկայացուցիչը, քծնելով Փաշինյանին, միաժամանակ, պահանջում է ՔՊ-ի թեկծուից քաղաքական գնահատական տալ նախկին ՔՊ-ական Դիանա Գասպարյանի գործնեությանը, չհասկանալով, որ դրա արդյունքում ՔՊ-ն պիտի այդ քաղաքական գնահատականի թիրախում լինի: Սրանց մոտ, փաստորեն փարիսեցիությունը զուգորդվում է քաղաքական անգրագիտության հետ:

Ինչ վերաբերվում է Մեխակյանին, ապա նրա պատասխանը, այս հարցի վերաբերյալ պակաս ծիծաղելի չէ:

Նա միաժամանակ հանդես է գալիս ՔՊ-ի դրոշի տակ և հայտարարում, որ նախկին ՔՊ-ականների գործերի համար պատասխանատվություն չի կրում:

«Ես միայն իմ գործնեության համար եմ պատասխանատու»,- հայտարարում է նա, չգիտակցելով, որ դրանով հայտնվում է ծիծաղելի վիճակում: Քանզի այս ընտրությունն անձերի մեջ ընտրություն չէ, այլ քաղաքական ուժերի ընտրություն է և ուրեմն նա, ներկայացնելով ՔՊ-ն, պիտի պատասխանատվություն կրի նաև համայնքի այս յոթ տարվա ՔՊ-ական կառավարման համար նույնպես:

Այս ամենը ցույց է տալիս այս իշխանությունների միաժամանակ և՛ անազնվությունը, և՛ անգրագիտությունը, և՛ իրենց գաղափարներն ուրանալու հատկությունը:

Հ1-ի այս քննարկմանը այս ամենը ևս մեկ անգամ տեսանելի դարձավ և այդ իմաստով հեռուստատեսությունն իսկապես մեծ գործ կատարեց՝ հանրության ճիշտ կողմնորոշվելուն նպաստելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը