Կարծիք

16.10.2025 20:40


Թուրքիայում կարծում են, որ Փաշինյանի վրա պիտի էլ ավելի ճնշել՝ էլ ավելի շատ զիջումներ ստանալու համար Զանգեզուրի հարցում

Թուրքիայում կարծում են, որ Փաշինյանի վրա պիտի էլ ավելի ճնշել՝ էլ ավելի շատ զիջումներ ստանալու համար Զանգեզուրի հարցում

Թվում էր, թե օգոստոսի 8-ին կնքված փասթաթուղթը այն երազանքն էր, որ ունեին Բաքուն և Անկարան: Սակայն պարզվում է, որ Թուրքիային դա էլ բավարար չէ: Այստեղ կարծում են, որ Փաշինյանի վրա էլ ավելի պիտի ճնշել՝ էլ ավելի մեծ զիջումներ ստանալու համար:

Իհարկե, Թրամփի ծրագիրը մեծ ոգևորություն էր արաջացրել Թուրքիայում: Սակայն այստեղ առաջ է եկել մեկ այլ կարծիք, եթե Փաշինյանը գնացել է նման զիջումների, նշանակում է՝ նա ամեն գնով փորձում է ազատվել Մոսկվայի ազդեցությունից, վախենալով, որ վերջինս նրան կզրկի իշխանությունից գալիք խորհրդարանական ընտրություններում՝ աջակցելով իր ոչ իշխանական ուժերին:

Ըստ այդ շրջանակների, Փաշինյանն այսօր, գրեթե 100 տոկոսով, գտնվում է Էրդողանի գրպանում և պիտի ամեն ինչ անել, որպեսզի գրպանում գտնվող այդ անձից մինչև ընտրությունները ստանան հնարավորինս մեծ զիջումներ:

Մասնավորապես, կան շրջանակներ, ովքեր կարծում են, որ Թրամփի ծրագրից ավելի շատ կօգտվի ոչ թե Թուրքիան, այլ՝ Իսրայելը:

Օրինակ, Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովակալ Ջեմ Գյուրդենիզը քննադատել է լայնորեն հրապարակված Թրամփի այս նախաձեռնությունը:

Նրա կասկածամտությունը նախագծի նկատմամբ առավել կարևոր է, քանի որ Գյուրդենիզը համարվում է «Կապույտ հայրենիք» հայեցակարգի հիմնադիրը և դրա հետ մեկտեղ՝ նախագահ Էրդողանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության ռազմավարության ոգեշնչման աղբյուրը։

Ի տարբերություն Զանգեզուրի ճանապարհի՝ որպես «թուրքական աշխարհի» ամրապնդման համար նախատեսված «Թուրանական միջանցքի» Թուրքիայում տարածված մեկնաբանության, Գյուրդենիզը, ընդհակառակը, այն դիտարկում է որպես ամերիկա-իսրայելական աշխարհաքաղաքականության գործիք Անդրկովկասում։

Թուրք ծովակալի կարծիքով, օգտագործելով Փաշինյանի վախերը Պուտինից և նրա կախվածության աստիճանից Էրդողանից, Վաշինգտոնին հաջողվել է Փաշինյանի վախերը կապիտալիզացնել ի օգուտ, ոչ թե Թուրքիայի, այլ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի:

Գյուրդենիզի խոսքով՝ Վաշինգտոնի համար սա հնարավորություն է հենարան ձեռք բերելու այն տարածքում, որը Ռուսաստանը ավանդաբար համարել է իր «բուֆերային տարածքը» և Իրանի վրա ազդելու միջոց: Իսրայելի համար դա լրացուցիչ էներգետիկ և ռազմական լծակներ ձեռք բերելու միջոց է՝ Ադրբեջանի հետ շփումների միջոցով:

Բաքուն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների մինչև 60%-ը և մասնակցում է նրա ծովային հարթակների ֆինանսավորմանը: Այս սցենարի համաձայն՝ Զանգեզուրը դառնում է տրանսպորտային և էներգետիկ միջանցք, որը ինտեգրված է հիմնականում ամերիկա-իսրայելական, այլ ոչ թե թուրքական շահերի համակարգի մեջ:

Այս ամենի արդյունքում, նշում է թուրք ծովակալը, Անկարան հայտնվում է երկիմաստ իրավիճակում։ Մի կողմից՝ թուրք ռազմավարագետները պատմականորեն Զանգեզուրը համարել են Կասպից ծով և դրանից այն կողմ՝ թյուրքական աշխարհ տանող ճանապարհ։ Մյուս կողմից, միջանցքի փաստացի վերահսկողությունը, որը հանձնվել է Միացյալ Նահանգներին, նշանակում է, որ Թուրքիան ներքաշվում է մի ճարտարապետության մեջ, որի հիմնական շահառուները ԱՄՆ-ն և Իսրայելն են։

Այսպիսով, «Թուրանական միջանցքի» գաղափարը իրականացնելու փոխարեն, նշում է ծովակալը, Թուրքիան ռիսկի է դիմում դառնալու պարզապես արտաքին սցենարի և կամքի կատարող՝ հետապնդելով Ռուսաստանին և Իրանին թուլացնելու և նրանց Հարավային Կովկասից դուրս մղելու վերջնական նպատակը։

Հասկանալի է, որ թուրք գեներալին քիչ են հետաքրքրում Ռուսաստանի և Իրանի շահերը:

Պարզապես նա չի հասկանում, թե ինչու Էրդողանը չի պահանջում Փաշինյանից, որ վերջինս Զանգեզուրի միջանցքը տրամադրի, ոչ թե ԱՄՆ-ին, այլ հենց Թուրքիային:

Չէ որ Փաշինյանն ուղիղ կախված է հենց Էրդողանից, այլ ոչ թե Թրամփից, կամ Իսրայելից:

Էրդողանի կողմնակիցներն, ովքեր վիճում են ծովակալի հետ, նշում են, որ միևնույն է, այս միջանցքով ԱՄՆ-ն ու Իսրայելը ուղիղ կախվածության մեջ են հայտնվելու Թուրքիայից, քանի որ այդ միջանցքը ուղիղ սահման չի ունենալու, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ:

Ավելին, նշում են գեներալի հակադիր տեսակետ ունեցողները, այս ծրագրով Էրդողանը վերջնարդյունքում և՛ ԱՄՆ-ին, և՛ Իսրայելին իրենից կախվածության մեջ է գցում, ինչպես, որ նա իրականացրեց Սիրիայում:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Իրանի դժգոհություններին, ապա նրանք վերջնարդյունքում իրենց սլաքները կուղղեն դեպի ԱՄՆ, Իսրայել և Հայաստան:

Իսկ այդ բախումից Թուրքիան, վեր կանգնելով այդ բախումից, միայն կարող է օգտվել, եզրակացնում են Էրդողանի կողմնակիցները:

Այս դիսկուրսը ցույց է տալիս, թե ինչ արկածախնդրության մեջ է ներքաշում Փաշինյանը Հայաստանը, և պարզ է դառնում, թե ինչ գին ունի Հայաստանի անվտանգության համար Փաշինյանից ազատվելը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը