Կարծիք

13.10.2025 13:31


Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը

Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը

Պակիստանը Աֆղանստանից բնակչությամբ մեծ է՝ ավելի քան 6 անգամ: Տարածքով մեծ է՝ մոտ մեկ ու կես անգամ:

Երկուսն էլ իսլամական պետություններն են, կրոնական տարբերություն չկա, երկուսն էլ սունի իսլամի կրող երկրներ են, թեև թե՛ Պակիստանում, և թե՛ Աֆղանստանում կան նաև շիա փոքրամասնություններ:

Աֆղան մոջահեդների դեմ ԽՍՀՄ-ի պատերազմի ժամանակ հենց Պակիստանն էր դարձել խորհրդային բանակի դեմ պայքարի գլխավոր հենակետերից մեկը:

Սակայն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իրավիճակը կտրուկ փոխվեց:

Բանն այն է, որ Աֆղանստանի 40 միլիոնանոց բնակչության ուղիղ կեսը փուշթուն ցեղերն են: Հենց նրանք էլ կառավարում են երկիրը՝ իրենց բռի մեջ վերցնելով մյուս ազգային փոքրամասնություններին, մասնավորապես, տաջիկներին, որոնց քանակը այդ երկրում հասնում է մոտ 10 մլնի:

Ավելին, փուշթունները, ամերիկացիների աջակցությամբ, Պակիստանի տարածքում ձևավորեցին երիտասարդների շարժում, որն այն ժամանակ կոչվեց «Թալիբան»: Վերջինս էլ դարձավ փուշթունների գլխավոր քաղաքական ներկայացուցիչը:

Սակայն փուշթուններ ապրում էին, ոչ միայն Աֆղանստանում, այլև՝ Պակիստանի հյուսիս-արևմտյան մասում: Այսինքն, հենց Աֆղանստանի սահմանին:

Ընդ որում, Աֆղանստանում փուշթունների քանակը հասնում է մոտ 20 մլնի: Այսինքն, Աֆղանստանում, որի ողջ բնակչությունը կազմում է մոտ 40 մլն, փուշթունները, լինելով մոտ 20 մլնի չափ, կարողացել են այդ երկրում դառնալ տիտղոսային և իշխել:

Իսկ Պակիստանում նրանք շատ են ավելի քան երկու անգամ՝ մոտ 44 մլնի են հասնում, սակայն այստեղ համարվում են ազգային փոքրամասնություն:

Պակիստանի տիտղոսային ազգը փենջաբցիներն են, որոնց քանակն այդ երկրում հասնում է մինչև 110 մլնի:

Սակայն, խնդիրն այն է, որ Պակիստանի փուշթունները չեն համակերպվում իրենց փոքրամասնության կարգավիճակով և ցանկանում են միանալ իրենց եղբայրներին՝ Աֆղանստանում: Վերջինս էլ աջակցում է նրանց ցանկությունը:

Հասկանալի է, որ Պակիստանի կենտրոնական իշխանությանը դա դուր չի գալիս:

Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանը հաստատվել է դեռ 19-րդ դարի վերջում, այսպես կոչված՝ «Դուրանդի գիծ» երկայնքով:

Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանի երկարությունը մոտ 2670 կիլոմետր է։

Այն առաջացել էր երեք անգլո-աֆղանական պատերազմների արդյունքում, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիան փորձում էր ընդլայնել Բրիտանական Հնդկաստանի սահմանները: Այս գիծը 1893 թվականին Աֆղանստանի էմիր Աբդուր Ռահմանի և Հնդկաստանի գաղութային վարչակազմի պետքարտուղար սըր Մորտիմեր Դյուրանդի միջև բանակցությունների արդյունք է:

Սակայն Բրիտանական կայսրության փլուզումից հետո, երբ այս տարածքում ստեղծվեցին նոր պետություններ, Հնդակստանն ու Պակիստանը, Աֆղանստանի կառավարությունը հրաժարվեց այն ճանաչել որպես Աֆղանստանի և Պակիստանի միջև որպես պետական սահման:

Այսինքն, աֆղանցիները հույս ունեին, որ Պակիստանի այն մասը, որտեղ ապրում էին փուշթուն ցեղերը, կարող է միացվել Աֆղանստանին, որտեղ տիտղոսային ազգը հենց փուշթուններն եին:

Մանավանդ, որ դրա նախադեպը եղավ, երբ Պակիստանից անջատվեց Բանգլադեշը և հռչակվեց, որպես անկախ պետություն:

Պակիստանը, բնականաբար, դիմակայում է Աֆղանստանի այդ ծրագրերին և կատաղի պայքար է տանում իր տարածքի փուշթունների շահերը ներկայացնող տեղական «Թալիբան» շարժման դեմ:

Պակիստանի «Թալիբանն», օրգանապես կապված է Աֆղանստանում իշխող «Թալիբանի» հետ:

Աֆղանստանին այս պայքարում քողարկված ձևով աջակցում է Պակիստանի գլխավոր ախոյան՝Հնդկաստանը:

Մինչդեռ Չինաստանը, ով ուզում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ և Պակիստանի, և Աֆղանստանի հետ, փորձում է կանխել այս կոնֆլիկտի խորացումը:

Սկսած 2007 թվականից, այս կոնֆլիկտը դարձել է կանոնավոր բնույթի:

Իսկ անցյալ տարվանից, երկու երկների կոնֆլիկտը դարձել էր գրեթե ամենշաբաթյա:

Պակիստանի կառավարությունը պաշտոնապես է սկսել մեղադրել Աֆղանստանի թալիբների իշխանություններին՝ Պակիստանի «Թեհրիք-ե թալիբ» շարժմանը ապաստան տալու մեջ՝ վերջինիս աճող ապստամբության ընթացքում:

Ավելին, Աֆղանստանի կառավարությունը, Պակիստանի թալիբների հետ միասին, սկսեց աջակցել նաև Պակիստանում բելուջների աբստամբությանը, ինչը վերջանականապես հունից հանեց Իսլամաբադին:

Այս տարվա հունվարի 3-ին «Թալիբանը» գրավեց Աֆղանա-պակիստանյան սահմանին գտնվող Դուրանդ գծից 24 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարեց, որ միջադեպը պահանջում է վճռական գործողություններ՝ «Թալիբանին» մեկընդմիշտ վերացնելու համար՝ ընդգծելով այն սպառնալիքը, որը կազմակերպությունը ներկայացնում է Պակիստանի ազգային անվտանգության համար։

Այս տարվա մարտին, արդեն սկսվեցին կանոնավոր բախումներ Պակիստանի և Աֆղանստանի սահմանապահների միջև:

2025 թվականի մայիսին Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը հասավ իր գագաթնակետին։

Հունիսին, Չինաստանի միջնորդության շնորհիվ, Իսլամաբադը և Քաբուլը դեսպանատներ բացեցին միմյանց մայրաքաղաքներում: Չինաստանի մասնակցությամբ կնքված համաձայնագիրը նախատեսում էր, որ Աֆղանստանը ակտիվորեն կկանխի իր տարածքից Պակիստանի վրա զինյալների հարձակումները:

Իսկ օրեր առաջ, հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլում, Հոստում, Ջալալաբադում և Պակտիկայում՝ թիրախավորելով Նուր Վալի Մեհսուդին, ով միջազգային ճանաչում ունեցող ահաբեկիչ է համարվում և «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP) կազմակերպության ղեկավարն է։

Նուր Վալի Մեհսուդը փախել է հարձակումից և տեսանյութ է հրապրակել, որտեղ ցույց է տալիս, որ ողջ է, և խոստացել է վրեժ լուծել։

Ի պատասխան՝ Տապալական Պակիստանի թալիբները հարձակվել են Պակիստանի ոստիկանության ուսումնական դպրոցի վրա՝ սպանելով 20 պակիստանցի անվտանգության աշխատակիցների և 3 քաղաքացիական անձանց։

Ի պատասխան դրա՝ Պակիստանը գրավել է 19 աֆղանական դիրք և ոչնչացրել մի քանիսը սահմանի երկայնքով՝ Դուրանդի գիծ կոչվող հատվածում։

Երեկ, հոկտեմբերի 12-ին, Աֆղանստանում թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ պակիստանյան բանակի կողմից սպանվել է ավելի քան 20 աֆղան զինվոր։ Նա նշել է, որ 58 պակիստանցի զինվոր սպանվել է պատասխան գործողությունների արդյունքում։ Հայտարարությունները դեռևս չեն հաստատվել Պակիստանի բանակի կամ անկախ աղբյուրների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը խոստացել է «ուժեղ պատասխան» աֆղանական և պակիստանյան ուժերի բախումներին, հայտարարելով, որ Աֆղանստանը կստանա «Հնդկաստանի նման արժանի պատասխան»։

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին, անմիջապես մեկնել է Հնդկաստան, բանակցել իր հնդիկ գործնկերոջ հետ և Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ աֆղանական ուժերը «առայժմ» դադարեցրել են իրենց գործողությունները:

Ինչպիսին են միջազգային գնահատականները, և ով ինչպես է դիրքավորվել

Իրանը կոչ է անում, «զսպվածություն ցուցաբերել» շարունակվող բախումների պայմաններում: Թեհրանը փորձում է չեզոքություն պահպանել այս կոնֆլիկտում:

Սաուդյան Արաբիան նույնանման դիրքորոշմամբ է հանդես եկել, նշելով, որ «...Թագավորությունը կոչ է անում զսպվածության, խուսափելու սրացումից, ընդունելու երկխոսությունն ու իմաստությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և անվտանգության ու կայունության պահպանմանը նպաստելու համար...»:

Նույնանման դիրքորոշմամբ է հանդես եկել նաև Քաթարը:

Չինաստանը նույնպես փորձում է միջնորդության իր ջանքերով հանդարտեցնել կոնֆլիկտը:

Հնդակստանը ակնհայտորեն Աֆղանստանի կողմն է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ Պակիստանի:

Մինչ այս կոնֆլիկտի սկսելը, իրանական և ռուսական որոշ լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, թե իբր Թուրքիան մտադիր էր Պակիստանից մոտ 5 հազար փենջաբցի գրոհայիններ տեղափոխել Ադրբեջան: Ընդ որում, նշվում էր նաև ամեն մի պակիստանցու համար 1500 դոլարի աշխատավարձի չափի մասին:

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Անդրեյ Սերենկոն, նույնիսկ նշում էր, թե իբր Թուրքիան մտահոգված էր Ռուսաստանի կողմից «Թալիբան» շարժման ճանաչմամբ, քանի որ Մոսկվան փորձում էր այդ քայլով կանխել պակիստանցի վարձկանների տեղափոխումը Ադրբեջան: Թե ինչքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, հայտնի կդառնա ոչ հեռու ապագայում: Նշենք, որ այս աֆղանա-պակիստանյան կոնֆլիկտում, Ռուսաստանը նույնպես փորձելու է, գոնե հրապարակավ, չեզոքություն պահպանել, սակայն ավելի շատ հարում է Աֆղանստանի կողմ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տեսակետ չի կարող ունենալ, որպեսզի, հավանաբար չզայրացնի Էրդողանին: Չէ՞ որ նրանից է կախված Փաշինյանի իշխանության ապագան՝ կապված գալիք ընտրությունների գործոնի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը