ԲՀԿ-ն համաձայն է համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելուն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը zham.am-ի հետ զրույցում հաստատել է իրենց կուսակցության համաձայնությունը համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցում:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում ֆիքսված է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցումը: Ընդամենը վերջերս կրկին լրամշակված Ընտրական օրենսգիրքը, գիտեք, որ կոալիցիոն քաղաքական ուժերի միջեւ կոնսեսուսի արդյունք էր, եւ այս փուլում լրամշակմանը մասնակից քաղաքական ուժերը գտան նպատակահարմար պահպանել գործող համամասնությունը։ Միանշանակ է, որ մենք պետք է ունենանք քաղաքական եւ քաղաքակիրթ խորհրդարան: Նկատի ունեմ խորհրդարան, որտեղ կլինեն քաղաքական մտածողություն եւ քաղաքական մոտիվացիաներ ունեցող ուժեր, գործիչներ, եւ որտեղ մեծ կլինի քաղաքական կուսակցությունների դերը: Մեկ բան հստակ է` քարոզարշավից մինչեւ խորհրդարանական գործունեություն` բոլոր բանավեճերը, քննարկումները, տեսակետների արտահայտումը պետք է ընթանան բացառապես օրակարգային, քաղաքական թեմաների շուրջ, եւ չկրեն անձնական բնույթ։ Իսկ դրա համար, կրկնում եմ, խորհրդարանը պետք է լինի բացառապես քաղաքական մարմին, որտեղ հիմնական դերակատարները պետք է լինեն քաղաքական ուժերը: Եւ այս առումով մենք ուշադրությամբ հետեւում ենք վերջին շրջանում մամուլում տարբեր քաղաքագետների, քաղաքական ուժերի ծավալած քննարկումներին, որոնք վերաբերում են մեծամասնական ընտրատեղերի էական նվազեցմանն ու համամասնականի մեծացմանը: Բնականաբար, տեղյակ ենք նաեւ այսօր քաղաքական մի քանի ուժի հրապարակած տեսակետին, եւ ԲՀԿ-ն պատրաստ է ամենայն լրջությամբ եւ խորությամբ քննարկել այդ հարցը»,-պարզաբանել է նա:
ԲՀԿ-ն համաձայն է համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելուն